ԸՆԴԱՌԱ՛Ջ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

սփյուռքահայությանը ուղղված կոչին

 

 Սկզբում մտադիր էի խոսքս ուղղակի ուղղել իրեն` ՀՀ պարոն վարչապետին, սակայն երեք հիմնական պատճառով հրաժարվեցի այդ մտքից.

Առաջին, որ ես ինձ չէի կարող թույլ տալ նման համարձակություն:

Երկրորդ, որ երբեք չես կարող վստահ լինել, թե նման ելույթների հեղինակն  ու ստորագրողը նույն մարդն է, և վերջինս ընդհանրապես կարդացել է տվյալ գրությունը, թե լիովին վստահելով իր ճառագրի (speechwriter)-ի կարողություններին, միայն ստորագրել է այն և, քանի որ այստեղ խոսքը ոչ թե սովորական մի ելույթի մասին է [գնում], այլ հայ հռետորական արվեստի պատմության մեջ նոր դարագլուխ բացող մի գլուխգործոցի, ապա իմ կողմից անքավելի անարդարություն կլիներ բուն հեղինակի ճարտասանական հանճարը վերագրել մի այլ անձնավորության, թեկուզ դա լինի ինքը` ամենայն հայոց ներկան ու ապագան դարբնելու եկած վարչապետը:

Երրորդ, մեր մեծարգո վարչապետը այս օրերին այնքան է ծանրաբեռնված հայ ժողովրդին նետված լուրջ մարտահրավերները դիմագրավելով, որ դժվար թե ժամանակ գտնի կարդալու ոմնի սույն այս հիացական պոռթկումը, թեկուզ իր սեփական հանճարին ի տես:

Ուստի համեստաբար որոշեցի խոսել ենթադրյալ ընթերցողի հետ, փորձելով խորանալ առաջին հայացքից պարզ ու սովորական թվացող այս գրության ամենախորունկ ու խորիմաստ խորխորատները:

Սկսեմ հենց առաջին պարբերությունից

«Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր,

Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը»:

Ըստ վերնագրի կարող է թվալ, թե խոսողը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է, որն իր խոսքն ուղղակի ուղղում է սփյուռքահայությանը, բայց, ո՛չ, սիրելի ընթերցող, իրականում խոսքն ավելի հեռուներց է գալիս և ավելի հեռուներն է գնում: Տեքստում «ես» դերանունը օգտագործված է միայն 1, «եմ» բայը 1, «ունեմ»-ը 2 անգամ, որի դիմաց «մեր» դերանունը հնչում է 15 , «մենք»-ը 5, «մեզ»-ը 1 անգամ, գումարը 21, որով պարոն ՀՀ վարչապետը սկզբում անձնապես իր անունից (4 անգամ), իսկ այնուհետև մերթ համայն, մերթ Հայաստանի, ինչու չէ, նաև Արցախի հայության, մեկ-երկու անգամ էլ ՀՀԿ-ի (կառավարության) և մյուս ՀՀԿ-ի (կուսակցության) անունից դիմում է կամ կոչ է անում կամ էլ, ինչպես ինքն է ասել, երկուսը մեկտեղելով, կոչով դիմում է, ու՞մ.

1-«Սիրե՛լի հայեր»-ին ընդհանրապես: (Դե, իհարկե, չէ որ գտնվում են նաև ոչ այնքան սիրելի հայեր, ահա թե ինչու շեշտը դրված է «սիրելի» ածականի և ոչ թե «հայեր» կոչականի վրա, այլապես, կասկածից վեր է, որ հարգ. վարչապետը կոչի համախմբող ոգուց ելնելով այն կսկսեր ուղղակի խրոխտ ու վեհ ՀԱՅԵ՛Ր-ով):

2-Սփյուռքի մեր հայրենակիցներին, մասնավորապես: (Հասկանալի է, թեև ինքը` պարոն վարչապետը օրենքով դեռևս ավելի «մեզմե» է քան «անոնցմե»: Բայց, ինչպես մեր իմաստուն հներն են ասել «Հարկ լուծանէ զ’օրէնս»: Մեկ էլ այն, որ թող այն թյուրիմացությունը չստեղծվի, թե մեր սիրելի վարչապետը դեռ չեկած` արքայի ու կաթողիկոսի նման իր մասին խոսում է հոգնակիով):

3- «Եվ նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ»: (Ուշիմ ընթերցողն անկասկած նկատում է, որ սրանք` «և»-ի տրամաբանությամբ առանձնացված են նախորդ երկու խմբերից` «սիրելի՛ հայերից» և «սփյուռքահայ հայրենակիցներից», որոնք նույն տրամաբանութ-յամբ կարող են և անտարբեր լինել Հայաստանի նկատմամբ, կարևորն այն է, որ ինչպես վստահեցնում է մեծարգո վարչապետը (մեջբերում եմ) «Ես ներքին համոզում ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է »: Ուշադրությու՛ն, ընթերցող, խոսքը ոչ թե արտաքին, այլ ներքի՛ն համոզման մասին է [գնում]: Հարկավոր է անդրադառնալ նաև, որ այս երրորդ կատեգորիայի մեջ կարող են ներառվել  ոչ անպայման հայեր. այլև օտարներ, նույնիսկ բացառապես օտարներ. օրինակ, ասենք, մեր անմիջական հարևանները, որոնք, այսպես, թե այնպես, ոչ միայն անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, այլ դրանցից ոմանք շատ ավելի են հետաքրքրված Հայաստանով, քան մեզ պետք է կամ քան առաջին երկու կատեգորիաների հայերը:

Մինչև հենց այստեղ պարզից էլ փարզ է, որ հարգ. վարչապետը առնվազն Հայաստանի 3 միլիոնի անունից հրավիրունմ է առնվազն սփյուռքի 7 միլիոնին տեղում մասնակից դառնալու իր բարեփոխություններին, այլ խոսքով իսկական զանգվածային ներգաղթ, ինչե~ր ասես չէին կատարի տաս միլիոն խելացի հայեր, թեկուզ ժամանակավոր` մեկ-երկու շաբաթվա ներգաղթի ընթացքում…, մեկ խոսքով, իսկը համահայկական ծրագիր, որը սակայն ունի և չէր կարող չունենալ իր երդվյալ ընդդիմախոսները. օրինակ այն, որ ոմանք վերապահությամբ, չասելու համար թերահավատությամբ են վերաբերվում վերոնշյալ թվերի, տվյալ պարագային հրավիրյալների և հյուրընկալողների թվի հավաստիությանը: Նման անբուժելի հոռետեսնսրին հուսահատեցնելով պետք է ասել, որ ներկա դրությամբ սփյուռքի 7  միլիոնին կասկածել պարզապես անհնար է, քանզի սփյուռքի նախարար, ազնվափայլ Տիկին Հրանուշ Հակոբյանը սփյուռքյան իր անվերջանալի  ճաշկերույթների ընթացքին բազմիցս լիաբերան հանդես է եկել 10 միլիոն հայության անունից, նույն 3-7 հարաբերակցությամբ: Դրան նա անկասկած հասել է իր նախարար աշխատած 8 տարիների ընթացքում, իր բարձր տնորինությանը վստահված սուբյեկտի (առարկայի) ճշգրիտ, գիտական ուսումնասիրության արդյունքում, անշուշտ իր տրամադրության տակ ունենալով անցած 25 տարիների բազում փառաշուք Համահայկական համաժողովների ու համագումարների լեռնակուտակ փասաթղթերը,   ինչ վերաբերում է  պարոն վարչապետին, նա պիտի որ մանրամասն քննարկած լիներ դույն այդ վիճակագրական տվյալները, սույն այս կոչը շարադրելիս, ավելի ճիշտ տիկին նախարարի ողջ գործունեությունը նրան իր պաշտոնում վերահաստատելուց առաջ: Գալով, Հայաստանի 3 միլիոնին, ապա դա կարելի է հարյուր տոկոսով ապացուցված համարել բոլոր անցյալ և մոտալուտ ընտրությունների արդյունքով: Իսկ թե ի՞նչ պատկեր կներկայացնի իրենից այդ թվերի  հարաբերակցությունը, մինչև սույն կոչի ազգաշեն ծրագրի մեկնարկը, ապա պետք է ասել, որ դա ոչնչով չի կարող խանգարել ծրագրի իրագործմանը, քանզի նույնիսկ այն պարգային, երբ ողջ հայությունն էլ սփյուռք դառնա, ապա վարչապետի կոչին անսալով կդիմի դեպի տուն միասնաբար կերտելու իր սիրասուն հայրենիքի լուսավոր ապագան: Ինչ վերաբերում է տարածքին, ապա նույն վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը 10 միլիոն մարդ, տեղավորելու հնարավորությունը լիուլի ունի, չունեցավ էլ, ինչպես մեր պապերն են ասել. «Նեղ կանենք, տեղ կանենք»: Մնաց, որ սույն ծրագրով ինքնիրեն կլուծվի նաև Արցախի վերաբնակեցման խնդիրը, ավելի ճիշտ` հրամայականը: Եվ առհասարակ ի՞նչ կապ ունի այստեղ թիվն ու քանակը, մի բուռ հայ չե՞նք, վերջապես, ինչքան շատ, էնքան լավ:

Այդուհանդերձ նույնիսկ այս աննշան մանրուքները չէին կարող և չեն վրիպել մեր մեծարգո վարչապետի, բարձր ուշադրությունից, նա վստահաբար գիտի, որ երբ  3 միլիոն համենայն դեպս զուտ հայ դիմի 7 միլիոն, համենայն դեպս, հայի ո՛չ խոսողը հայտնի կլինի, ոչ լսողը, ոչ էլ մանավանդ ասելիքը, ուստի հեռատեսորեն  և շրջահայացորեն բարեհաճել է առաջադրել չորրորդ տարբերակ, որտեղ, արդեն հստակ ու որոշ նշմարելի են դառնում կամ ուրվագծվում են կոչ-դիմում-հրավերի կոնկրետ հասցեատերերը, իսկ հորիզոնում հստակ երևում է կոչի բուն նպատակը, ավելի ճիշտ դրա տեսլականը: Լսե՛ք.

4-«Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»:

Այսպիսով, հրավերքը առաջին հերթին կենտրոնանում է սփյուռքի կառավարիչների վրա, կառավարման նոր մշակույթ տանելու հայրենիք, ապա կանչվում են մշակութային գործիչները, դե պարզ է, ընդհանրապես մշակույթ` հագ ու կապ, նիստ ու կաց, երգ ու պար, շոու բիզնես ու մանավանդ ջազ և այլն ներմուծելու: Այս երկու խմբի համար միջազգային ճանաչում ունենալը ամենևին էլ պարտադիր չէ, Տեև գերադասելի է, ասենք շարլ Ազնավուրի, ինչու չէ, նաև Կիմ Քարտաշյանի մակարդակը: Հետո գալիս են կրթության և գիտության ոլորտի արդեն պարտադիր կերպով միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներնը,  կարճ ասած խոսքը սփյուռքահայ մասնագետների մասին է [գնում], բայց ուշադրությու՛ն, միայն լավագույների, այնպես որ,  թող ամեն տեսակի միջակություններն ու թեկուզ լավերը կամ սրանցից նույնիսկ ավելի լավերը չփորձեն ներս խծկվել համահայորեն բարեփոխվելու այս նվիրական գործի մեջ: Անցյալի օրինակները քիչ չեն դժբախտաբար, երբ դրսում ոչինչ չներկայացնող ոչնչությունները Հայաստանում նախարարական և նույնիսկ նախագահական աթոռին բազմելով էին փորձում համաշխարհային հռչակի տիրանալ կամ էլ Ղարաբաղում մի երկու փամփուշտ կրակած-չկրակած ողջ իշխանությունը զենքի ուժով զավթելու նկրտումներ էին փայփայում: Դե, անցյալում սխալներ եղել են, ինչպես ամենայն անկեղծությամբ խոստովանում է «կոչ»-ի հարգելի հեղինակը, բայց « …հերթական սխալները թույլ տալու իրավունք այլևս չունենք» ասում է նա, ( իսկ դա նշանակում է, որ որոշակի քերականորեն որոշյալ և օրինաչափորեն անխուսափելի սխալներ հերթի մեջ են):

Բայց անցյալում, եկեք ընդունենք, եղել են նաև նշանակալից նվաճում-ներ, թեկուզ հենց տվյալ` Հայաստան-Սփյուռք համագործակցության բնագավառում: Ի՞նչ պակաս նվաճում է, օրինակ. այն արհեստավարժ  կառավարիչների, սփյուռքահայերենով «ազգային գործիչների» պարագան, ովքեր սփյուռքի «Ազգային Իշխանությույուն»-ը  նվաճելու, այն հավերժորեն իրենց հուժկու բռունցքի տակ պահպելու և կղերակուսակցական կոալիցիոն ձևով կառավարելու, տասնամյակներով մշակված ու փորձարկված տեխնոլոգիան ամբողջությամբ փոխադրեցին հայրենիք և հայրենի իշխանությունների հետ ուս-ուսի շարունակում են այն ի սպաս դնել ազգային պետականության կերտման սուրբ գործին:

Շարքային ճառագիրը ( speechwriter) գուցե և բավարարվեր այսքանով, համարելով, որ հիմնականը ասված է, հստակ են և խոսողը, և հասցեատերը և նամակի բուն իմաստը, բայց ո՛չ, կոչի հեղինակին, թ՞ե ստորագրողին, թե՞ երկուսին միասին հարկավոր է հիմնովին, եթե ո՛չ հեղափոխել, ապա առնվազն բարեփոխել համայն հայության ողջ պատմափիլիսոփայությունը, քանզի ասված է. «Եթե ուզում ես մի բան փոխել, փոխիր նախ ինքդ քեզ»: ուրեմն շարունակենք ուշի-ուշով հետևել իրեն/իրենց:

Մեզ անդադար ասել ու կրկնել են, որ Հայաստանն ու սփյուռքը մեկ ամբողջի երկու` պատմական դաժան ճակատագրով միմյանցից անջատված մասերն են, իսկ կոչը գալիս է բացահայտելու, որ դրանք, ընդհակառակը, շղթայված են մեկը մյուսին (ընդգծ ԱՄ). Հանճարեղ հայտնություն, որով միանգամայն լուծվում է Հայաստանից սփյուռք արտահոսքի խրթին առեղծվածը և հասկանում ես, որ կողմերից մեկը`սփյիւռքը, իր թվային ավելի քան կրկնակի առավելությամբ իր կամքից բոլորովին անկախ ձգում է շղթան դեպի օտար ափեր: Սակայն անմիջապես ընթերցողի միտքը լուսավորվում է մի ավելի դյութիչ և սփոփիչ հայտնությամբ, ըստ որում սփյուռքը մեզ համար, ոչ թե հայաթափում է և սպիտակ ջարդ , այլ պատկերացնու՞մ եք, բացառիկ «առավելություն» (ընդգծ. ԱՄ), և որ «Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի խելացի մարդկային ներուժով»: Զարմանալ կարելի է միայն, որ այս ծով խելքի տեր ժողովուրդը ինչպես մինչ օրս չի անդրադարձել արտաքինից  այսքան պարզ, իսկ խորքում այսքան խոր  ճշմարտությանը, որի մեջ նույնիսկ առանց  խորանալու ուզում ես ի խորոց սրտի ցանկալ, որ այդ առավելությունը օր ըստ օրե առավել ավելանա:  Այս հանճարեղ հայտնագործությունների լույսի տակ ես նաև անդրադառնում, թե ինչու են Հայաստանի մեր իշխանավորնեը վերջին քառորդ դարվա ընթացքում այդպես ժրաջանորեն լծվել տեղական «խելացի մարդկային ներուժ»-ը  ձրիաբար արտահանելու ազգաշահ գործին, ձգտելով այսօր դրա արտասահմանյան լավագույնը, , սփյուռքահայության միջոցով նույնպես անվճար «փոխառնելու» և ներածելու հեռահար նպատակով: Այո՛, սիրելի՛, ընթերցող, «խելացի մարդկային ներուժ»-ը, մանավանդ փոխ առնվածը, ասում է մեր իմաստուն վարչապետը, մի այնպիսի «անհաշվարկելի»  հարստություն է, որի դեմ նու՛յնպես անհաշվարկելի ոչնչության են վերածվում ընդերքի նավթն ու գազը, ոսկին ու պղինձը և անգամ դոլարը, քանզի, ինչպես մեզ սովորեցնում էին մեր խելացի ուսուցիչները, նավթն ու գազը, ոսկին ու պղինձը և անգամ դոլարը   կարող են թալանվել, իսկ գիտությու՞նը, դա բացարձակապես բացառված է, և հենց այս լույսի տակ ես հասկանում, թե ինչու՞ վերոհիշյալ կոնկրետ հասցեատերերի շարքում`(4-րդ կատեգորիա), և ընդհանրապես ամբողջ փաստաթղթում իսպառ կամ գրեթե բացակայում են սփյուռքահայ հարուստները, ըստ ոմանց` «կթան կովերը», իսկ սա արդեն ոչ թե բարեփոխություն է, այլ իսկական իմացական հեղափոխություն: Այստեղ կարող է միամիտ ընթերցողի փոքրիկ ուղեղում ծագել այսպիսի մի անմիտ հարց` եթե Հայաստանի և Արցախի հայերը նույնքան խելացի են, որքան սփյուռքինը, ուրեմն ինչու՞մն է կայանում սփյուռքի առավելությունը, մանավանդ որ սփյուռքի նախարարուհին մի քիչ այլ կարծիքի էր, նա ասում էր. «եթե մեր թշնամիները նավթ և գազ ունեն,  մենք էլ ունենք սփյուռք»: Վերջինիս մոտ, ինչպես տեսնում ես, սիրելի ընթերցող, խելքի մասին ամենևին խոսք չկա բայց ինչու՞, որովհետև, միամիտ ընթերցող, վարչապետը և նախարարուհին երկուսն էլ ներքուստ համոզված են, որ հայի համ փողն է դրսում, համ էլ խելքը, իսկ դրանք մայր հայրենիք ներկրելու համար բավական է հիշեցնել, որ.

«Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի դիմաց, որը մեզ համոզում է միավորել ուժերը…»(ընդգծ ԱՄ): Ահա ձեզ պարզ ու մեկին մի նախադասություն, որը բացահայտում է առնվազն երկու մեծ ճշմարտություն.

Ա.- Անձամբ տողերիս գրողին մինչ օրս հայտնի չէր, թե իր Իրանում ծնված լինելու բերումով ինքը պատասխանատու է որևէ մեկին կամ ընդհակառակը, որևէ մեկը պատասխանատու է դրա համար, բացի, իհարկե, չորս դար առաջ ապրած Իրանի Մեծն Աբբաս թագավորը և մի քիչ էլ այն օրերի մեր մի քանի հոգևոր և աշխարհիկ օլիգարխները: Նա չգիտեր նաև, որ ինքը պատասխանատու է, որ մեր պատմության այս փառապանծ շրջանի միակ համահայկական նվաճումը` հայերի բացառիկ առավելության (սփյուռքացման) պաշտոնական տվյալներով 12. 84%, իսկ անպաշտոն տվյալներով ավելի քան 20% աճն է:

Բ.- Մինչ օրս մայրենի լեզվի անսպառ հնարավորություններին անտեղյակ օտարվածիս ուղեղում մեխվել էր այն անհեթեթ միտքը, թե պատասխանատվությունը ենթադրում է միայն պարտավորություն և պարտադրանք, ուստի նպատակահարմար է հնարավորինս խուսափել դրանից, իսկ ահա՛ մեր սիրելի վարչապետը գալիս է մեզ բոլորիս հանելու այս ազգակործան թյուրիմացությունից, ասելով, որ պատասխանատվութ-յունը, ո’չ թե պարտադրում է, այլ, համոզում (ընդգծ. ԱՄ), կուզեք, կհամոզվեք, չեք ուզի, դուք գիտեք, ահա՛, հայ մտքի և հոգու ինչպիսի~ ազատագրում: Եվ վերջապես անդրադառնում ես, թե խոսքը ընդամենը, բարոյական պատասխանատվության մասին է [գնում ], որը անկախ մեր կամքից ունենք մեկս մյուսի նկատմամբ, և որը, նորից անկախ մեր կամքից, համոզում է մեզ, ձեռք-ձեռքի տված քայլել դեպի նորանոր բարոյական հաղթանակներ: Ահա՛, թե մինչև ուր է տանոմ այս իմաստակուռ կոչի լուսաբանական լույսը, և գիտե՞ք ինչու, որովհետև այն շարադրված է բարոյական պատասխանատըվության մեծագույն զգացումով և հասցեատիրոջ նկատմամբ ամենախոր հարգանքով:

«Ժամանակն է,- ծանուցում է վարչապետը,- որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ` փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով»:

Իսկ ի~նչ էինք անում մենք, սիրելի՛ հայեր. այս էլ հազար տարի: Մենք համառորեն նայում էինք միմիյանց աչքերի մեջ և ամեն հիմարություն շպրտում էինք իրար երեսի, զարմանալով, թե ինչու՞ չենք կարողանում, ինչպես ասում են, ձեռք-ձեռքի տալով մեր էշը ցեխից հանել կամ թե ինչու՞ սայլը… չէ՛, սայլը տեղից շարժվում էր, բայց միշտ մեր ցանկացած ուղղությանը հակառակ: Եվ ահա՛, եկել է ժամանակը, որ այլևս շրջվենք, վերջնականապես երես թեքենք իրարից և սկսենք խոսել ինքներս մեզ հետ, իսկ թե դեպի ո՞ր կողմը պիտի շրջվել և կոնկրետ ի՞նչը փոխել, ժողովու՛րդ, խելքիդ հարցրու, ինչը, պարոն վարչապետը վստահ ու համոզված է և քեզ էլ վստահեցնում է, որ ունե՛ս, դեռ ներուժն էլ հետը, ուստի և հարկ չի համարում ամեն ինչ ծամել ու դնել քո բերանը, բավական է միայն հետևել հենց իրեն` վարչապետին, քանզի նա, ով այդպես տիրապետում է հայոց պատմության ժամանակացույցին, նրա ձեռքումն է նաև հայոց ապագայի կողմնացույցն ու, անգամ, հողմնացույցը: Ուրեմն առա՛ջ:

 

Քելե, քելե, քելքիդ մեռնեմ,

Քո գովական խելքիդ մեռնեմ:

Քելե, լաո, քելե էրթանք մըր ըրգիր:

 

Այո՛, սիրելի ընթերցող, մեր երիտասարդ վարչապետի ձեռքը ժամանակի զարկերակի վրա է: Դրանում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել հենց սույն այս կոչի հրատարակման ժամանակին, վարչապետի ցանկությունն է, որ սփյուռքը ևս բարոյապես մասնակից և  ականատես դառնա, թե ինչպես են հայրենաբնակ մեր հայրենակիցները միաձայնությամբ քվեարկում վերափոխման խոեհրդարանի, որ միևնույն է վերափոխիչ վարչապետի օգտին: Սա, իհարկե, ոչ մի կապ չունի սփյուռքի մի խումբ մտավորականների նախաձեռնության հետ, ովքեր որոշել են , վարչապետի կոչին մի քիչ կանխավ արձագանքելով ներկա գտնվել սույն ընտրություններին, որպես անկո՞չ, թե՞ինքնակո՞չ դիտորդներ:

Բնական է, որ այս անպատասխանատու նախագծի մասնակիցների նկատմամբ ունեցած ՀՀ վարչապետի պատասխանատվությունը ստիպված է բարոյական բարձրունքներից կտրուկ գահավիժել մինչև նրանց, պատկերացնու՞մ եք, ֆիզիկական անվտանգության ապահովումը,  մանավանդ որ  նախաձեռնության հեղինակը արդեն Հայաստանում քրեական անցյալ վաստակած ոմն անպատասխանատու դերասանուհի է:

Փակագծի մեջ նշենք, որ բարեբախտաբար այսօր Հայաստանում տեղացի, թե, ի պատիվ իրենց ու մեզ, նաև սփյուռքահայ կառավարիչների , մեջ ևս քիչ չեն  վերոնշյալ երեք տեխնոլոգիաներին (ժամանակացույց, կողմնացույց, հողմնացույց) լիուլի տիրապետող անհատներ և կուսակցություններ, որոնք իրենց ամբողջ հմտությունը ի սպաս են դնում հայրենաշինության սուրբ գործին:  Անցնենք առաջ.

«…յուրաքանչյուր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք և ոգևորություն կհաղորդի մեզ, (բա մե~զ) որի արժեքավորումը (ուզում է ասել արժե՞քը), գուցե, հաշվարկելի չէ, (գուցե և է՛, նայած շփման տեսակին, բայց ո՞մ է դա ընդհանրապես պետք, երբ խոսքը բոլորիս հաջողությանն է վերաբերում) բայց արդյունքը միանշանակ կարող է բերել աշխարհայացքի(ու՞մ) փոփոխության, արժեհամակարգերի(ո՞ր) նկատմամբ հանդուրժողականության, կառավարման(ինչի՞) ու աշխատանքի(ո՞ր) արդյունավետության բարձրացման: Սա արդեն կլինի բոլորիս հաջողությունը» :

Եթե չեմ սխալվում այս և հաջորդող հատվածներում խոսքը ավելի շատ ուղղված է հայրենաբնակներին, ինչը տրամաբանական է, քանզի կոչի հեղինակի  առաջնահերթ խնդիրը, իհարկե, սփյուռքին տուն կանչելն է, բայց չէ որ հարկավոր է նաև շահել «տանտիրոջ» համաձայնությունը, հորդորելով նրան.

«…հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար»:  (իսկ գուցե՞ «հանդուրժելի»):

«Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել»: (Միտքը փոխ առնել է, վերադարձնելու պայմանով, և ոչ թե, հեռու մեզանից,  յուրացնել, թեև հմտությունը ժամանա-կավորապես փոխ առնելը ինքնին հատուկ հմտություն է պահանջում և կարծում եմ պիտի անցնել հետևյալ  փուլերից. Նախ մենք սփյուռքահայերս դիմում ենք մեր ապրած երկրի ազգին և խնդրում մեզ փոխ տալ իր մշակույթի լվագույն հմտությունները, , օրինակ մեկ տարով, որի ընթացքում  հասկանալի է, որ տվյալ ազգը զրկվում է սույն հմտություններից, դրանք տանում ենք Հայաստան, ամբողջ մեկ տարի Հայաստանը օժտում ենք այդ հմտություններով, հետո փոխառյալ հմտությունները վերադարձնում ենք տիրոջը և դա կլինի մեր բոլորիս հաջողությունը, և մենք կկարողանանք արդեն.

«…շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ»: (առանց մեկնաբանության):

Որին հասնելու համար.

«…Սփյուռքի [այլ ազգերից փոխ առած] մշակույթը պետք է նկատելի լինի մեր կյանքում»: Ինչպես տեսնում ես, սիրելի ընթերցող, խոսքը ոչ փոխ առնելու, ոչ էլ յուրացնելու մասին է, ինչը կնշանակեր կորցնել «մեր պատմական արժեքներն ու ավանդույթները», այլ ընդամենը մի քիչ նկատելի դարձնելը, մանավանդ մեր նիստուկացի` ուտել-խմելու, հագ ու կապի մեջ, ի՞նչ դժվար բան է որ, միթե՞ հնոց անտի, երբ ոչ սփյուռք ունեինք, ոչ նավթ ու գազ, ոչ էլ համացանցով կապված էինք աշխարհի հետ, վատ էինք օտարի լավագույնը փոխ առնում, այն պետականացնում, ապա ազգայնացնում, դառնալով նույնիսկ առաջինը աշխարհում: Իսկ հիմա սփյոռքի «խելացի մարդկային ներուժը» այսինքն մեր նավթագազային ծով հարստությունը թողած…

Բայց ո՞ր սփյուռքի մասին է խոսքը [գնում], կհարցնի ընթերցողը, ավանդակա՞ն, նո՞ր, ամերիկյա՞ն,  ևրոպակա՞ն, ռուսականը հո մերն է… Բայց նման հարց չէիր տա, սիրելի ընթերցող, եթե առնվազն տողերիս գրողի թեև մի քիչ մանրախնդիր, բայց և խորաթափանց հայացքով կարդայիր կոչը, որում հարգ. վարչապետը առաջին անգամ լինելով շրջանառության մեջ է դնում «Սփյուռքի Մշակույթ»(ընդգծ. ԱՄ) միասնական հասկացությունը, որը անկասկած գիտականորեն հիմնավորվում ու սահմանվում է սփյուռքի նախարարության 8-ամյա հետազոտությունների արդյունքներով, և որը դեռևս անծանոթ է իրեն` սփյուռքին: «Սփյուռքի Մշակույթ» տեսությունը, ո՛չ թե գալիս է ջրելու մինչ այս շեփորվող «Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ» գաղափարի ճշմարտացիությունը, այլ ըդհակառակը զորավիգ կանգնելու նրան «Մեկ Սփյուռք, Մեկ Մշակույթ» պատմականորեն կայացած (ընդգծ. ԱՄ) իրողությամբ, որոնց միատեղ ջանքերով.

«…Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով»:

(Պարզ է, որ այստեղ խոսքը ամենևին էլ արտագաղթի մասին չի [գնում], որովհետև ոչ ոք հաճախ անվերադարձ ոչ մի տեղ չի մեկնում, իսկ թե երբ է լինելու այդ «ժամանակ անց»-ը, հավանաբար միայն հին կոմունիստներից պիտի հարցնել, ովքեր կարողանում էին ճշգրիտ հաշվարկել կապիտալիզմին հասնելու և նրանից առաջ անցնելու ժամկետներըը):

Իսկ երբ գա այդ երազած օրը, մեզ կմնա արդեն իսկ անճանաչելի դարձած

«… Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին»:(մինչդեռ մենք մինչ օրս զուր ջանքեր էինք թափում այն միայն ծանոթացնել):

Մեծարգո վարչապե՛տ ՀՀ-ի, նվաստս, թե ներքուստ և թե արտաքուստ եկել է այն խոր համոզման, որ Հայաստանն ու հայ հանճարը աշխարհին «ճանաչելի» դարձնելու լավագույն միջոցը կլիներ ձեր այս ազգաշեն կոչը կամ/թե՞ դիմումը թարգմանել բոլոր լեզուներով, և ցրել աշխարհով մեկ, որով այն մատչելի կդառնար, թե 7 միլիոն սփյուռքահայությանը, և թե զգալի չափով կբարձրացներ Հայաստանով հետաքրքրվողների թիվը, բայց ձեր գրությունը  այնքան է հագեցված շշմեցուցիչ, ես կասեի չլսված ու չտեսնված գաղափարներով և համապատասխան լեզվաոՃական նորամուծություն-ներով, որոնց համազորը դժվար է գտնել, ինչպես հայոց, այնպես էլ որևէ այլ լեզվի մեջ:    Ձեր հռետորական հանճարը, հավատացած եղեք, գերազանցում է նույնիսկ սփյուռքի ազնվափայլ նախարարուհու բոլոր ելույթները միատեղ վերցրած, սակայն բոլորին մեկիկ-մեկիկ անդրադառնալը դուրս է նվաստիս մտավոր կարողության սահմաններից, դրանով, չկասկածե՛ք, կզբաղվեն գալիք սերունդները, ուստի այն թողնելով  ապագա սերունդներին համեստորեն խնդրում եմ նվաստիս համար պարզել մի երկու աննշան մանրուք.

Ձեր կոչը դուք ավարտում եք «Սիրով սպասում ենք ձեզ» սրտառուչ հրավերով, կարո՞ղ է, արդյոք, տողերիս գրողը ինքն իրեն ընդհանրապես պատկերացնել ձեր հրավիրյալների 4 կատեգորիաներից որևէ մեկի  ցանկում: Իսկ եթե այո, ապա ինքը անձամբ ձե՞ր սուրբ հարկի տակ է հյուրընկալվելու, թե՞, ասենք, «Արի տուն» ծրագրի սահմաններում սփյուռքի ազնվաշուք նախարար Տիկին Հրանուշ Հակոբյանի, թե՞ ընդհանրապես հայրենի հայության «անհյուրընկալ խրճիթների»: Ձեզ երկար չսպասեցնելու համար երախտապարտ կդարձնեիք, եթե բարեհաճեիք հնարավորինս շուտ ցրել իմ սույն կասկածները, պատշաճ նախապատրաստվելու և առաքելությունը հնարավորինս նպատակին ծառայեցնելու մտոք:

                                                                      Հարգանքներով

                                                                      Ազատ Մաթյան

                                                        Մարտ 2017, ԱՄՆ, Լոս Անջլես

 

Հ.Գ. Սիրելի ընթերցող, մինչ տողերիս գրողը ինչ-ինչ հույսեր էր փայփայում ՀՀ մեծարգո վարչապետի կողմից հայրենիքում հյուրընկալվելու, պարզվեց, որ մի խումբ կառկառուն միլիարդատերերի հետ հյուրասիրությունը արդեն կայացել է, և մեր բոլորի հաջողությունը արդեն պատմական փաստ է, այլ խոսքով, երբ ոմանք զբաղված են երկար բարակ զեվզեկություններով, ազգի ու հայրենիքի փրկիչները գործում են:

 

 

www.azadmatian.com

azadmatian@yahoo.com

 © 2016  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: