Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

Չարենցի «Ես իմ անուշ…»ը

և հայ հավաքական հոգեբանությունը

 

 

 

Կարծում եմ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հայ հանրությունը Չարենցին ճանաչում է «Ես իմ անուշ…»-ով։ (Այսպես է առնվազն սփյուռքում)։ Ավելի քան 80 տարի այն հիացնում ու լիացնում է գրագետին ու անգրագետին, մասնաեէտին ու շարքային ընթերցողին, համարվում է անզուգական գլուխգործոց։ Բայց ո՞րն է այս բանաստեղծության համազգային ընդունելության գաղտնիքը։

 

Փորձելով պատասխանել այս հարցին, մենք առաջնորդվել եմ հետևյալ նախագծով.

1- Տեղադրել «Ես իմ անուշ…»-ը հեղինակի ամբողջ ստեղծագործության և հատկապես ազգային թեմայով գրված գործերի համահյուսվածքում։

2- Տեղադրել բանաստեղծությունը հայ գրականության ամբողջական, թէ մասնակի համահյուսվածքում։

3- Պարզել իր՝ հեղինակի վերաբերմունքը տվյալ գործի նկատմամբ։

4- Պարզել հայ հանրության ընդհանուր մեկնությունը և գնահատականը։

5- Անել մի շարք եզրահանգումներ։

***

1- «Ես իմ անուշ…»-ը գրվել է 1920-1921 թվին։ Այն Չարենցի «Տաղարան» շարքի 20   բանաստեղծություններից վերջինն է։ Այդ օրերին Չարենցը մեծապես համակված է բոհեմական տրամադրություններով։ Ընդամենը 22-23 տարեկան և արդեն որոշ հռչակի արժանացած բանաստեղծը խելառ արբեցումի օրեր է ապրում և իր ազգային (հիմնականում երգիծական) և հեղափոխական-ֆուտուրիստական պոեմների և բանաստեղծությունների կողքին, գրեթե միաժամանակ գրում է սիրային բանաստեղծությունների երեք շարք, նվիրված երեք տարբեր կանանց՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» Արմենուհի Տիգրանյանին, «Փողոցային պչրուհուն» Լեյլիին և «Տաղարան» շարքը Արփենիկ Աստվածատրյանին։

Չարենցի սիրային բանաստեղծությունը առանձին թեմա է. այստեղ մենք ուզում ենք նշել միայն, որ այս երեք շարքերի զուգահեռ շարադրումը և նվիրաբերումը ինքնին թերահավատություն է սերմանում հեղինակի զգացմունքների և մտադրությունների լրջության նկատմամբ։ Այդ շարքերը միմյանց առնչվում են նաև այն բանով, որ երեք դեպքում էլ հեղինակը հանդես է գալիս դիմակավորված (Լը Քոնթ դը Լիլ, Ալ. Բլոկ. Վ. Տերյան…), իսկ հատկապես մեզ հետաքրքրող «Տաղարան»-ում Չարենցը Թաքնվում է՝ Սայաթ Նովայի, Թիֆլիսյան քեֆչի սիրահարի, ինչ որ տեղ նաև հաֆեզական «ռենդի» տարազ-դիմակի տակ, ինչը, ևս մեկ աստիճանով թուլացնում էր խոսքի լրջությունը։ Երիտասարդ բանաստեղծը, ՝ ինչքան էլ բուռն տենչար հիշյալ երեք կանանց, այլոց դիմակով դիմելով նրանց, խուսափում էր սեփական խոսքի ամբողջ պատասխանատվությունից, կարծես ասելով, ինձ էրված-վառված սիրահարի տեղ չդնեք, ասածս բանաստեղծական խաղ է միայն.

 

Հիշյալ շարքերով նա իր հասցեատեր կանանց փորձում է նաև ասել,- չկարծեք, թե ես, իմ այս անշուք ու գավառական գոյությամբ, արժանի չեմ ձեր սիրուն, ես կարող եմ ձեզ երգել ամենահանճարեղ սիրահարների նման և այդ դուք պիտի երջանիկ զգաք իմ ուշադրությանը արժանանալու համար։ Ահա այս քմահաճ ու ինչ-որ տեղ նաև քողարկված հեգնանքով հագեցած երգախաղի, թէ սիրախաղի մթնոլորտում էլ բոլորովին անակնկալ կերպով ծնվում է «Ես իմ անուշ…»-ը։ Ասում ենք անակնկալ, որովհետև այն թեմատիկ ոչ մի առնչություն չունի «Տաղարան»-ի մյուս բանաստեղծությունների հետ (բացի նախավերջին «Հայաստանին» բանաստեղծությունից)։ Թե ինչով կարելի է բացատրել Չարենցի այս կտրուկ անցումը հայրենասիրական թեմային, դժվար է ասել։ Բացառված չէ, որ դա ևս արվել է ազգային զգացումներով տոգորված Արփենիկին դուր գալու համար, մանավանդ, որ Չարենցը, թե իր քաղաքական հակումներով և թե իր «Վահագն», «Ազգային երազ» և այլ գործերով կարող էր արդեն շահած լինել «ապազգային» մտավորականի պիտակ։

Բանաստեղծական արվեստի տեսակետից «Ես իմ անուշ…»-ը «Տաղարան»-ի բանաստեղծություններին համապատասխանում է միայն իր տաղաչափությամբ, ավելի ճիշտ միայն իր հանգավորման ձևով, որ աշուղական բանաստեղծության ամենատարածւած ձևերից է և անկասկած հենց դա էլ մեծապես նպաստել է «Ես իմ անուշ…»-ի ժողովրդայնությանը, մինչդեռ լեզվական առանձնահատկություններով այն էապես հեռանում է «Տաղարան»-ի բարբառից և գրված է հիմնականում մաքուր գրական հայերենով։ Հենց այստեղ էլ թաքնված է հայտնի հանելուկի պատասխանը՝ «արևահամ բառը», թե «բարը» ինչպես նաև «անհյուրընկալ պատերը», թե «էն հյուրընկալ»։ Մեր կարծիքով Չարենցը սկզբում փորձել է գրել «Տաղարան»-ի մյուս գործերի նման աշուղական բանաստեղծություն և գրել է «բար» որ պարսկերեն է և նշանակում է միրգ, պտուղ (ծիրանի ծա՛ռ, բար մի տա), որով ավելի տրամաբանական կը հնչեր նաև «արևահամ» մակդիրը։ Նոյն հիմունքով երկի ընդհանուր մթնոլորտում ավելի տրամաբանական է հնչում բարբառային «էն հյուրընկալը» որպես հայ գեղջուկի դրական հատկանիշ՝ հյուրասեր, բայց տեղի է ունենում այն, ինչը կոչվում է ստեղծագործական գործընթացի ներքին տրամաբանություն, երբ գրվածքն է սկսում ղեկավարել գրողին կամ՝ գրել ինքն իրեն։ Տվյալ պարագային գրվածքը Չարենցին հեռացնում է Սայաթ Նովայից և  տանում է ուղիղ գծով դեպի Վ. Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը, իսկ անուղղակի նաև Հով. Հովհաննիսյանը, Հով. Թումանյանը…։ Եւ, ասես, բանաստեղծի կամքից անկախ ծնվում է մի հյուսվածք, որի մեջ հիշյալ բարբառային տարրերը այլևս չէին կարող տեղավորվել։ Այստեղ տեղի է ունենում ստեղծագործական գործընթացի մի այլ երևոյթ։

Գրողը գիտակցաբար, բայց ո՛չ անպայման տրամաբանորեն, միջամտում և տվյալ պարագային ստեղծում է «արևահամ բառ» և «անհյուրընկալ պատեր» անսպասելի, բայց ոչ անհեթեթ բառակապակցությունները։ Ինչ խոսք, որ լեզվական այս շտկումները իրենց հետ բերում են բովանդակային մեծ փոփոխություններ, գրվածքին հաղորդելով մի կողմից իմաստային, մյուսում հոգեբանական խորացում, բայց դա չի ժխտում այն իրողությունը, որ դրանք արված են նախ և առաջ լեզվական նկատառումներով։ Ու եթե, այնուամենայ- նիվ, բանաստեղծության մեջ մնում են «սազ» և «յար» աշուղական օտարաբանությունները, պատճառը մեծ հավանականությամբ այն է, որ բանաստեղծը իրապես չի գտել նույն հաջողությամբ դրանց փոխարինող բառեր։

 

 

Ընդհանուր եզրակացությունն այն է, որ «Ես իմ անուշ…»ը հենց գրվելու ընթացքին շեղվում է գրողի նախնական մտադրությունից կամ առնվազն տրամադրությունից և պարտադրում է իրեն, որպես առայժմս «Տաղարան» շարքից անկախ և եզակի մի գործ։

Այժմ ավելացնենք, որ «Ես իմ անուշ…»-ը, ո՛չ միայն հակադրվում է «Տաղարան»-ի ընդհանուր մթնոլորտին, իր բովանդակությամբ, այլ, որ ավելի կարևորն է, այն սուր հակադրության մեջ է մտնում Չարենցի ազգային թեմայով գրած գրեթե բոլոր մյուս գործերի հետ։ Իրականում անվերնագիր այս բանաստեղծությունը գոնե մենք չգիտենք, թե ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է ստացել  «Գովք Հայաստանի» վերնագիրը և այդպես էլ ընկալվել է հանրության կողմից։ Գո՞վք է «Ես իմ անուշ…»-ը, թե այլ բան մենք դրան կանդրադառնանք, այստեղ նշենք միայն, որ Չարենցը ամենևին էլ գովերգակ բանաստեղծ չէ, մանավանդ հայոց անցյալի վերագնահատման պարագային։ Սկսած պատանի տարիներին գրած «Վահագն»-ից ու «Ազգային երազ»-ից մինչև «Երկիր Նաիրի» վեպն ու «Գիրք Ճանապարհի» ժողովածուն Չարենցը անողոք պայքար է ծավալում անցեալը փառաբանող հայկական ռոմանտիզմի դեմ, չխնայելով անգամ Նարեկացուն ու Շնորհալուն, որոնց նա գովերգել է «Ես իմ անուշ…»-ում։ Բայց, ստեղծագործական բարդ հոլովույթի որպես արդյունք ծնվել է այս անգամ արդեն հենց իր՝ Չարենցի ողջ ստեղծագործության մեջ եզակի մի գործ, որի հետ ինքը՝ բանաստեղծը, ասես, չգիտե ինչ անի։ Նրա կենդանության օրոք «Ես իմ անուշ…»-ը տպագրվում է 1922-ին հրատարակված երկերի ժողովածուում՝ առաջին և վերջին անգամ։ Հեղինակը այն դուրս է թողնում 1932-ին հրատարակված ժողովածուից։ Ճիշտ է, որ խորհրդային պայմաններում այս բանաստեղծության նկատմամբ կար ընդգծված բացասական վերաբերմունք, սակայն, ինչպես վերը նշեցինք, Չարենցի «Ես իմ անուշ…»-ից առաջ և հետո ազգային թեմայով գրած գրեթե բոլոր գործերը հիմք են տալիս մտածելու, որ բանաստեղծն ինքը ևս, առնվազն, վերապահությամբ է գնահատել իր այս գործը։

Այս տեսակետից հետաքրքիր հուշագրություն է թողել դաշնակցական գործիչ Վ. Նավասարդեանը իր «Չարենց» մենագրության մէջ։ 1924-ին Իտալիայում հանդիպելով բանաստեղծին նա հաղորդում է հետևեալը.

«Ես արտասանում էի «Ես իմ անուշ Հայաստանին», իսկ Չարենցն էլ լուռ ունկնդրում էր ինձ։

Բանաստեղծը անակնկալի չեկավ, …սակայն երբ ավարտեցի, դարձավ ինձ և մեղմ ձայնով և հայտնորեն հուզված ասավ.

-Եթե իմանայի դուք այդքան կը սիրեք այդ կտորը, ես այն չէի գրի։

-Ի՞նչ, չէի՞ք գրի, լուրջ եք ասում դուք այդ, իսկապես, որ չէիք գրի.-

-Ո՛չ, կը գրեի, բայց չէի հրատարակի…

Չարենցի այս ռեպլիկը առաջադրում է մեկից ավելի հարցեր, որոնցով մենք այստեղ չենք զբաղվի, ասենք միայն, որ դրանք պարզում են բանաստեղծի երկդիմի վերաբերմունքը, որը դրսևորվում է ոչ միայն տվյալ պարագայում, այլ հանդիսանում է բանաստեղծի հոգեբանության հիմնական հատկանիշներից մեկը։ Չարենցը երկակի վերաբերմունք է ցուցաբերել օրինակի համար՝ Վ. Տերյանի և Ավ. Իսահակյանի նկատմամբ, «Երկիր Նաիրի» վեպում նա մարտիրոսացնում է Կարսի դաշնակցական այն գործիչներին, որոնց նա անխնա ծաղրի է ենթարկել վեպի յուրաքանչյուր տողում։ Նրա մոտ երկակի վերաբերմունք ենք տեսնում նաև իր հոր՝ Աբգար աղայի, կանանց և որ կարևորն է սեփական անձի և գործի նկատմամբ։ Բոլոր այս և դեռ այլ պարագաներում նա կարող է մի դեպքում վսեմացնել և մի այլ դեպքում նսեմացնել նույն երևույթը և բնավորության հենց այդ հատկությունն է, որ Չարենցին դարձրել է մի կողմից «Ես իմ անուշ…»-ի, իսկ մյուս կողմից «Պատմության քառուղիներով»-ի հեղինակը։ Ավելացնենք, որ նրա մոտ հերքողը ավելի հզօր ու տևական ներկայություն է քան հաստատողը։ Ժխտումը և ինքնաժխտումը Չարենցի հոգեբանության ինքնապաշտպանական և ինքնահաստատման ամենագործոն մեխանիզմն է, որը կոչված է երաշխավորելու նրա ազատությունը՝ նրա փախուստը, ընդունված և պարտադիր չափորոշիչների կաղապարից։ Երկարժեքությունը (Ամբիվալանս) Չարենցի մոտ ծագում է մի արմատական «ո՛չ»-ից և, վերազծվում է կեցվածքի և աշխարհայացքի, այսինքն «Անհաստատ ու հոսուն» աշխարհի գաղափարին։ Չարենցը ծաղրանքով ու ատելությամբ է լցված ամեն ինչի հանդեպ, որ գալիս է հնից և պատկանում է անցեալին, լինի դա այլոց կողմից կարոտով յիշվող մանկություն, թե փառաբանված ու վսեմացված ազգային մոտ ու հեռու պատմական անցյալ։ Դարերով սրբագործված արժեքների ժխտումն ու պսակազերծումը Չարենցի կողմից ունեն առարկայական դրդապատճառներ, ինչպիսիք են պատերազմը, եղեռնը, հեղափոխությունը։ Դրանք բխում են նաև ժամանակի ոգուց, պարզ է, որ Մարքսից, Նիցչեից և Ֆրոյդից հետո այլևս հնարավոր չէր հանգիստ ու անվրդով  ննջել հին արժեքների ու համոզումների օրորոցում։ Բայց Չարենցյան ընդվզումը ուներ նաև անհատական, հոգեբանական պատճառներ և այս առումով էլ նա կոչված էր դառնալու հենց այն խառնվածքը, որի անհատական բարդույթների միջոցով պիտի արտագրւէեր ժամանակի ազգային, թե համամարդկային ճգնաժամը։ Ահա այս տեսանկյունից դիտելով, բնական և հասկանալի պիտի լինեն Չարենցյան հակասությունները։ Չարենցը արմատապես երես է դարձրել անցյալից և գնում է դեպի ապագան, բայց պարզվում է, որ անցյալից բաժանվելը այնքան էլ հեշտ բան չէ, և ոչ էլ այնքան նպատակահարմար, մանավանդ, որ ապագա կոչվածը լավագույն դեպքում «մի երազ է անհաս» կամ «անհաս փառքի ճանապարհ» և մարդը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես հավաքականություն դեպի անհայտ ապագան գնալիս ստեպ-ստեպ նաև ետ է նայում։ Չարենցը վախենում է, որ ետ նայելով կարող է Ղովտի նման քարանալ, բայց այստեղ ևս նրա կեցվածքը երկդիմի է՝ նա մի կողմից ձգտում է անհաստատ ու հոսուն վ անդադար փոխվող ընթացքին, իսկ մյուս կողմից հոգու ամենախոր խորքերում փայփայում է հաստատ ու ամբողջական «մոնումենտ» (յուշարձան) դառնալու երազը։

Բայց մոնումենտը ամեն բանից առաջ ենթադրում է կարծրություն ու կայունություն, որից խուսափում և նոյնիսկ սարսափում է Չարենցը, որովհետև կարծրն ու կայունը հնարավոր է միայն անցեալի հիման վրայ, այն բանի վրայ, որ անմահ է թվում, բայց չէ՞ որ իր անմահությամբ իսկ այն նույնություն է նշանակում, այսինքն մահ, իսկ Չարենցը իր ազատությունը որոնում է անդադար այլության մեջ։

Այժմ տեսնենք թե ինչպես է վերաբերվում հայ հանրությունը այս երևույթի հետ ընդհանրապես և «Ես իմ անուշ…»ի հետ մասնավորապես։

Հայտնի է, որ որևէ մարդկային հավաքականություն որպես այդպիսին հարատևել է իր ստեղծած մնայուն կամ հարաբերաբար այդպես թվացող արժեքներով, արժեքներ՝ որոնք կոչված են երաշխավորելու տվյալ հավաքականությունը կազմող միավորների միասնությունը։ Այլ խոսքով՝ միասնություն, հարատևում և արժեքներ պայմանավորված են միմյանցով, ըստ որում յարատևումը նպատակ է, միասնությունը ձև, իսկ արժեքները միջոց։ Մյուս կողմից, քաղաքակրթության պատմությունը համեմատաբար կայուն և հեղափոխական ժամանակաշրջանների մի շղթա է, և միշտ էլ մեկից մյուսին անցումը ենթադրում է հավերժական թվացող արժեքների վերագնահատման հետ կապված ճգնաժամ։

«Ես իմ անուշ…»ը հայ հավաքականությունը ընկալեց որպես ազգային հավիտենական արժեքների փառաբանում պատմական այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հիմնովին վտանգված էր տեսնում իր գոյությունը։ Նա ինչպես մահամերձը կարիք ուներ հոգևոր ամբողջ ուժականությունը կիզակետի պես ի մի հավաքող, հուսատու խոսքի։ Մինչև հոգու խորքը նվաստացած ու անգամ սեփական աչքից ընկած, նա կարիք ուներ հպարտության, իր ապրելու և հարատևելու նկատմամբ վերանորոգված հավատքի… Եւ ահա հենց այս առումով էլ ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ Չարենցը գրելով «Ես իմ անուշ…»-ը կատարում էր պատվեր, իսկ պատվիրատուն հայ ժողովուրդն էր, որը և տեր կանգնեց այդ բանաստեղծության, այն մեկնաբանելով այնպես, ինչպես անհրաժեշտ էր իրեն՝ որպես «Գովք Հայաստանի»։

Մինչև այստեղ մենք փորձեցինք տեղադրել «Ես իմ անուշ…»-ը Չարենցի «Տաղարան» շարքի և նրա ազգային թեմայով գրված միւս գործերի մեջ, ինչպես նաև պարզել բանաստեղծի և հայ հանրության վերաբերմունքը այդ բանաստեղծության նկատմամբ։ Այժմ մեր առջև դրվում են մի շարք նոր հարցեր։

ա.- Գո՞վք է արդյոք «Ես իմ անուշ…»-ը։

բ.- Ինչո՞վ է այն պատասխանում հայի հավաքական հոգեբանությանը և գեղագիտական ճաշակին։

Առաջին հարցին որպես պատասխան բավական է առանձնացնել բանաստեղծության մակդիրները, որոնք հիմնական դեր են կատարում ընդհանուր կառուցվածքի մէջ։ Դրանք կարելի է բաժանել երկու՝ դրական և բացասական լիցքերով հակադիր խմբերի։

1- Արևահամ, վառման, հեզաճկուն, մուգ, ջինջ, լուսե, վսեմ, հազարամյա, աղոթք դարձած, լուսապսակ, ճերմակ, անհաս փառքի ճամբա։

2- Ողբանվագ, լացակումած, արնանման, վիշապաձայն, մթում կորած, անհյուրընկալ, սև, ողբաձայն, արյունաքամ, որբ, արնավառ։

Այս՝ թվով 24 մակդիրներից 12-ը, ինչպես տեսնում ենք, կարելի է համարել դրական, իսկ 12-ը բացասական։ Թվում է, թե այսպիսով զարմանալիորեն հավասարակշռությունը պահված է, բայց հարկավոր է տեսնել և զգալ, որ այստեղ որոշիչը ոչ այնքան քանակական հավասարությունն է, այլ օգտագործված մակդիրների լիցքային բեռնվածությունը, որը զգալիորեն ծանր է կշռում բացասական կողմի վրա։

Հարկավոր է կատարել նաև մի երկրորդ բաժանում՝ ըստ բնութագրվող առարկաների։ Այս առումով էլ մակդիրները բաժանվում են երկու խմբի՝

1- Բնության մակդիրներ թվով 8 (6 դրական, 2 բացասական)

2- Պատմա-մշակութային մակդիրներ թվով 16 (6 դրական, 10 բացասական)

Ահա, այս վերջին 10 ուժեղ մակդիրներն էլ, ոչ միայն թույլ չեն տալիս «Ես իմ անուշ…»-ը գովք համարել, այլ բանաստեղծությունը մոտեցնում են ողբերգի։ Մթում կորած խրճիթները, ողբաձայն երգերը և արյունաքամ վերքերը կարելի է սիրել, բայց փառաբանե՞լ, ո՛չ։ Ավելի ուշ «Պատմության Քառուղիներով» պոեմի մեջ Չարենցը կը տա նոյն այդ սիրած խրճիթների այլ գնահատականը։

 

Ապարանքներն այսպես։ -Իսկ ներքևում- խուղեր՝

Գետնափոր, ստորերկրյա, ցաքուցրիվ,

Թաղված գանգի պես խուլ, գանգի պես անուղեղ,

Կարծես մի խեղճ նախիր

Արածելու ժամին կայծակնահար՝ հանկարծ

Կծկվել է ահից ու մոխրացել-

Եւ մնացել է տեղը մի մոխրաբույր զանգված՝

Դարերով անջրդի ու հողմածեծ…

 

Բայց, պարզ է, որ այս տողերը միայն խուղերին ու խրճիթներին չեն վերաբերում։ Այստեղ ամբողջ Հայաստանն է, որի խեղճության ու թշվառության մեջ բանաստեղծը չի տեսնում փառաբանության արժանի ոչ մի բան։

«Ես իմ անուշ…»-ի մեջ հայրենի բնության կողքին փառաբանված են նաև հայոց լեզուն, երաժշտությունը և գրականությունը հանձինս Քուչակի և Նարեկացու, իսկ այս վերջինս Շնորհալու հետ միասին «Գիրք Ճանապարհի»-ի մեջ վերածվելու են սև և մռայլախոս դպիրների, որոնք դարեր շարունակ հայի միտքը թաղել են քարե դագաղներում։

Այնուամենայնիվ հայ հանրությունը «Ես իմ անուշ…»-ը ընկալել և մեկնաբանել է, որպես գովք։ Այն բեմերից հնչել ու հնչում է, վեհ ու խրոխտ, արտասանվում պաթետիկ ոճով։ Ժամանակին մեծ ժողովրդականություն էր վայելում Աշոտ Սաթյանի երաժշտությամբ ստեղծված երգը, որը գրեթե ոչ մի ներդաշնակություն չուներ բանաստեղծության բովանդակության հետ։ Այդ երաժշտությունը հնչում էր որպես հերոսական մի ռազմերգ, այն դեպքում, երբ բանաստեղծության մեջ կայ ամեն ինչ (գեղեցիկը, վեհը, ողբերգականը, միստիկականը) բայց ոչ հերոսականը։ Բանաստեղծության առաջին երեք տներում ծփացող դառնանուշ կոհակները աստիճանական կուտակումով վերջին տնում փոխարկվում են ոգևորության հորձանքի, որն իր գագաթնակետին է հասնում վերջին տողում։ / Որպես անհաս փառքի ճամբա, ես իմ Մասիս սարն եմ սիրում/:

 

Ահա հենց այս ոգևորությունն է, որ տարածվում և իր տիրական շնչով վարակում է ամբողջ բանաստեղծությունը վեհացնելով ու վսեմացնելով նախորդ տողերի և առանձին բառերի մեջ  խտացված տառապանքն ու վիշտը։

Բայց եկեք մի պահ կանգ առնենք հենց այս վերջին տողի վրա։ Չէ՞ որ հենց այստեղ էլ հայ ժողովրդի հավերժության վեհ ու փառավոր խորհրդանիշ Մասիսը, բանաստեղծը որակել է որպես «անհաս փառքի ճամփա»։ Մենք մեր հաշվարկումների մեջ այս բառակապակցությունը դասել ենք դրական մակդիրների շարքը, բայց չէ՞ որ «ան»-ը հենց ժխտական ածանց է։ Բայց մեզ թվում է, որ հենց այստեղ էլ հայ ընթերցողը «անհաս» մակդիրը մեկնաբանել է ըստ իր ցանկության։ Գոնե տողերիս գրողի համար վաղ մանկությունից թվացել է, որ Արարատը անհաս է, որովհետև այն աշխարհի ամենաբարձր լեռն է։ Ավելացնեմ, որ ես միշտ էլ խնդիր եմ ունեցել «անհյուրընկալ» մակդիրի հետ և բազմիցս ինձ բռնել եմ դրա բացասական իմաստը շրջանցելու հակման մեջ, իսկ մյուս ավելի ցավոտ մակդիրների բացասական իմաստին գրեթե չեմ անդրադարձել և ամբողջ բանաստեղծությունը արտասանել եմ ոգեշնչված և պաթոսով։

Այս տարօրինակ երևույթին կարելի է տալ գրական-գեղարվեստական և հոգեբանական բացատրություն։ Գրական տեսակետից պետք է հիշել, որ յուրաքանչյուր տեքստ, ո՛չ թե առանձին միավորների՝ տվյալ դեպքում բառերի շարան է, այլ մի հյուսվածք, որտեղ մասնիկները իրենց իմաստը կամ բազմաթիվ իմաստներից մի մասը փոխանցում են մյուս մասնիկներին և ամբողջին և փոխադարձաբար մյուս մասնիկներից և ամբողջից ստանում նրանց իմաստի ամբողջությունը կամ մի մասը։ Բերենք մի օրինակ.

Երբ բանաստեղծն ասում է «Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման», ապա ծաղիկն ու վարդը արյունից վերցնում են միայն նրա գույնը, վառման բառի ազդեցությամբ նաև ջերմությունն ու եռքը և ընդհակառակը ետ են մղում այդ բառի մեջ առկա ոճիր ու նախճիր իմաստը, ակնարկն այն մասին, որ այդ ծաղիկները ոռոգված են հայ ժողովրդի անմեղ արյամբ։ Մյուս կողմից արյուն բառը ասես կորցնում է իր հոտը (արյան հոտ) և օժտվում վարդերի վառման բույրով ու թույրով։ Ասում ենք թույրով որովհետև վառմանը տրամաբանորեն գույնի հետ է կապված քան թե բույրի և եկել է Վ. Տերյանի «վարդավառի վարդերը վառ» տողից։ Բոլոր դեպքերում «արնանման»-ը այստեղ կորցնում է իր բացասական իմաստը և ստանում դրական լիցք. այն մեծապես հեռանում է նույն տեքստում գործածված «արյունահամ վերքեր» և «արնավառ յար» կապակցությունների մեջ օգտագործված արյուն բառի իմաստից։ Դեռ ուշադիր ընթերցողը կարող է նկատել, որ այս երկու դեպքում ևս արյունը նոյն արյունը չէ և որ վերքի կողքին այն ավելի մոտ է իր ողբերգական իմաստին քան թե յար բառի զուգորդությամբ։ (Եւ քանի՞ ընթերցող է անդրադառնում, որ բանաստեղծը երեք անգամ օգտագործել է այրյուն բառը, երեք տարբեր հնչերանգով ու նրբերանգով։)

Քննարկվող երևույթի ամենացայտուն օրինակը, սակայն, վեց անգամ կրկնվող «եմ սիրում»-ն է, որն իր մեծ հուզականությամբ ամեն ինչ դարձնում է սիրելի, պաշտելի, բաղձալի։

Բայց չէ՞ որ արվեստը ի սկզբանե կոչված է մեղմելու տառապանքը, տանելի դարձնելու մարդկային գոյության ծանր բեռը։Ահա, հենց այս առումով էլ «Ես իմ անուշ…»-ը հանդիսանում է հայ հավաքական հոգեբանության ամենահարազատ արտահայտություններից մեկը։ Փորձենք պարզել, թե հատկապես ինչո՞վ է այս ստեղծագործությունը, ինչպես ասում են, հայ հոգու հայելին կամ «ազգային սուբստանցիան» (Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, 1973)

Մարդ արարածը, որպես հավաքականություն, թե որպես անհատ արտաքին սպառնալիքների դեմ պաշտպանվելու և իր հարատևումը ապահովելու համար պատմականորեն մշակում է, ո՛չ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմներ, որոնք դարերի ընթացքում ձևաւորվում են որպես անհատական թե հավաքական բնավորություն, մտածելակերպ, հավատալիք, սնահավատություն և այլն։

Այս տեսակետից «Ես իմ անուշ…»-ը իր ամբողջության մեջ համազգային ինքնապաշտպանության մի արարք է և ամեն բանից առաջ ինքնավեհացման և ինքնահիացման մի արտահայտություն։ Վերջին հաշվով, այստեղ ո՞վ ո՞ւմ է խոստովանում իր սերը, եթե ոչ հայությունը ինքն իրեն, այլապես ո՞ր օտարին է հետաքրքրում, թե հայը ինչքան և ինչպես է սիրում իր Հայաստան յարը։ Կամ քանի՞ օտարազգի է սիրահարվել հային ու Հայաստանին, կարդալով «Ես իմ անուշ…»-ը։ «Մեզ չի հասկանա օտարերկրացին» մղկտում էր Վ. Տերյանը։ Կարծիք կա և ի հարկե հենց մեզ հայերիս մոտ, որ «Ես իմ անուշ…»-ը աննման է նաև այլ ազգերի հայրենասիրական բանաստեղծությունների հետ համեմատած, հնարավոր է որ դա ևս ճիշտ է հենց այն պատճառով, որ աշխարհում քիչ ազգեր կան, որոնք մեզ նման իրենց լքված ու արհամարհված զգալով, ստիպված լինեն սիրել և մեծարել իրենք իրենց նույն ուժգնությամբ։ Այլ խոսքով, ստացվում է որ ինքնամեծարման կարիքը ինքնին սկիզբ է առնում թերարժեքության բարդույթից, իսկ ինքնասիրահարվածությունը ինքնատյացության շուռ տված երեսն է։ Սա թույլի հոգեբանություն է։ Թույլը ատում է իր թուլությունը և որպեսզի կարողանա տանել ինքն իրեն ստիպված է ինքն իր առջև բռնել այն կախարդական հայելին, որի մեջ կը կարողանար հիանալ ինքն իրենով։ Չարենցը հայ ժողովրդին տվեց այդ հայելին, բայց կամ որովհետև նա ինքն էլ հայ էր և այն հայը, որ ոչ միայն խորապես տառապում էր ազգային թերարժեքության բարդույթից, այլ նաև համարձակորեն և անողոքաբար ձաղկում էր ազգային ոգու խեղճությունը։ Նշենք նաև, որ Չարենցի մոտ պաշտպանական այս մեխանիզմը գործում էր նաև անհատական իմաստով։ Երբ հենց նույն «Ես իմ անուշ…»-ը գրելու շրջանում իր անշուք հասակով Երևանի փոշոտ Աստաֆյանում կանգնած նա իրեն համեմատում է «դարի հրաշալիք» Էյֆելյան աշտարակի հետ, նա, թեկուզ ենթագիտակցաբար չէր կարող չմտորել, թե Էյֆելյան աշտարակը ինչպես պիտի տեղավորվեր իր «սիրած» մթում կորած, սև խրճիթում։ Բայց դրանով Չարենցը մատնանշում է իր և խեղճ ու կրակ Հայաստանի առջև դրված գերխնդիրը, այն է՝ խարխուլ խրճիթից թռիչք կատարել դեպի Էյֆելյան բարձունքը։ Մի անհաս փառքի ճամբա էլ դա էր հայի և նրա բանաստեղծի համար։

«Ես իմ անուշ…»ին ծնունդ տվող մյուս բարդույթը, դա հայ ժողովրդին այնքան հարազատ զոհի բարդույթն է, որն արտահայտվում է սեփական տառապանքի վեհացմամբ ու պաշտամունքով։ Անկարող լինելով ազատվել իրեն բաժին ընկած, աւելի ճիշտ պարտադրված թշվառությունից, ենթական սկսում է սիրել այն և անգամ նրանում տեսնել սրբազան առաքելություն։

Ազգային ինքնալլկման (մազուխիզմ) ամենացայտուն արտահայտությունը այս շրջանում Վ. Տերյանի «Երկիր Նաիրի» շարքն էր, որի խտացումն ու ժողովրդայնացումն է Չարենցի տաղը։ Նաիրին Տերյանի համար սիրելի էր իր հեզ ու խոնարհ տառապանքով։ «Ես տառապանքս բախտ եմ համարում և ծիծաղում եմ ձեր բախտի վրայ» գրել էր մելանխոլիկ բանաստեղծը, որի համար Նաիրին «յոթնապատիկ խոցված տիրամայր» էր, «կամավոր զոհ», «խաչված երկիր»։ Դժվար չէ նկատել, որ այստեղ Նաիրին բանաստեղ- ծին ներկայանում է խաչված Քրիստոսի պատկերով, որի բացասական ինքնապաշտպանության ուսմունքն արդեն 16 դար իշխում էր հայոց հոգեբանության վրա, և ըստ որի՝ տառապանքը միևնույն ժամանակ մարդկային (համազգային) մեղքերի դիմաց տրված աստվածային պատիժ էր և երկնային արքայության ճանապարհը հարթող աստվածային պարգև, ուրեմն և ինչքան շատ լիներ այդ տառապանքը, այնքան սուրբ ու սիրելի էր ինքն իր համար, տառապողը։

 

Թող կիտվի խավարն ավելի խրթին,

Եւ չարխինդ ճնշե հողն իմ արյունոտ,

Ու թող գա, թէ կա, ավելի չար բոթ,

Մեխվի զոհ-երկրիս անարգված սրտին։

 

Իսկ Չարենցը նույն գաղափարը ձևակերպում էր այսպես.

 

Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,

էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում։

 

(Այնուամենայնիվ այս երկու բանաստեղծների խոսքի մեջ կայ մի, թեկուզ աննշմար, բայց ոչ անկարևոր տարբերություն. Չարենցի «էլ» և «էլի» բառերը Տերեանի մօտ կարդացվում են «ինչքան ավելի», «այնքան առավել»)։

Հայոց հոգեբանության մեջ անհիշելի ժամանակներից ի վեր արմատացած է պանդուխտի և գաղթականի հոգեբանությունը (նոմադիզմ)։ «Ես իմ անուշ…»-ի մեջ իրեն մատնում է նաև այս բարդույթը։

 

Ուր էլ լինեմ չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր,

Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր։

 

Արտաքուստ հավատարմության այս երդումը մատնում է, հայի հոգեբանության մեջ որպես ճակատագիր նստած  այլ տեղ գնալու հեռանկարը, և, ինչպես ասում են, հայի աչքը միշտ դուրսն է, իսկ նման պարագային լեզուն, երգը, գիրքը և մանավանդ Սուրբ գիրքը կարող են փոխարինել հայրենի տանը։

Հայ ընթերցողը հոգեբանորեն ընկալում է հենց «չեմ մոռանա» խոստումը և ուշադրություն չի դարձնում «ուր էլ լինեմ»ին: Եվ պատահական չէ, որ Չարենցի հետևությամբ համազգային հռչակ ու ընդունելություն կը վայելի ևս մի այլ հայ բանաստեղծ, պատգամելով.

 

Ու տե՛ս, որդիս, ո՞ւր էլ լինես,

Այս լուսնի տակ ո՞ւր էլ գնաս,

Թե մորդ անգամ մտքից հանես

Քո մայր լեզուն չմոռանանս  

 

Որի մեջ գնալը ենթագիտակցաբար համարվում է հավանական, մորը մոռանալը` հասկանալի, իսկ լեզուն մոռանալը, ինչքան էլ անցանկալի, բայց և անխուսափելի: Հիշենք նաև Շահնուրի հուսահատականա ճիչը. «Նահանջում է լեզուն, նահանջում է լեզուն… Մեղա՜, նեղա~ Արարատին։»

Մյուս հոգեբանական հատկանիշը անցյալապաշտությունն է։ Հայ ընթերցողը այնպես է համակվում այդ զգացմունքով, որ ամենևին չի էլ անդրադառնում, որ ամբողջ դեմքով դեպի ապագան դարձած, «ֆուտուրիստ» Չարենցի այս բանաստեղծության մեջ ոչ մի խոսք չկա ապագայի մասին։ Նրա նախորդներից Հ. Թումանյանը ողբի և որբի հայրենիքը ավարտում է նոր ու հզոր հայրենիքով (Հայրենիքիս հետ)։ Անգամ հուսահատ Վահան Տերյանը հաստատում էր. «Եգիպտական բուրգերը փոշի կը դառնան/ Արևի պես երկիր իմ կը վառվես վառման։» մինչդեռ Չարենցի բանաստեղծությունը թեև վերջանում է «ճամփա»ով, որը պիտի որ տաներ դեպի ապագան, սակայն դա անհաս փառքի ճամփա է, այսինքն նախապես ու հետո մռկից ավելի անգամներ բանաստեղծի կողմից հեգնանքի արժանացած սին ու անհե- ռանկար փառամոլություն։ Եվ շատ դժվար է համաձայնել Ս. Աղաբաբյանի հետ, երբ նա, հաստատելով որ «Ես իմ անուշ Հայաստանին…» Հայաստանի պատմութեան էպիքական ասքն է, ավելացնում է. «Նա (Չարենցը)… իր կենսագրության մեջ տեղադրեց Հայաստանը՝ պատմությամբ, արդիա կանությամբ ու գալիքով»։ Այլ բան, եթե խոսքը Չարենցի ամբողջ ստեղծագործության մասին լիներ, բայց միայն «Ես իմ անուշ…»ի մեջ ապագայի մասին ոչ մի խոսք չկա։ Այստեղ խոսքը հին սազի, հնամեա քաղաքների, երկաթագիր գրքերի… մասին է ու եթե կա ներկա, ապա բնությունն է՝ երկինքը, լիճը, բուքը և ի հարկե այդ բնության գրկում հարատևող թշւառությունը։ Հիշենք նաև, որ Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմում հայությունը այն հաստակող ուղտն է, որ ապագայի դրախտը պիտի մտնի ասեղի նուրբ ծակով։ Ուշադրություն դարձնենք հատկապես «հաստակող» մակդիրին, որը թափանցիկ ակնարկ է հայկական բնավորության մի այլ տիպական գծին, համառությանը և դրա քաղաքական անարդյունավետությանը։

Ինքնահիացման բարդույթի տրամաբանական հետևանքներից մեկը բացառիկության զգացումն է, երբ ենթական ոչ միայն հիանում է ինքն իրենով, այլև իրեն վեր է դասում մյուսներից։

Չարենցը գիտի ի հարկե և կարծում ենք թեկուզ բարի, բայց նախանձով է գիտակցում, որ Նարեկացու և Քուչակի պէս մեծություններ քիչ չեն աշխարհում, գիտի նաև, որ, ինչպես Վիլյամ Սարոյյանն է դիմում նրան, բոլոր բարձր գագաթներն էլ հավասարապես ճերմակ են, բայց գիտի նաև, որ հային հաճելի է բացառիկության զգացումը, և իր բանաստեղծական հանճարը ի սպաս է դնում ազգի այս հոգեբանական պահանջին հատկապես բանաստեղծության վերջին եզրափակիչ տնում։

Եվ վերջապես մեզ մնում է հասկանալ, թե ինչպե՞ս իր հոգու և մտքի ամբողջ զորությամբ ազգային հիշյալ բարդույթների դեմ մարտնչող Չարենցը կարողացավ իր գլուխգործոցը ստեղծել հենց նույն բարդոյթներին իր տուրքը տալով։ Բայց չէ՞ որ նա էլ էր հայ, և որպես հայ բանաստեղծ, հենց ինքնապաշտ- պանական բնազդով կարիք ուներ իր տեղը և իր հարատևումը ապահովելու իր պատկանած հավաքակա- նության արժեքային համակարգում։ Ասվածի ցայտուն վկայությունն է բանաստեղծի վերջին օրերին բանտից Ավ. Իսահակյանին գրած տողերը։

 

Սիրտդ կարող է վեհանալ,

Որ անսալով նրա սրտին՝

Երգ ես տվել ժողովրդին,

Որ իր երգով անմահանայ։

 

Ա՜խ, կուզեի ես ունենալ,

Գոնե մի երգ այնքան ջերմին,

Որ գրեի խուղիս որմին-

Եվ նա հավետ այնտեղ մնար։

 

Բայց Չարենցը ուներ արդեն այդ երգը և այն գրել էր վերոհիշեալ տողերից շուրջ 17 տարի առաջ, գրել էր հանգիստ, թեթև սրտով, ասես, որպես գրչի մի խաղ, և դա «Ես իմ անուշ…»-ն էր։

Վերադառնալով Վ. Նավասարդյանի հետ ունեցած երկխոսությանը նշենք նաև, որ բացառված չէ, որ Չարենցը ինչ որ տեղ զղջացած լինի այս տաղը գրելու համար, բայց գուցե Չարենցի երկարժեքությունն էլ է հոգեբանորեն խորապես ազգային։

Հայ ազգայնական գաղափարախոսությունը սփյուռքում թե Հայաստանում (խորհրդային շրջանը ներառյալ) տևաբար փորձել է Չարենցին յուրացնել, որպես նույն այդ գաղափարախոսության դրոշակիր և մարտիրոս, ելնելով հատկապես նրա եղերական մահվան հանգամանքներից։

Վերը նկարագրված հոգեբանությունը, ամեն ինչ վսեմացնելու իր տրամադրությամբ, խիստ զգայուն և անհանդուրժող է քննադատության և բոլորովին անկարող ինքնաքննադատության նկատմամբ. արդյունքում Չարենցի ողջ ստեղծագործությունը գնահատվել է հաճախ կեղծ և միակողմանի մեկնաբանությամբ և մինչ օրս էլ ենթակա է լուռ գրաքննութեան։

Եվ ստել՞, կամ ինչպես ասել են, տու՞րք է տվել Չարենցը ժամանակի գռեհիկ սոցիոլոգիզմին, գրելով «Գովք խաղողի…» և «Պատմության քառուղիներով» պոեմները։ Նորից ոչ, որովհետև Չարենցի ժխտումը սկզբնական է և մեզ տանում է մինչև «Վահագնը»,«Ազգային երազը»,«Դանթեական առասպելը», «Աթիլան», «Սոման», «Ամբոխները խելագարվածը», այսինքն մինչև նրա հոգևոր ակունքները, մինչև նրա սկզբնական բախումը հոր, դպրոցի և Կարսի խղճուկ միջավայրի հետ։

Որ Չարենցը՝ Շահան Շահնուրի նման, մեծ կարծիքի չէ հայ անցյալի ու ներկայի մասին, ապացուցման կարիք չի զգում, և եթե նա Շահնուրի նման չի թողնում իր անուշ Հայաստանի արևահամ բառը և չի գրում այլ լեզվով, այնուամենայնիվ աչքը սեփական խեղճությանն է և այլոց փարթամությանը։ Ահա այս բարդույթից խուսափելու համար է, որ հայությունը «Ես իմ անուշը» հռչակում է մեծագույն գլուխգործոց, դրանով իսկ, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար, ստվեր գցելով Չարենցի մյուս գործերի վրա։ Այո՝, «Ես իմ անուշը» հայ ժողովրդի սրտից է խոսում, և այդ սիրտը բաբախում է նաև Չարենցի կրծքի տակ, չկասկածենք երբեք, սակայն «Գիրք ճանապարհին» է Չարենցի պատգամը։

Չարենցի «Ես իմ անուշը» Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի վուլգարիզացիան և պարոդիան է միաժամանակ։ Այն Հով. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսել ես ասա» բանաստեղծության և դրա Թումանյանական հրաշալի պարոդիայի (ռոմանտիկականի և ռեալիստականի) համադրությունն է, և հենց դրանումն է նրա կախարդական հմայքի գաղտնիքը։

«Ես իմ անուշը» միստիֆիկացիա և դեմիստիֆիկացիա է միաժամանակ։ Իսկ հայ ընթերցողը այս բանաստեղծությունը մեկնաբանում է ըստ իր ցանկության և հոգեբանության, նրան տալով միայն դրական իմաստ և շրջանցելով բացասականը։ Հայը գովքի է կարոտ։

«Ես իմ անուշը» դառնում է բանաստեղծի նման անտուն, սակայն ամուր տեղավորված հայի սրտում, հայի՝ որը իսկական գրողն ու մեկնաբանողն է այդ բանաստեղծության, բոլորովին անկախ հեղինակից ու նրա մտադրությունից։

Չարենցի ներքին էներգիան գերազանցաբար ուղղված է «դեպի ապագան», նա «Ֆուտուրիստ» է բառիս, ոչ միայն գրական, այլ նաև բուն իմաստով, բայց անցյալին կառչած հայի հոգեբանությունը զարմանալիորեն չի նկատում, որ «Ես իմ անուշը» ոչ մի ապագա չի ուրվագծում։ Այն, իր պատկերային ամբողջ համակարգով անցած հարազատի մի լուսանկար է, որին բանաստեղծն ու ժողովուրդը խոստանում է իր անդավաճան պաշտամունքը և նրա հիշատակի հավերժացումը։ Դա ազգային ինքնության վերածված անցյալի մի պաշտամունք է, որի դեմ ժխտումի և ինքնաժխտումի խելահեղ պոռթկումով պիտի ընդվզեր Չարենցը, ստեղծելով «Երկիր Նաիրին» ու «Պատմության քառուղիներով»ը։

Բայց «Ես իմ անուշը» գրվել է։ Այստեղ բանաստեղծությունը ինքն է գրել Չարենցին՝ ինչպես որևէ իսկական բանաստեղծություն։ «Ես իմ անուշը» Չարենցին թելադրվել է հայ հավաքական ենթագիտակցության կողմից, և որպես այդպիսին, այն պատվերով գրված բանաստեղծություն է։ Հայ ժողովուրդը այն պատվիրել է իր բանաստեղծին, ինչպես գրբացին են հուռութք ու հմայիլ պատվիրում և ապա հավատում նրա կախարդական զորությանը։

«Ես իմ անուշ…»ով Չարենցը հայությանը տվեց այն, ինչին կարիք ուներ նրա «հիվանդ արյունը» (Վ.Տ) , պաշտել սեփական տառապանքը և փառավորվել սեփական անբա- վարարվածությամբ, ինչից ինքը՝ բանաստեղծը, ձգտում էր ազատագրվել և ազատագրել նաև իր ազգը։

Սակայն արդյունքում հայությունը Չարենց բանաստեղծից սեփականացնում է միայն «Ես իմ անուշը», իսկ Չարենց մարդուց նորից ու կրկին, միայն զոհի ու խաչյալի լեգենդը, որպեսզի կատարվի այն, ինչ որ ասաց.

 

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ

Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն,

Իմ անցած կյանքը կդառնա լեգենդ

Օրերիս նման անդարձ ու վսեմ։

 

             Հայը ապրում է լեգենդներով։

Իսկ Չարենցի մեղքը լեգնդի պսակազերծումն է։

Նա ձգտում է դուրս պրծնել առասպելի անխախտ ու ապահով իշխանությունից և նետվել դեպի ոգու արկածախնդրության անհայտ հորիզոնները, և դարձյալ ողբերգությունը նրանումն է, որ նրան միաժամանակ տանջում է «Հայրենի տնից» երես դարձնելու մեղքի զգացումը։ Այդ զգացման վկայությունը պիտի համարել, օրինակ Վ.Տերյանի, Ավ.Իսահակյանի (և ոչ միայն նրանց) համար գրած Չարենցի «Մեղայականները»։

Կա նաև վախը մենության և անհայտի, որը ճակատագիրն է ամեն մի ըմբոստի։

Չարենցի ընդվզումը, ինչքան էլ հզոր, մնում է անկատար և դրա մեջ քիչ դեր չունի հայության պատմա քաղաքական հատուկ վիճակը։ Գոյապահպանման բնազդով, որը դրսեվորվում է ավանդապահությամբ, հայությունը դանդաղ ու հապաղումով է կողմնորոշվում դեպի նոր քաղաքակրթությանը բնորոշ անմիֆ ու անաստված մտածողությունը, իսկ Չարենցը սրընթաց առաջ անցնելով, այնուամենայնիվ, ետ է նայում։ Այս իմաստով պիտի կարդալ «Անկումների սարսափից» բանաստեղծության հետևյալ տողերը.

 

Եվ չարձակած ո՝չ մի նետ անկումների սարսափից,

Ես փախչում եմ ահա ետ-ես նահանջում եմ նորից։

 

Ինչպես նաև ամբողջ բանաստեղծությունը, որը թեև գրված է 1920 թվին, սակայն իր մեջ ամբողջացնում է Չարենց բանաստեղծի դրաման։

Ես հայ հանճարս, ուզում եմ լինել բարձր ու մեծ և վառվել դարերում, իսկ նաիրյան ոգին ուզում է, որ ես լինեմ մերկ, անսփոփ ու անօգ, ուստի խելագարված ամբոխները (իմա.Չարենցի ավերման պաթոսը) պիտի ավերեն ամեն ինչ, որպեսզի ապագայում ոչ ոք չիմանա իմ տկարության մասին։

Ահա այդ բանաստեղծության միտք բանին։

Իսկ «Պատմության քառուղիներով» պոեմի ավարտը ավելի քան խոսուն է այս իմաստով։ Այստեղ բանաստեղծը այն միտքն է զարգացնում, որ քանի որ մենք

 

Երևի առաջին ժողովուրդն ենք

Որ կամենանք անգամ-դավաճանել

Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած.

Ուստի և՝

Այդ մենք ենք երևի այն ուղտը հաստակող.

Որ Հիսուսի առակին հակառակ

Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով

Ապագայի դրախտը անարատ…

 

Այսպիսով Չարենցի «Ես իմ անուշը» և նրա ճակատագիրը ունի մշակութաբանա- կան հատուկ նշանակություն… Այն լինելով անհատական ստեղծագործություն իրականում հանդիսանում է պատմականորեն ձևավորված հայ հավաքական հոգեբանության խտացված արտահայտություն։ Բանաստեղծության մեջ անհատի նրբորեն ծածկագրված ներքին հակասությունը (հաստատում-ժխտում) յուրատեսակ խմբագրման է ենթարկվում հանրույթի կողմից, վերածվելով միանշանակ օրհներգության։ Սա բանահյուսական մշակույթի այն մոմենտն է, երբ անհատ ստեղծագործողի դերը հավասարվում է զրոյի և ստեղծագործությունը, անհատին թելադրված լինելով հանրույթի կողմից, ենթարկվում է նրա մեկնաբանությանն ու արժեվորմանը։

Չարենց երևույթի մեջ բախվում են հավաքական մենքը՝ և անհատական եսը։ Առաջինը ավանդույթն է, որ համառորեն ուզում է իր ոլորտի մեջ առնել ստեղծագործ անհատին, երկրորդը նոր մարդն է, որ փորձում է ձերբազատվել ավանդույթի կախարդանքից, հաստատելով իր անհատականությունը։

Չարենցի «Ես իմ անուշ…» բանաստեղծությունը այս հակադրությունների միասնական արտահայտությունն է, դրանց սինտետիկ մարմնավորումը։ Այն՝ բանաստեղծ անհատի և ազգի հավաքական ստեղծագործությունն է, որտեղ անհատը մերվում է հավաքա- կանության մեջ, յուրացվում նրա կողմից և, որպես այդպիսին, այն եզակի է Չարենցի ստեղծա- գործության մեջ, որն իր ամբողջությամբ ուղղված է հավաքականության՝ նրա ավանդական ինքնության, ասիմիլացնող հզոր ուժի դեմ։

 

 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: