Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

  ՀԱՖԵԶ 2007, Սպահան , » հրատ. «Թահղիղաթ նազարի», 254 էջ, տպաքանակ 2000 :Հրատարակվել է Տեր և Տիկին Հրաչ և Էլվին Միրզախանյանների մեկենասությամբ:Գիրքը պարունակում է Իրանի մեծագույն քնարերգակ Հաֆեզի 105 գազելների թարգմանությունը: Ներառված են նաև յուրաքանչյուր գազելի պարսկերեն բնագիրը:Գիրքն ունի ընդարձակ առաջաբան և ծանոթագրություններ, որոնք միտված են հնարավորին չափ դյուրացնել Հաֆեզի բանաստեղծությանը ոչ այնքան ծանոթ հայ ընթերցողի մուտքը մեծ բանաստեղծի, ինչպես նաև իրանական դասական բանաստեղծու-թյան բարձրարվեստ աշխարհից ներս: Բ. Հրատ.2012, Հալեպ, Հրատարակություն Բերիո Հայոց Թեմի, «Այգ» մատենաշար-18, 173 էջ:Հրատարակվել է հրամանավ և առաջաբանով թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Շահան Ս. Եպս. Սարգիսյանի, մեկենասությամբ Տեր և Տիկին Գաբրիել և Բժշկուհի Անժել Չեմպերճյանի:   *Ես մի անուշ երազ տեսա, ձեռքիս գինու թաս ունեի,Ասել է, թե էս աշխարհից երջանկության մաս ունեի։ Քառսուն տարի տառապեցի ու տանջվեցի սիրո ճամփին,Դարդիս դարման երկու տարվա գինու մի կարաս ունեի։ Այն ինչ, որպես անուշ երազ, ես իմ բախտից պահանջեցի,Էն գանգրահեր սևամազից ձեռքիս մի փունջ մազ ունեի։ Վիշտը ամբողջ գիշեր քունը փախցրել էր իմ աչքերից,Լույսը բարի բացվեց, սակայն, ձեռքիս գինու թաս ունեի։ Այս գինետան դռան առջև անդադար արյուն եմ լալիս,Այս աշխարհի ճոխ սեղանից ես այսքանը մաս ունեի, Նա, ով գորով չսերմանեց ու չքաղեց վարդը սիրո,Ասաց. «Ավա՜ղ, քամու դիմաց մարող մի մուրազ ունեի»։ Լուսադեմին, սոխակը երբ տարածում էր լաց ու հառաչ,Ծաղկեստանի միջով անցա, ձեռքիս սիրո սազ ունեի։ Անուշ տաղով գովքն արի էն աննման թագավորի,Ամեն տողս մի գիրք արժեր, գոհար ու ալմաս ունեի։ Հա‎ֆեզն ասաց. «Առյուծաձև այն արքայի դիմաց, սակայն,Նետահարված եղնիկի պես սիրտս մասնե-մաս ունեի։       *Բարեկամնե՛ր, վազի դուստրը իր երեսի քողն է բացել,Արտոնության համար՝ անգամ մուհտասիբի դուռն է ծեծել։ Տեսե՛ք, ահա մտավ մեջլիս, դեմքը շիկնած ու քրտնաթոր,Հե՜յ հարի‎ֆնե՛ր, մի՛ հարցրեք, թե ու՞ր էիր անհետացել։ Ծնծա՛, սիրտ իմ, նվագածուն սիրո երգ է երգում նորից,Նրա երգի հարբած լարից խումհարն էլ է զվարթացել։ Այն գինին, որ առաքինու մազեղենի փեշը ներկեց,Ո՛չ յոթն աղբյուր ջուրը, ո՛չ էլ հազար հուրը չի՛ լվացել։ Ողջագուրման բողբոջս քո գարնանային բոցից բացվել,Քաղցրախոսիկ սոխակն էլ, տե՛ս, վարդիս հոտով է խենթացել։ Համեստ ու հեզ մնա, Հա‎ֆե՛զ, քանզի նախանձ հավակնորդըՍիրտ ու հոգի, պատիվ ու գանձ, բոլորից է սնանկացել։       *Ասի. «Բերանդ ու շուրթերդ ե՞րբ են ցավս դարմանելու»,Ասաց. «Աչքիս վրա, ինչ որ դու ասես՝ այն են անելու»։ Ասի. « Մեն մի համբույրը քո Մսրա խարաջ արժե, հոգի՛ս»,Ասաց. «Ե՛կ, այս առևտրում ո՛չ ոք վնաս չի տանելու»։ Ասի. « Դեմքիդ շրջագծում ո՞վ կհասնի բերնիդ կետին»,Ասաց. « Նրբանկատ եղի՛ր, նրբին կետն այդ նկատելու»։ Ասի. « Կռապաշտ մի՛ լինիր, ե՛կ, միակին երկրպագիր»,Ասաց. « Սիրո թաղամասում և այս և այն ես անելու»։ Ասի. «Բուրմունքը գինետան ցրում է վիշտը սրտերի»,Ասաց. « Երնեկ նրան, ով մի սրտից վշտերն է վանելու»։ Ասի. «Գինին մազեղենին անհարիր է մեր կրոնում»,Ասաց. « Դա էլ ծեր մոգպետի կրոնով ենք դավանելու»։ Ասի. « Շուրթից քո մեղրահամ էն ծերուկին էլ ի՞նչ օգուտ»,Ասաց. « Անուշ մի համբույրով նա նորից է դալարելու»։ Ասի. «Խոջան ե՞րբ կմտնի առագաստը սիրեցյալի»,Ասաց. « Լուսին և Արուսյակ ե՞րբ են կրկին իրար գալու»։ Ասի. « Հաֆեզն աղոթում է քո դովլաթով բախտի համար»,Ասաց. « Այդ են հենց կրկնում երկնքի յոթ կամարներում»։       *Մեր ակնարածության վրա անգետները շվարած են,Մենք այնպես ենք, ինչպես որ կանք, ինչ ուզում են թող մտածեն։ Խելոքներն են մեր գոյության կենտրոնակետը կարկինի,Սերը գիտի, սակայն, որ այս շրջագծում մոլորված են։ Նրա չքնաղ դեմքը միայն ի՛մ աչքերը չի շլացնում,Արեգակն ու լուսնկան էլ նրա լույսի մի առկայծն են։ Աստված է մեր դաշնը կնքել շուրթերի հետ շաքարահամ,Մենք բոլորս ստրուկներ ենք, սիրունները մեր աստվածն են։ Ասի, մի թաս գինու դիմաց մազեղենս գրավ դնեմ,Վա՜յ թե խեղճ դերվիշիս առջև գինետան դուռն էլ չբացեն։ Արևի հետ միավորվել կույր չղջիկին չի հաջողվի,Չէ՞ որ հրաշք այդ հայելում գիտուններն էլ մոլորված են։ Ճառել սիրուց և տրտնջալ սիրեկանից, ի՜նչ հսկա սուտ,Այսպիսիներն արժանի են, որ անջատման ցավից լացեն։ Գուցե ես քո սև աչքերից սերտեմ գաղտնիքը սիրելու,Որ թե՛ փակված են շղարշով և թե՛ հավետ սիրարբած են։ Թե քամին քո բույրը տանի մենաստանը հոգիների,Խելքն ու հոգին իրենց գոյի գոհարը զոհ կմատուցեն։ Բարեպաշտը թե Հա‎ֆեզի ռենդությունը չի հասկանում,Ոչի՛նչ, չէ՞ որ Աստծո մարդիկ դևերին էլ կհալածեն։ Մոգորդիքն էլ, թե հասկանան մտածումները Հա‎ֆեզի,Էլ դժվար թե սու‎ֆիների պատմուճանը գինով թացեն։       *Որոգայթ են՝ գեղածիծաղ մատռվակն ու գինին մաքուր,Խելոքներն էլ ամենագետ՝ այս թակարդից չեն խուսափում։ Ես՝ հարբեցող, սիրահար եմ ու անառակ ու մեղսավոր,Փա՜ռք, որ բոլոր ընկերներս «անմեղներ» են այս քաղաքում։ Չարչարելը ու դավելը դերվիշների փեշակը չէ՛,Գինի տվե՛ք, «անմեղներն» այդ, ավա՜ղ, շուտ են ճամբան լքում։ Խեթ մի՛ նայիր այս սեր մուրող ցնցոտապատ ցեղին, սրանքԱնթագակիր արքաներ ու իշխաններ են այս աշխարքում Զգուշացի՛ր, երբ լիության առատաբեր քամին փչի,Հազար աղոթք ոչինչ արժե, երբ մի կաթ սեր չունես հոգում։ Չխափանվի հուր հավիտյան թո՛ղ շքերթն այս սիրողներիդ,Թո՛ղ չցրվեն ստրուկ ու ճորտ, որ քեզ են լոկ երկրպագում։ Ծառա եմ ես այն միագույն ու միասիրտ գինեմոլին,Ո՛չ սրանց, որ սև սիրտ ունեն և դիմակներ հազարագույն։ Ոտք մի՛ դնիր դու գինետուն, եթե չունես ազնվություն,Թագավորի համհարզներն են երթևեկում այս դղյակում։ Սիրո ճամբան զառիվեր է, գոտեպնդվիր կամքով, Հա‎ֆե՛զ,Թուլամորթին ճամբա չկա սիրողների այս բանակում։       *Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ,Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ Ու ես, թեև յարի աչքին դարձա չնչին հող ու փոշի,Իմ ռաղիբն էլ մինչ հավիտյան այդպես կամկար մնալու չէ։ Սենեկապետը սիրածի, երբ սրածում է բոլորին,Նրա կողքին ո՛չ մի կենվոր ու սիրահար մնալու չէ։ Արժե՞ փառք տալ կամ տրտնջալ լավ ու վատից այս աշխարհի,Երբ գոյության այս մատյանում նախշ ու նկար մնալու չէ։ Ասում են թե Ջամշիդ արքան այսպես ասաց իր մեջլիսում.«Գինի՛ տվեք, քանզի այս Ջամ գավաթն էլ հար մնալու չէ»։ Մոմին ասեք, թո՛ղ այս գիշեր թիթեռնիկին չփախցնի,Սերն ու լույսն այս մինչ լուսաբաց այսպես վարար մնալու չէ։ Մեծահարու՛ստ, քո դերվիշի սիրտը շահի՛ր, չէ՞ որ քեզ էլՀուր հավիտյան այսքան առատ գանձ ու գումար մնալու չէ։ Տեսե՛ք, զմրուխտ այս կամարին ի՞նչ է գրված ոսկե տառով.«Բարի մարդու անունից թանկ ոչ մի գոհար մնալու չէ»։ Սիրեցյալի գթոտ սրտից դեռ հույսդ  մի՛ կտրիր, Հա‎ֆե՛զ,Նրա տված տառապանքից քո մեջ խավար մնալու չէ։       *Թագավո՛ր իմ, ու՞ր ես գնում, սիրուն սոսի, սոյիդ մեռնեմ,Շախ շորորա, իմ սիգաճեմ, բարակ-շարակ բոյիդ մեռնեմ։ Հարցնում ես, թե երբ եմ ես մեռնելու քո ոտքերն ընկած,Լավ ես ասում, բայց սպասիր, նախ քո ոտի հողին մեռնեմ։ Սիրահարված, գինով հարբած ու հիվանդ եմ, կու՛ռք իմ, սաղի՛,Ե՛լ, կաքավիր, գեղաքանդակ, ճոճ հասակիդ դողին մեռնեմ։ Նրան, որի մի հայացքից դարձա մի կյանք սիրո հիվանդ,Ասացեք, ինձ մեկ էլ նայի, շեղ աչքերի շողին մեռնեմ։ Ասել էիր, լալ շուրթերդ դաղ են տալիս ու նաև դեղ,Ա՜խ, երանի, թե՛ քո դաղին, թե՛ քո տված դեղին մեռնեմ։ Դեմքիդ քողը ետ մի՛ տանի, թող չար աչքը քեզ չդիպչի,Ուխտ եմ արել, որ երեսիդ արևաշող քողին մեռնեմ։ Թեև գիտեմ, որ քո կողքին տեղ չես տալու հեգ Հա‎ֆեզին,Դու չքնաղ ես ամեն տեղով, ես քո ամեն տեղին մեռնեմ։       *Յարս մոգի մենաստանը մտավ գինու գավը ձեռին,Ինքը գինով, գինովները հարբած գինովն իր աչքերի, Իր նժույգի նալի վրա լուսնի մահիկն էր նկարած,Եվ նրա սեգ հասակի մոտ ցածր էր բոյը բարդիների։ Երբ նա նստեց, երկինք հասավ հառաչանքը դիտողների,Եվ սրտերի մոմը շիջավ, երբ այն բոցը ելավ պարի։ Ախր ինչպե՞ս ասեմ՝ տեղն է խելք ու միտքս, երբ տեղը չէ,Կամ աչք չունեմ նրա վրա, երբ գլխով եմ նրա գերին։ Հովը, եթե մուշկ է բուրում՝ քո մազերի միջով անցավ,Սուրման, եթե աղեղվել է՝ ձևն է առել քո հոնքերի։ Վերադարձի՛ր, որ ետ դառնա կորած կյանքը ծեր Հաֆեզի,Թեև, գիտեմ, էլ ոչ մի ձեռք թռած նետը ետ չի բերի։       *Յարաբ աստված, այս գեղանին, ու՞մ տան լույս ու ճրագն է սա,Սիրտս վառեց, մի հարցրե՛ք, ու՞մ օջախի կրակն է սա, Հիմա նա իմ զարկված հոգու ու հավատքի տունն է քանդում,Ու՞մ գրկում է նա գիշերում, ու՞մ տան սյուն ու խոյակն է սա՛։ Ինչպե՞ս զրույց անել հետը, այդ բախտն ումի՞ց պիտի հայցել,Երջանկության ու՞մ ճաճանչը, ու՞մ վանդակի սոխակն է սա։ Ամեն մարդ է կախարդանքով փորձում գերել նրա հոգին,Բայց ո՞վ գիտե, ու՞մ երազի կախարդական հեքիաթն է սա։ Լույս ճակատով աստեղավառ, արքայադեմ այս գեղանին,Ու՞մ մինուճար մարգարիտը, ու՞մ հազվագյուտ սուտակն է սա։ Ասի, գիտե՞ս որ Հա‎ֆեզը դառել է խենթ ու խելագար,Ժպտաց, ասաց.-Բայց ու՞մ համար։ - Ա՜խ, ի՞նչ անսիրտ հանաք է սա։       *Ո՜վ, որ այսօր ծով ծամերիդ արձակ ծփանքով ես եկել,Գալդ բարի, որ ինձ նման խելագարի քով ես եկել, Ե՛կ, մի պահ էլ նազանքը թո՛ղ, հին սովորույթդ թա՛րգ արա,Քանի ինձ պես նազ քաշողի տեսուն քո ոտքով ես եկել։ Պատերազմով, թե հաշտությամբ կյանքս կտամ քո հասակին,Քանզի, ինչ էլ հոգիս հանես, նուրբ ու նազանքով ես եկել։ Ալ ու խոնավ քո շուրթերին շաղախել ես ջուր ու կրակ,Յա՜ր, չար աչքը քեզանից հեռու, աչքի թովչանքով ես եկել։ Էլ ի՞նչ աղոթք ու ճգնություն, երբ դու հարբած ու հերարձակՍրտիս մենաստանն ավերող և առևանգող ես եկել։ Հա‎ֆե՛զ, արդեն մազեղենդ շաղախվել է մեղքի գինով,Միթե՞ այլոց դավանանքից դու դավանափոխ ես եկել։       * Իմ սևահեր յարից ինչքա՜ն ցավ եմ տարել, մի՛ հարցրու,Անտուն, անտեր, հանց բնավեր հավք եմ դառել, մի՛ հարցրու, Թող ոչ մեկը նրա հույսով քամուն չտա սիրտ ու հավատք,Ավա՜ղ, ինքս, թե ի՜նչ անմիտ բան եմ արել, մի՛ հարցրու։ Այս իմ ըմպած մի կում գինով, որ ոչ մեկին չի վնասումԱնգետ մարդիկ գլխիս, թե ի՜նչ հուր են վառել, մի՛ հարցրու։ Ո՜վ սրբակեց, առաքինի, ինձնից հեռու… Այս վառ գինինԹե ինչպես է իմաստունին խելագարել, մի՛ հարցրու։ Սրտակեղեք որոգայթներ ու դավեր կան սիրո ճամբին,Կոկորդ պատռող շատ կա, սակայն ի՞նչ են արել, մի՛ հարցրու։ Ես ցանկացա մնալ մաքուր ու սրբակեց, սակայն թե նաԻնչպես է խենթ իր խաղերով խելքս տարել, մի՛ հարցրու։ Տիեզերքը գնդակ է մի, ճակատագիրը կեռ ճոկան,Կեռ ճոկանով ի՞նչ հարված եմ գլխիս կերել, մի՛ հարցրու։ Ասի.- Նորից ու՞մ ճամբին ես ոլոր մազդ արել թակարդ։Ասաց.- Հա‎ֆե՛զ, պատմությունը շատ երկար է, մի՛ հարցրու։       *Ո՜վ, որ դեմքիդ փայլով է լոկ լալազարս դալարում,Վերադաձի՛ր, առանց վարդիդ կյանքիս գարունն է մարում։ Արժե՛, հոգի՛ս, որ արցունքի անձրև թափեմ աչքերից,Չէ՞ որ սիրուդ ցավից օրս է կայծկլտում ու խավարում։ Հանդիպումի համար այս մի երկու օրն է մեզ տրված,Ե՛կ, ինձ գտի՛ր, ո՞վ գիտե, այս օրերն ու՞ր են մեզ հրում։ Լուսադեմի գինարբուքն ու քաղցր քունը մինչև ե՞րբ,Զգաստացի՛ր, արդեն կյանքիդ հիմունքներն են երերում։ Երեկ անցավ ու մեզ անգամ մի հայացքով չշոյեց,Խեղճ սիրտ, ոչ մի բան չտեսար դու քո տխուր օրերում։ Անեության շրջագծի մասին չի էլ մտածում,Ում կարկինի ծայրը կոկոն քո շուրթերն է համբուրում։ Ամեն կողմից արկածների երամները դարանածԺամանակի ապերասան երիվարն ու‏՞ր են վարում։ Ապրում եմ ես, բայց կյանք չունեմ, մի՛ զարմանա, սիրելիս,Անջատումի օրերն ո՞վ է ապրուստ ու կյանք համարում։ Երգիր, Հա‎ֆե՛զ, քանզի թռչող ժամանակի էջերինՔո վրձինի այս նախշերն են հավերժական մնալու։       *Դեմքդ ցույց տուր ու քո գեղով ինձ ինձանից իսպառ վանիր,Քո կրակով այրվածների մոխիրը թող քամին տանի։ Ես, որ վշտի հողմերին եմ հանձնել համակ սիրտ ու հոգի,Վշտի հեղեղն ասա՛, հորդի ու հիմքից տունկս կործանի։ Ո՞վ կարող է նրա բուրող  խոպոպների մուշկը շնչել,Ավա՜ղ, սի՛րտ իմ դյուրահավատ, այդ բանը քո մտքից հանիր։ Կրծքիդ ասա՛, իր հառաչով ‎ ֆարսի ատրուշանը մարի,Աչքիդ ասա՛, արտասվելով Տիգրիս գետի պես վարարի։ Ծեր մոգպետի աստղը շողա, մնացյալը ոչինչ արժե,Մյուսներին ասա՛. «Գնա՛, ու անունս մտքից հանի՛ր»։ Հատուցու՞մ ես ակնկալում, հնազանդվի՛ր քո վարպետին,Անճիգ ու ջանք տեղ չե՛ս հասնի, սի՛րտ իմ, սիրո ճանապարհին։ Այս աշխարհից հրաժարված՝ հանգիստ կիջնեմ ես գերեզման,Մահվան օրս թե խոստանաս գալ մի վայրկյան իմ սնարին։ Երեկ գիշեր ասաց. «Երկար թարթիչներով քեզ կսպանեմ»։Տե՛ր իմ, գթա՛, անգթության այս թույնը իր սրտից հանիր։ Թո՛ղ, հեռացի՛ր նրա դռնից ախ ու վախով քո անվախճան,Հա‎ֆե՛զ, միթե՞ չես մտածում, որ քնքուշ է սիրտը յարի։       *Հոգիս վառվեց, գուցե թե նա  ինձ յար դառնա, ու չեղավ,Սին հույսերով տապակվեցի ես անխնա ու չեղավ։ Սուտ խոստացավ, որ մի գիշեր տանս կանի տիրություն,Հոժար կամքով դարձա նրան հետին ծառան ու չեղավ։ Պատգամ ղրկեց, թե ռենդերի հետ է նստում խնջույքի,Վաստակեցի հարբեցող ու ռենդի խարան ու չեղավ։ Թե կրծքիս տակ աղավնու պես թպրտում է սիրտս հեգ,Ուզեց նրա խուճուճ մազի որսը դառնալ ու չեղավ։ Փափագեցի մի օր հարբած ալ շուրթերը համբուրել,Արյան եռքից սիրտս դառավ գինու մառան ու չեղավ։ Աննպատակ ոտք մի՛ դնիր թաղամասը սիրածի,Հազար անգամ ինքնագլուխ ես քայլ առա ու չեղավ։ Ավա՜ղ, վերին գանձարանի ծածկագրին ի խնդիր,Տառապելով ինքս իմ գլխին ավեր դառա ու չեղավ։ Հազա՜ր ափսոս, նրա գանձին տիրանալու կարոտով,Հազար «ողորմածի» դռան մուրող դառա ու չեղավ։ Հաֆե՛զ, հազար խելք ու հնար հորինեցիր՝, հուսալով,Որ այն չքնաղ անջիգյարը ընտելանա ու չեղավ։       *Քարոզիչներն, որ այդպես մեզ խրատում են խորանում,Մենության մեջ իրենց՝ թաքուն, ինչե՜ր ասես, որ չեն անում։ Գիտնականը ձեր մեջլիսի պատասխանի թող այս հարցինԱպաշխարանք քարոզողը ինքն ինչու՞ չի ապաշխարում։ Թվում է, թե չեն հավատում նրանք վերջին դատաստանին,Որ գործերում Դատավորի այսքան կեղծիք են սերմանում։ Տե՛ր, այս նորահարուստներին ետ նստեցրու իրենց էշին,Որ իրենց թուրք ղուլամով ու նժույգով են հպարտանում։ Ո՛վ խանղահի աղքատ սուֆի, մենաստանում ծեր մոգպետիՋուր են տալիս մի այնպիսի, որ հոգին է հարստանում։ Ո՛վ հրեշտակ, օրհնաբանիր նրան սեմին այս գինետան,Քանզի այստեղ մարդու կավն են սիրո գինով շաղախ անում։ Նա անսահման իր հմայքով սպանում է սիրողներին,Բայց անհայտից՝ սիրողների նոր բանակ է վեր խոյանում։ Լույս կամարից մի ցնծագին երգ էր իջնում, խելոքն ասաց.«Երկնայինները Հաֆեզի գազելներն են անգիր անում»։ 

 © 2020  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: