Մեծարգո Կարեն Կարապետյան,

Վարչապետ Հայաստանի Հանրապետության

 

Այն, որ կան Հայաստանից դուրս ապրող խիստ անորոշ թվով, հաստատ ոչ 7 միլիոն մարդիկ, ովքեր իրենց հայ են համարում և իրապես մտահոգված են իրենց ու Հայաստանի ներկայով ու ապագայով, բայց հուսահատված ու թևաթափ չգիտեն ինչ անել, կասկածց վեր է: Ձեր կոչը, որպես բարեփոխության վարչապետի, հենց սրանց է, որ պիտի հույս ներշնչեր, ու կողմնորոշեր, բայց  հավատացնում եմ ձեզ, որ այն իր գաղափարական բովանդակոթյամբ ու լեզվական մակարդակով երիցս խորացնելու է նրանց տագնապը: Անձամբ ես չեմ ուզում հավատալ, որ սա ձեր գրածն է կամ դուք նույնիսկ կարդացրլ եք այն ստորագրելուց առաջ, ինչը, իհարկե, չի նվազեցնում ձեր մեղքի բաժինը:

 

Այս հեղհեղուկ ու փքուն հռետորաբանությունը հենց սկզբից մատնում է շարադրողի մտավոր մակարդակը, նրա հարգանքի պակասը իր հասցեատիրոջ, և նրա կատարյալ անտարբերությունն ու անպատասխանատվությունը իր իսկ խոսքի և գործի նկատմամբ:

Բայց երևի, ըստ սովորության, ամեն ինչ չբարդենք մեկի վզին, որովհետև ցավն, ըստ էության, շատ ավելի խորն է, մեզ մոտ մասնագիտություն է դարձել խոսել ոչինչ չասելու` բառերն ու հասկացություններն անստույգ ու սնամեջ շարադասությամբ պոչ-պոչի սոսնձելու արվեստը` (միասնականություն, հավաքական ուժ, համահայկական, մշակույթ, սփյուռք, …և այլն): Իսկ ցավալին այն է, որ այդ մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի մեր իրականության մեջ: Առայժմս այսքանը:

 

 Հարգանքներով

Ազատ Մաթյան

Մարտ 2017, ԱՄՆ, Լոս Անջլես

 

Azadmatian.com

azadmatian@yahoo.com

 

Հարգելի Ազատ Մաթյան,

 

Շնորհակալություն արձագանքի և ուշադրության համար։

Մենք պատրաստ են լսել ոչ միայն առաջարկներ հասարակության կողմից այլև քննադատություն։

Այնուամենայնիվ կցանկանամ նշել, որ ՀՀ վարչապետի կոչը համայն հայությաննն արվել է  մեկ կարևոր նպատակով՝ համախմբություն և մասնակցություն մեր երկրում ընթացող բարեփոխումներին։

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն:

 

Հարգանոք՝

Արմեն Ա․ Ավակյան

 

Armen A. Avakian

Advisor to the Prime Minister of the Republic of Armenia

Tel:   +37410 515789

Mob: +37495 430707

 

Հարգելի Արմեն Ավակյան

 

Շնորհակալություն հայտնելով իմ նախորդ գրությանը շուտափույթ արձագանքելու համար, հարկ եմ համարում հիշեցնել, որ

ա- Վերնագրից դատելով վարչապետի կոչը ուղղված է սփյուռքահայությանը, և ոչ թե համայն հայությանը, ինչպես նշել եք ձեր պատասխան երկտողում:

բ- Կոչը հրավիրում է համագործակցության և նրանում առաջարկներ  ընդունելու մասին չկա ոչ մի խոսք, ինչպես գրել եք դուք:

Անցյալ 25 տարիների և մանավանդ «Սփյուռքի Նախարարության» գոյառման 8  տարիների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ համահայկական համագումարների, փոխադարձ գործնական այցելությունների, դեսպանատների և հյուպատոսարանների կատարած աշխատանքի և այլ բազմաթիվ պատճառներով չի թվում, որ Հայաստանի Վարչապետը կամ կառավարությունը իրավունք ունեն գանգատվելու սփյուռքի մասին տեղեկացվածության և առաջարկների պակասից, այլապես յուրաքանչյուր նախարար ու պաշտոնյա պիտի ամեն ինչ սկսի զրո կետից: Հենց այդպիսի տպավորություն էլ թողնում է այս կոչը: Այդուհանդերձ, կրկնվող հարցին կրկնվող պատասխան տալու փորձությանն ընդառաջ գնալով մեծարգո վարչապետի ուշադրությանն եմ հանձնում հետևյալը:

 

Առաջարկներ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

սփյուռքահայությանը հղած իր կոչի առիթով

 

 

Տեղեկատվական

1-    Կազմել և հրապարակել զեկուցում անկախացումից ի վեր սփյուռքահայ իրական և իրավական անձանց միջոցով Հայաստանում ձեռնարկած հաջողած և ձախողած նախագծերի զեկույց, համապատասխան հիմնավորումներով և գնահատականներով և այն հրապարակել ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

 

2-    Կատարել նույնը Հայաստան-սփյուռք համատեղ նախագծերի վերաբերյալ:

 

3-    Պատրաստել և հրապարակել «Համահայկական Հիմնադրամ»-ի, եթե ոչ ձախորդ, ապա առնվազն անբավարար արդյունավետության պատճառները և լրջագույն հաշվետվության ենթարկել պատասխա-նատուներին: (Հիմնադրամի կայքում եղած տվյալները թերի են և անբավարար):

 

4-    Կազմել և հրապարակել վերջին 25 տարում Հայաստանի կառավա-րության և նրա կողմից ֆինանսավորվող հաստատությունների (ստեղծագործական միություններ, գիտական հաստատություններ և այլն) կողմից  իրականացված Հայաստան-սփյուռք միջոցառումների (համագումարներ, համաժողովներ և այլն), դրանց հիման վրա կատարված ուսումնասիրությունների և սրանցից բխած եզրակացությունների զեկուցումը, եթե այդպիսիք կատրվել են: Վիճակագրություն:

 

5-    Սփյուռք կոչվածի մասին իրական պատկերացում ունենալու համար ՀՀ դեսպանատների և տեղի հասարակական և կրոնական կազմա-կերպությունների համագործակցությամբ ծրագրել և իրականացնել  սփյուռքի հայ համայնքների   հնարավորինս մանրամասն և ճշգրիտ վիճակագրություն:

 

6-    Դրա տվյալների հիման վրա կատարել հասարակագիտական նպատակադրված ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կարելի կլինի հստակ սահմանում տալ «հայկական սփյուռք», «սփյուռքի մշակույթ» և հարակից հասկացություններին:

 

7-    Խուսափել սփյուռքահայության թվաքանակի ուռճացումից, Հայաստանին զորավիգ կանգնելու նրա հնարավորությունների և պատրաստակամության գերագնահատումից:

 

8-   Փորձել սփյուռքի անհատ գործարարների և մասնագետների ներգրավել տնտեսական, գիտական և մշակութային կոնկրետ ծրագրերի մեջ և խուսափել ընդհանուր անբովանդակ կոչերից:

 

Իրավական

9-    Ստեղծել միջազգային իրվունքին համահունչ իրավական դաշտ և երաշխիքներ սփյուռքահայ և ոչ միայն, ներդրողների կյանքի և գույքի անվտանգության համար: Ավելորդ է ասել ու կրկնել բազմաթիվ տուժած ու հուսախաբված սփյուռքահայերի մասին, ովքեր հսկայական գումարներ են կորցրել, ոմանք նույնիսկ իրենց, ոչ այնքան մեծ, ամբողջ ունեցվածքը, զոհ գնալով բացարձակ թալանին, «կռիշին» և մոնոպոլների դավադրությանը: Կատարված ավերը հնարավոր չէ վերականգնել հուզաթաթավ և անգրագետ կոչերով:

 

10-    Քրեական հետապնդում իրականացնել սփյուռքահայ ներդրողների կողմից ցայժմ Հայաստանի դատարաններին և համապատասխան մարմիններին ներկայացված և բավարարում չստացած, ինչպես նաև նոր ստացվելիք հայցերի ուղղությամբ:

 

11-    Ներդրումների պարագային հարկավոր է առանձնապես հովանավորել փոքր և միջին տնտեսություններին, որը կարող է քաջալերել ներգաղթը դեպի Հայաստան. այս տեսակետից սիրիահայերի պարագան լավագուն փորձաքար է Հայաստանի իշխանության համար:

 

Քաղաքական

12-    Սփյուռք-Հայաստան հարաբերությունների որակը անջատ չէ հայ պետականության զարգացման ընդհանուր գործընթացից, իսկ թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում, սփյուռքը չէ, որ պիտի բացահայտի ձեզ համար, ինչքանով դուք հետևողական կլինեք ձեր բարեփոխության խոստումների իրականացման գործում, այնքանով կարող եք հուսալ նաև սփյուռքահայերի աջակցությունը:

 

13-    Հայաստան-սփյուռք հարաբերությունները առնվազն տեսականորեն ռազմավարական կարևորություն ունեն հայ ժողովրդի գոյատևման և զարգացման համար, ուստի «Սփյուռքի Նախարարությունը» պետք է դիտվի, որպես այդ ուղղությամբ քաղաքականություն մշակող պետական օրգան, համապատասխան կադրերով և հնարավորութ-յուններով:  Հասկանալի է, որ այստեղ անիմաստ են սփյուռքահայ նախարար ունենալու ոմանց պնդումները, սակայն անհրաժեշտ է սփյուռքահայ մասնագետների ներգրավվածությունը տարբեր բնագավառներում:

 

14-    Ինչպես տեղյակ եք, խորհրդային շրջանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խստորեն պայմանավորված էին Խորհրդային Հայաստանի իշխանությունների, հայ ավանդական կուսակցությունների և Էջմիածին, Կիլիկիա կաթողիկոսական աթոռների միմյանց նկատմամբ ունեցած քաղաքական դիրքորոշմամբ. այսօր «ավանդական» սփյուռքին գումարվել է նոր կամ հայաստանական սփյուռքը, որն իր հերթին քաղաքական շերտավորման միտումներ է ցույց տալիս, ինչը կարելի է համարել բնական և անխուսափելի: Հայաստանի իշխանությունների կողմից մեծ սխալ կլինի, աչք փակել այս նոր խմորումների վրա և շարունակել միասնության «անմեղ» կոչերով սպառած համարել իր անելքները սփյուռքում: Բազմակարծության երկրի իշխանությունը պիտի հաշվի առնի նաև սփյուռքի բազմակարծությունը, իսկ սա ուղղակի կապ ունի Հայաստանում ժողովրդավարական կարգերի զարգացման և ամրապնդման`արդարության և իրավունքի հաստատման  հետ:

 

15-    Մեծարգո վարչապետ, Դուք, որպես անձ որոշակի իմաստով նաև սփյուռքահայ եք, ուստի ակնկալվում է, որ անձամբ կոնկրետ առաջարկներով հանդես գայիք ի պատասխան ձեր կոչին, նույնը ակնկալվում է ձեզանից, որպես ՀՀ կառավարության ղեկավար, որը պիտի լավատեղյակ լինի, թե երկրի կարիքներին, և թե սփյուռքի հնարավորություններին, և որին է տրված համագործակցության գործունակ մեխանիզմներ մշակելու պարտականությունը:

 

16-    Որպես ՀՀ պետության ներկայացուցիչ, որի պարտականությունն է հոգ տանել պետական լեզվի պահպանման և զարգացման ուղղությամբ հսկում և նախանձախնդրություն ցուցաբերել առաջին հերթին հենց պետական օրգաններում հայոց լեզվի պատշաճ մակարդակն ու ճշգրտությունը ապահովելու ուղղությամբ, որով, մեղմ ասած այնքան էլ չի փայլում ձեր վարչապետական կոչը:

 

17-    Քննարկվող հարցը բնականաբար ունի երկու կողմ, Հայաստան և Սփյուռք և հնարավոր չէ դրանց փոխհարաբերության մասին քիչ, թե շատ խելամիտ խոսք ասել միայն մեկ կողմին պահանջներ ներկայացնելով, ուստի հարկավոր է լրջորեն քննակել նաև սփյուռքի տարբեր շրջանակների գործունեությունը տվյա ժամանակաշրջա-նում:

 

 

 Հարգանքներով

Ազատ Մաթյան

Մարտ 30, 2017   ԱՄՆ, Լոս Անջլես

 

Azadmatian.com

azadmatian@yahoo.com

 

 © 2016  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: