ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ
Փոշեպատ հուշարձանների քաղաքում
Աղիքային վարակի եղանակն է հիմա:
Թաղման համրընթաց թափորը
Անղողանջ ու անմեղեդի շքերթ է տարանցիկ:
Այստեղ՝
Քաղաքի ծաղկատար մայթին,
Բոլոր ուղեվորներն են, բոլոր ուղեղները և բոլոր սրտերը:
Այստեղ բոլոր արգանդներն են՝
Անախորժակ կենակցության սաղմով բեղմնավոր.
Եվ բոլոր համբույրներն են
Լքված լուսամուտների գոգին թոշնող թաղարներում:
Այստեղ աչքերն են ցամաք ջրհորների վրա հակած,
Եվ բառերն են ավերակի սրբատաշ սալիկների նման համր,
Եվ թաղման թափորը փողոցում մեղեդի է անղողանջ:
•
Նրան թվացել էր միշտ,
Թէ հենց այսօր և հենց այստեղ հանդիպելու է իրեն,անկասկած...
Որ գծերի և գույների ճապաղ պղտորության մեջ
Տեսնելու է, վերջապես, իր դիմագիծը,
Պարզ, ինչպես լուսամուտի գոգին բուրող ծաղկաման,
Որ լսելու է իր ձայնը,
Հնչեղ
Ինչպես ճնճղուկի ճռվողյունը վաղորդյան ճյուղին...
Թանձր թանաք է ինքնը
Նախաստեղծ
Եվ դեռ անանուն բույսերից թորած,
Որ գտնելու է այստեղ
Ոսկեդեղին մագաղաթի իր թերթը:
Ժայռաբեկոր է կարծր,
Որ պիտի տրվի իր քանդակողի ցավածին ու ցնծուն հարվածներին,
Սափոր է՝ այլ ժամանակում, այլ մատներով հունցված,
Եվ այլ կրակով թրծված,
Որ պիտի պեղվի հենց այսօր և հենց այստեղ,
Գինեբույր այս հողի ընդերքից...
Նրան երազվել էր,
Որ կանգնելու է մի օր այս դղյակի փակ դարպասների ներքո
Եվ գոչելու է ցնծուն ու ահեղաձայն.
-Ահավասի՛կ, այն դարպասը,
Որը բախելու համար ես աշխարհ եկա:
Այս բոլորը հաստատ պիտի լիներ այսպես:
•
Նա անակնկալն էր և անխուսաելին,
Նա պատահականն էր և օրինաչափը,
Նա աստվածներից խոստացված ծնուննդն էր
Եվ աստվածներին խոստացված զոհը միաժամանակ:
Եվ այս բոլորը հաստատ պիտի լիներ այսպես:
•
Բայց և մեկը
Կրկնվող մղձավանջի պես դավադիր,
Կրկնվող մղձավանջի պես համառ
Անելարան վիհի ամենամութ խորքից
Նրա ականջն ի վար
Ճչացել էր միշտ.
-Չէ՛, այսպես չի լինում , այն ինչ պիտի լինի,
-Չէ՛, այսպես չի լինում...
-Եվ այլ կերպ էլ, ավա՜ղ, երևի չի լինում:
-Չէ՛, լեռներն ու աստվածնեն այսպես չեն ծնվում
Փոշիացող լեռների, հալչող սառցադաշտերի և թեժ տեղումների
եղանակն է հիմա...
•
Եվ ամենադժվարը
Մոլոր մենությունները միմյանց սոսնձելն է.
Այս բորոտանեխ ցնցոտին պատռվածք է տալիս
Ամեն պաահական ցնցումից:
Վտարանդիների հավիտենակն ճամբարներում, վրանների կատարին
Կարեկցանքի խաչադրոշմ դրոշներ են փողփողում:
Ականապատ հերկեը անախորժակ ու ախտակիր սաղմերով են բեղմնավոր:
Եվ ամենադժվարը
Շվար ու մոլոր մենությունները միմյանց սոսնձելն է
Մի տաք ու համապարփակ համբույրով:
•
Այնուամենայնիվ
Կանգնի՛ր հոգնածների ձգվող հերթաշարքում
Եվ ստացիր քեզ հասանելիք բաժինը հացի:
Այնուամենայնիվ
Նստիր դառնացած բանաստեղծի հետ
Մի գավաթ կասկածելի օղու դիմաց
Եվ սիրտդ, լխկած պոմիդորի պես կիսիր նրա հետ:
Այնուամենայնիվ
Հսկիր անկրակ գիշերի մեջ
Մինչև լուսաբացի մրսած թռչնիկները լուսամուտիդ
Սառած ապակին կտցեն,
Իրենց հասանելիք փշրանքների անժամանցելի իրավունքով:
•
Օրն իրիկնանում է:
Շենքերն, ասես, կախված են օդում,
Պատերի ետևում ոչ ոք չկա:
Օտարականը, որ գալիս է դեմից,
Հասնելու է քեզ և անցնելու է անվերադարձ:
Նրան կանգնեցնելու,
Պատահական այս վայրկյանը
Թեկուզ անիմաստ մի ճիչով հավերժացնելու համար
Պիտի հարբած լինես,
Պիտի հավերժորեն այս դրուժան կյանքին
Սիրահարված լինես:
•
Օրն իրիկնանում է,
Գոլ մի քամի սրբում է սիգարետի կոթուկները
Ասֆալտի ծաղկատար երեսից...
Վիրտուալ մի սիրահար
Խճճվել է մարմրող լուսալիքների համացանցում:
© 2023 azadmatian.com
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: