Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

 

Գրիգոր Նարեկացու Մատյանը

եւ իրանական միստիկ գրականությունը

 

Ներկայացված Գր. Նարեկացու «Մատյան  Ողբերգության» գրքի 1000-ամյակի գիտաժողովում, 23, 24, 25 Սեպտ. 2003, Հայաստան, Ծաղկաձոր։

Նյութ.- Գր. Նարեկացու «Մատյանը» եւ իսլամական-իրանական գրականությունը։

Հեղինակ.- Ազատ Մաթյան

Ամփոփում.- Այս հոդվածում քննարկվում է «Մատյանի» բովանդակային եւ ձեւական ընդհանրությունները եւ հավանական առնչությունները արաբ եւ իրանական միստիկ գրականության հետ եւ զուգահեռներ են անցկացվում «Մատյանի» եւ Ղուրանի, Նահջ-օլ-Բալաղեի, ՍահիՖեյե Սաջադիեյի, Խաջե Աբդոլլահ Անսարիի, Մեւլանայի, Շեյխ Մահմուդ Շաբասթարիի եւ Ավիցեննայի ստեղծագործությունների միջեւ։

Այս ուսումնասիրությունը կատարվում է Սպահանի Պետ. Համալսարանում հաստատված համար 810516 հետազոտական նախագծի սահմաններում, որը կոչվում է «Դեպի սկիզբ վերադարձի թեմայի համաեմատական հետազոտությունը համաշխարհային միստիկ գրականության մեջ»։

Ուսումնասիրությունը կատարվում է պարսկական, արաբական, անգլիական, ամերիկյան, Ֆրանսական եւ հայկական գրականությունների ուղղությամբ, որի հայկական բաժինը հանձնարարված է նույն համալսարանի հայոց լեզվի ու գրականության դասախոս Ազատ Մաթյանին։

 

 

Գրիգոր Նարեկացու Ողբերգության Մատյանը անկասկած եզակի գիրք է, բայց այն եզակի է այնքանով, որքանով եզակի է որեւէ մեծ ստեղծագործություն։ Իսկ որեւէ մեծ ստեղծագործություն մեծ է հենց նրանով, որ նրա կառույցը վեր է խոյանում ազգային, միջազգային եւ վերջապես համամարդկային ավանդույթի ամուր հիմքերի վրա, հանդիսանալով այդ ավանդույթի բարձրակետը, հաճախ նաեւ վերջակետը, որովհետեւ գագաթից հետո սկսվում է վայրէջքը, որոնումը, նոր ավանդույթի խմորումն ու ձեւավորումը եւ այսպես շարունակ։

Այս իմաստով, ահա, ոչ միայն Նարեկը, այլեւ ոչ մի գլուխգործոց եզակի չէ։

Որպես մտածողություն այն մի ուրույն եւ բարձրարժեք իրագործում է համաշխարհային միստիցիզմի համահյուսվածքում։ Իսկ միստիցիզմը հանդիսանում է մարդկային մտածողության տիեզերական, գուցե եւ հավիտենական համակարգերից մեկը։ Համակարգ, որի հիմքում ընկած է խորհրդավոր սկզբի եւ նրան վերադառնալու պաշտամունքը։

Միրչա էլիադեն իր «ՄիՖերի հավերժական վերադարձը» աշխատության մեջ ցույց է տվել, որ նախնական կրոնների հիմնական սկզբունքը աշխարհի ստեղծագործության եւ մարդու ծագման վերապրումն է տոտեմին վերադառնալու՝ նրա հետ միանալու ձգտումը։

Ավելի զարգացած համակարգերում փոխվում են սկզբի մասին պատկերացումները, բայց մնում է վերադարձի գաղափարը։ Պլատոնը խոսում է դեպի բարձրագույն իդեան վերադառնալու մասին։ Պլոտինը սկզբնական էությանը վերադառնալու մասին, Բուդդայական մարդակենտրոն միստիցիզմը դավանում է ինքն իրենից օտարված էությանը վերադառնալու գաղափարը։

Աստվածակենտրոն կրոններում, միստիկը ձգտում է վերադառնալ  տիեզերքի միակ արարիչ Աստծուն եւ միանալ բացարձակ էության հետ։

Մոտենալով մեր ժամանակներին փիլիսոփաներ՝

Ժան-Ժակ Ռուսոն կոչ է անում վերադառնալ դեպի կուսական բնությունը։

Հեգելը առաջ է քաշում բացարձակ հոգու իրագործման գաղափարը։

Նիցչեն հավատում է հավերժական վերադարձին։

Անգամ մատերիալիստ Մարքսը պատմության նպատակակետը համարում է անդասակարգ/ այսինքն նախնական/ հասարակության վերականգնումը։

Հոգեբաններ՝

Ֆրոյդը պնդում է մարդու մեջ արգանդային վիճակին վերադառնալու բնազդի մասին։

Գուստավ Յունգը առաջ է քաշում միՖական նախատիպերի հավերժ ներկայության վարկածը։

Կլասիկները ձգտում են  անտիկ կատարելիությանը։

Շիլլերը եւ մյուս ռոմանտիկները ընդհանրապես որոնում են նախնական անմեղությանը։

Կառուցվածքային փիլիսոփաները որոնում են նախնական կառույցները։

Մոդեռնիստական արվեստը ձգտում է պրիմիտիվ ձեւերին կամ նախնական քաոսային վիճակին։

Իսկ բանաստեղծությունը ընդհանարապես ոչ այլ ինչ է, եթէ ոչ նախալեզվյան շրջանի վերապրման եւ լեզվաստեղծության հոլովույթի  կրկնության ձգտում։

Գր. Նարեկացին քրիստոնյա միստիկ է եւ որպես այդպիսին նրա ամբողջ ստեղծագործությունը տեղադրվում է հին եւ նոր կտակարանների հիման վրա. ստեղծված գրական ավանդույթի սահմաններում, գումարած անտիկ մտածողության հարատեւող ազդեցությունը եւ գումարած նաեւ այս օտարամուտ մտավոր համակարգերը ազգային լեզվի եւ մշակույթի հետ համադրելու անդիմադրելի մղումը։

Վերոհիշյալի մասին բանասիրությունը ի հարկե անդրադարձել է ներդնելով  մեծ ավանդ։

Սակայն ինչ-ինչ, թեկուզ հասկանալի, պատճառներով ավելի քիչ ուշադրություն է դարձվել Նարեկացու գրական ժառանգության, մասնավորապես «Մատյանի», եւ իսլամական միստիկ գրականության միջեւ եղած ընդհանրություններին ու հավանական առնչություններին։

Արաբական առնչությունների մասին, ի հարկե, ակնարկներ կան հայ բանասիրության մեջ։

Մեծանուն Արշակ Չոպանյանը «Ծաղիկ» հանդեսում, 1895 թվին, ակնարկում է արաբական գրականության Նարեկացու վրա ունեցած ազդեցության մասին։ Տեսնել նաեւ նույն հեղինակի «Դեմքերը», 1924 թ.։

Գյուտ եպիսկոպոս Ղազարյանը եւ Նարեկացու բանաստեղծական արվեստ ամբողջությամբ համարում է արեւելյան եւ կոնկրետ արաբ-իրանական բանարվեստի ազդեցության արդյունք։ Նրա հոդվածը «Արեւելյան անապատականը եւ Նարեկը» տպագրվել է 1937-ին Երուսաղեմում։

Նույնպես Ժան Մսրյանը Նարեկի Ֆրանսերեն թարգմանության ընդարձակ առաջաբանի մեջ այն կարծիքն է հայտնում, որ արաբական-իսլամական գրականության միջին դարերի հայ գրականության վրա թողած ազդեցության խնդրին քիչ ուշադրություն է դարձվել եւ ապա անդրադառնում է Գրիգոր Մագիստրոսի եւ արաբ ազնվականներ Մանուշեի եւ Իբրահիմի մտավոր առնչություններին։

Մսրյանը համզված է, որ Գ. Նարեկացին թեեւ ամբողջությամբ չանցավ չափածո եւ հանգավոր ոտանավորին, սակայն ամբողջ «Մատյանում» օգտագործել է «Սաաջ» հանգավորման ձեւը, որը անկասկած պիտի համարել արաբական-իրանական ազդեցություն։

Հայ-իրանական հոգե-մտավոր առնչությունների տեսակետից մեծ արժեք է ներկայացնում Ավետիս Շահսուվարյանի «Ավիցեննան եւ հայ մատենագրությունը» աշխատությունը, որով հեղինակը շատ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 10-11-րդ դարերի Իրանի մասին եւ գծում է հետաքրքիր զուգահեռներ նույն շրջանի Հայաստանի եւ Իրանի հասարակական եւ մտավոր շարժումների միջեւ։

Նույն ժամանակաշրջանում երկու ժողովուրդներին միացնում էր նախ եւ առաջ արաբական խալիՖաթի դեմ տարվող ազատագրական պայքարը եւ ազգային անկախության եւ ինքնության վերականգնման խնդիրը։

Շահսուվարյանը առանց վերապահության ժամանակաշրջանը կոչում է վերածնություն, թե Իրանի ու Միջագետքի (Մավերաննահրի)  եւ թե Հայաստանի համար։

Վերածնության արտահայտություններից են, թե աղանդավորական շարժումները / Թոնդրակեցիները Հայաստանում, եւ շիիդ իսմաիլիդների շարժումը Իրանում, եւ թե միստիցիզմի անօրինակ ծաղկում ու զարգացումը։

Քննարկվող նյութի տեսակետից հատկապես ուշադրության արժանի է երկրորդը։

Հիրավի 10-11 դարերը իրանական մեծագույն միստիկների, Բայազիդ Բասթամիի, Աբու Սաիդ Աբոլխեյրի, Աթթարի, Հալլաջի, ժամանակաշրջանն է։ Իսկ թե դրանց ավելացնենք Ավիցեննայի, Օմար Խայեամի, Նասեր Խոսրովի, Ֆիրդովսու, Աբու Ռեյհանի, Ֆարաբիի, եւ էլի շատ անուններ, ապա կտեսնենք, որ դարաշրջանը հիրավի շատ բանով է նմանվում եւրոպական վերածնությանը եւ ճշմարտությունից հեռու չէ այն կարծիքը, որ  հենց 10-11-րդ դարերի արեւելքում եւ ի մասնավորի Իրանում է նախապատրաստվում եւրոպական վերածնությունը։

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան հարաբերություններին ապա, չնայած կրոնական տարբերությանը, ճիշտ կլիներ հայկական վերածնության խնդիրը քննարկել հենց այդ հարաբերութունների շրջագծում։

Շահսուվարյանը հետաքրքիր  զուգահեռներ է անցկացնում Ավիցեննայի գեղարվեստական ստեղծագործությունների եւ Գրիգոր Նարեկացու ստեղծագործության միջեւ։ Նա համեմատում է  հատկապես «Աթ-թայրը» Նարեկացու Մատյանի» հետ եւ գտնում մտածողության ընդհանուր գծեր, հակառակ այդ գործերի ժանրային տարբերություններին։

Այս առումով ուշադրության արժանի է նաեւ Արմանուշ Կոզմոյանի «Հայոց եւ պարսից միջնադարյան քնարերգության  համեմատական պոետիկան» գիրքը, որի առաջին գլուխը վերաբերում է Նարեկացուն եւ միստիցիզմի դրսեւորմանը 10-11 -րդ  դարերի պարսից քնարերգության մեջ։

Կոզմոյանը համեմատում է Գր. նարեկացուն, Ռուդաքիի հետ եւ չնայած նրանց տարաբնույթ անհատականություններին, հայտնաբերում է որոշ ընդհանրություններ նրանց ստեղծագործությունների միջեւ։

Այսօր իմ թարգմանությամբ հրապարակի վրա է Նարեկի պարսկերեն թարգմանությունը, որը երկար տարիների աշխատանքի արդյունք է։

Թարգմանության ձեռնարկելու հենց սկզբից ես անդրադարձա, որ բովանդակությունը ծանոթ է ինձ պարսկական դասական գրականության որոշ նմուշներից։ Սա խոստովանություն է նաեւ այն մասին, որ ես այդ գրքի թարգմանությունը ձեռնարկեցի մի տեսակ միանգամից, առանց նախնական անհրաժեշտ ծանոթության։

Բնականաբար անմիջապես իմ դեմ ծառացավ թարգմանության լեզվի խնդիրը, որը ինձ տանում էր դեպի պարսկերեն լեզվով գրված նմանատիպ, այսինքն միստիկ, գրականությունը։

Արդյունքում ստացվեց հին եւ ժամանակակից պարսկերենի մի համադրություն, որը եթե անհամեստություն չհամարվի, թե պարսիկ, թե հայ ընթերցողների կողմից գնահատվել է հաջողված։

Մտածողությունից  բացի «Նարեկը» ժանրային առումով եւս պատկանում է համաշխարհային բանարվեստում լայնորեն  ճանաչված եւ օգտագործվող աղոթքի ժանրին։

Այս ժանրը օգտագործվում է, կարելի է ասել, բոլոր կրոնական բնույթի գրքերում, ինչպիսիք են զրադաշտական «Ավեստան», Բուդդայական «Վեդդան», հին եւ նոր կտակարանները, Ղուրանը եւ այլ աղոթագրքեր։

Աղոթքները բաղկացած են երեք  հիմնական մասերից՝.

Գոհաբանություն կամ փառաբանություն, որտեղ փառաբանվում է Աստված, որպես տիեզերքի արարիչ եւ բնութագրվում է, որպես բացարձակ էություն։

Երկրորդ բաժինը, դա  խոստովանությունն է որտեղ մարդը հակադրվում է Աստծուն իր երկրային մեղսական կյանքով եւ խոստովանում է իր բազում մեղքերը։

Իսկ երրորդը դա աղերսանքն է, որտեղ մեղավոր մարդը պաղատագին ողբով հայցում է  Աստծու ներողամտությունը եւ խնդրում է նրան, իրեն սատարել սատանայի սադրանքներից։

Նոր կտակարանի տերունական աղոթքը այս սխեմայի ամենասեղմ եւ ամենապարզ օրինակն է, իսկ «Ողբերգության Մատյանը» դրա ծավալուն եւ խորացված իրացումը։

Մեղքը՝ դա Աստվածային ուխտի կամ դաշինքի խախտումն է մարդու կողմից։

Իսկ մեղքի խոստովանությունը ինքնամաքրման ակտ է, որը լեզվական արտահայտության հետ միասին զուգակցվում է ‎ Ֆիզիկական շարժումներով՝ ծնրադրում, երկրպագություն, կամ անշարժություն (կենտրոնացում՝ յուգա), մենակեցություն, սակավապետություն, արթուն գիշերային հսկում եւ մեկ խոսքով ճգնություն (Ասկետիզմ)։

Այս բոլորի մղիչ ուժը աստվածային սերն է, որը ճառագայթի պես լուսավորում   է հայցվորի հոգին, իսկ դա պատահում է ոչ միշտ եւ տեւաբար, այլ միայն հազվադեպ պահերի եւ բաժին է ընկնում ոչ բոլորին, այլ որոշ ընտրյալների՝ միայն։

Որ աստվածայինի հետ առնչվել կամ հաղորդակցվելը տեղի է ունենում բացառիկ պահերի եւ բացառիկ մենաշնորհն է արժանավոր ընտրյալների հաստատում են բոլոր մեծ միստիկները.

«Քանզի հենց Աստծո կամքով է մեր մեջ

Արծարծվում նաեւ կայծն այն ներգործող

Որով Արարչի ամենահնար

կարողությունն է բարեհռչակվում» Բան ԺԱ. Ա./

Ասում է Գր. Նարեկացին։ Իսկ պարսիկ մեծագույն միստիկներից մեկը Շեյխ Մահմուդ Շաբասթարին իր «Գոլշանե ռազ» /Խորհուրդների ծաղկեստանը/ չափածո իմացաբանության գրքում այդ միտքը ձեւակերպում է մոտավորապես ըստ հետեւյալի՝

 

«Եթե մի լույս հասնի նրան ոգու աշխարհից, որպես  Աստծո գոյության մի ապացույց, կամ որպես հմայքի մի շնորհ, նրա /հավատացյալի/ սիրտը արդար ու բարի Աստծո հետ խորհրդալից կդառնա եւ այն ճանապարհով, որ եկել  է կվերադառնա /դեպի Աստված/։

 

Իսկ Մեւլանան նույնպես հաստատում է.

Այս աղոթքն էլ դու ես բաշխել եւ դու ես մեզ ուսուցել

Թե չէ, Տե՜ր իմ, ոնց կծաղկեր այս պարտեզը առանց քեզ։

 

Նարեկացին բազմաթիվ անգամներ շեշտում է, որ իրեն լեզու տվողը եւ ներշնչողը Աստված է, եւ որ Նարեկը այդ ներշնչանքի արդյունքն է Մեւլանան այս նույն միտքը ձեւակերպում է այսպես.

Աղբյուրի պես ինձնից աղոթք հոսեցիր, տե՛ր,

Ուրեմն եւ հաստատի՛ր ու ընդունի՛ր, Տե՛ր,

Չէ՞ դու էիր աղոթքի բառն իմ առաջին,

Փրկությանս վերջին հույսն էլ դու եղիր, Տե՛ր։

 

Իսկ խոստովանության նպատակը,  ինչպես արդեն նշվեց, երկրային բոլոր կապանքներից ազատվելը եւ նախնական մաքրությամբ Աստծո հետ վերամիավորվելն է։

Համեմատելով Նարեկը իսլամական միստիցիզմի ամենաբնորոշ լեզվական արտահայտությունների հետ, մենք գրեթե ոչ մի էական տարբերություն  չենք տեսնում դրանց մտածողության համակարգի միջեւ։ Տարբերու-թյունները, ո՛չ թե հիմնական սկզբունքների մեջ են, այլ կրում են, մեկ՝ դավանաբանական բնույթ եւ երկրորդ, կայանում են  ընդգրկման ծավալի եւ խորության մեջ, որի մասին կակնարկենք քիչ վարը։

 

Այժմ կատարենք մի քանի համեմատություն։

Եթե Նարեկը մեզ հայերիս համար եղել է Աստվածաշնչից հետո ամենա-սիրված ու պաշտված քրիստոնեական մատեանը, ապա մուսուլմանների մոտ Ղուրանից հետո պաշտամունքի առարկա են երկու գիրք։ Դրանք են Հազրաթ Ալիին վերագրվող «Նահջ-օլ-բալաղեն» եւ Իմամ Սաջադի մատեանը, որը կոչվում է «ՍահիՖեյե Սաջադիե»։

Այս երկու գրքերն էլ ստեղծվել են իսլամական թվականի առաջին-երկրորդ դարերում կամ մեր թվարկության 7-8 դարերում։

Նահջ-օլ-բալաղեն տարասեռ գիրք է եւ պարունակում է Հազրաթ Ալիի քարոզները, նամակները, իմաստությունները, աղոթքները եւ այլն։ Բերենք որոշ նմուշներ աղոթքներից։

Տե՜ր  ներիր ինձ այն, ինչին դու ավելի գիտակ ես քան ես։

Դարձիր կրկին ներող, Աստված իմ, եւ այն բոլոր լավ գործերի համար, որ որոշեցի ու չկատարեցի, ների՛ր ինձ։

Աստված իմ, ներիր ինձ այն բանի համար, որ խոսքով քեզ մոտեցա, իսկ սրտով քեզ լքեցի։ / Էջ 127/.

 

Մտադրության, խոսքի եւ գործի հակասությանը բազմիցս անդրադարձել է նաեւ Նարեկացին։

Նահջ-օլ-բալաղեի հետեւյալ հատվածը բնութագրում է բոլոր սրբակյացներին.

«Երանի նրանց ովքեր կհրաժարվեն պիղծ աշխարհից եւ իրենց սիրտը կհղեն հանդերձյալ կյանքի համար, նրանք մարդիկ են, ովքեր երկիրը մահճակալ, հողը անկողին, ջուրը օծանելիք, Ղուրանը ներքնաշապիկ եւ աղոթքը  վերնաշապիկ դարձրին եւ աշխարհին վերաբերվեցին ինչպես Յիսուս Քրիստոսը»։ /էջ 637/.

 

Ինչպես տեսնում ենք այստեղ, որպես բարձրագույն օրինակ հիշում է Քրիստոսին։ Եւ հատկանշական է, որ Քրիստոսի կերպարը, որպես բացարձակ ոգեղինություն, հարազատ է պարսիկ մեծագույն միստիկներին, կարելի է ասել, նույնիսկ առավել չափով, քան իսլամի մարգարեն։

Բերենք նաեւ վերջին դատաստանի նկարագրությունը «Նահջ-օլ-բալաղեից», որը շատ նման է Նարեկում եղած նկարագրություներին։

«Ո՜վ Աստծու ստեղծած մարդիկ, վախեցեք այն օրից, երբ մարդու  արարքները պիտի քննվեն, այն օրը, որ լի է տագնապով ու տվայտանքով եւ մանուկներն այն օրը կծերանան։

Եւ այն ժամ արարածների վերջը սկզբին կմիանա, եւ Աստված երկինքը կշարժի եւ կպատռի, եւ հողը ուժգնորեն կցնցվի ու կերերա։ Լեռները կպոկվեն իրենց տեղից եւ Աստծո ահավոր փառքի դիմաց կբախվեն միմյանց ու փշրվելով հողին կհավասարվեն»։/էջ 209/.

 

Նույն տեսարանը Նարեկացին նկարագրում է  առավել պատկերավոր եւ բանաստեղծական հզոր թափով։

Ահա երկինքը պիտի գալարվի,

Երկիրը դղրդյունով նման կդառնա մրրկահույզ ծովի,

Որի կոհակներն ահագնակուտակ

Նախ խուճապահար ասես փախուստ են տալիս իրարից,

Ապա դեմընթաց խուժումով բախվում,

Երկուստեք կասում ու խափանում են ընթացքը միմյանց.

Հողազանգվածը իր լայնատարած ամբողջ թանձրությամբ

Հիմքից սասանված՝ պիտի խարխլվի.

Ընդերքի խորքի ուժգին բախումից ահեղաթնդյուն՝

Կհարդվեն լեռներն, ու հրդեհվելով

Կհալվեն ժայռերն ու տարերեքները ամեն գոյության.

Երկինքն այլայլված՝ կընդունի իր տեսքն անեղծանելի.

Արարածները իրենց տարերքով

Փոխված կստանան մի նոր կերպարանք։ /Բան ՀԹ. Բ./

 

Իր կառուցվածքային հատկանիշներով, «Նարեկին» շատ մոտ է կանգնած «ՍահիՖեյե Սաջադիեն»։ Դա աղոթքների ժողովածու է, որոնցից պահպանվել են հիսունչորս աղոթք։ Աղոթքները ունեն թեմատիկ խորագրեր, ինչպես՝ աղոթք փառաբաության Բարձրյալն Աստծո, աղոթք խոստովանության, աղոթք անդոհանքի, աղոթք երախտագիտության, աղոթք ողբի, անկարության եւ այլն։ Սակայն չնայած այս բաժանումներին աղոթքները կրկնությունն են նույն վերը նշված սխեմայի։ Բերենք որոշ նմուշներ։ (Նկատի ունենալով, որ «Նարեկին» ծանոթ ընթերցողը անմիջապես կնկատի մտքերի ընդհանրությունը, խուսափում ենք համապատասխան մեջբերումներից)

«Աստված ստեղծող  եւ տնօրինող, բոլորիս տիրող՝ հավասարապես։ /Նա, որ/ Աշխարհի պատկերը այսքան աննման ու գեղեցիկ հորինեց եւ իր ամենակարող կամքով առաջնորդեց այնտեղ, որտեղ կամեցավ։

Մեզ աղոթել եւ երախտապարտ լինել սովորեցրեց։

Մեզ իմաստություն, գիտություն եւ տեսողոււթյուն շնորհեց…»։

 

«Ո՜վ ամենագետ եւ ամենակարող Աստված, դու սիրտս կեղեքող վշտին տեղյակ ես, եւ գիտես, որ այս վշտի կծիկը միտքս ալեկոծում  եւ սիրտս տագնապի է մատնում։

Դու գիտես, որ այս բեռը մեջքս կորացրել է եւ համբերությունս խլել ինձանից, ուրեմն, Տե՜ր, այնպես ինչպես այս համբերահատ բեռն իմ ուսին ես բարձել, կարող ես եւ ինձ ազատել տկար ոսկորներս փշրող այս բեռից»։

 

Ահա եւ անձնասպանության մոտիվը, որ գտնում ենք նաեւ Նարեկում.

«Տե՜ր, առաջնորդիր ինձ դեպի այն ինչ հաճո է քեզ։ Տե՜ր եթե քո ներողամտությանը չհուսայի անձնասպան կլինեի բայց, երբ դու բոլոր գաղտնիքները գիտես, քո  թագավորությունից որտե՞ղ փախչեմ»։

Այստեղ եւս , ինչպես Նարեկում հանդիպում ենք մեղքերի եւ զանազան կենդանիների ու միջատների համեմատական պատկերների. «Մեզ համար, այդ կարիճների (մեղքերի) վառող խայթումից եւ օձերի թույնից եւ աղիքները կտրատող եւ սիրտը պատռող ջրից չկա ապաստան, քո սիրուց ու բարությունից բացի»։

Հետեւյալ հատվածը մի նմուշ է ոճական կուտակման եղանակի, որն այնքան վարպետորեն եւ հզորությամբ օգտագործել է Նարեկացին։

«Տե՜ր իմ արարիչ, կգթաս նվաստիս։ Ինձ, որ աղերսանքի ձեռքերս եմ պարզել դեպի քեզ՝ կներե՞ս, որպեսզի բազմապատկեմ աղոթքներս։ Արդյոք ցավիս ու զղջումիս արցունքները կարժանանա՞ն քո ներողամտությանը, որպեսզի քանի աչքերումս արցունք կա, ցավի եւ զղջումի արցունքներով հողը թրջեմ»։

Նշենք, որ «ՍահիՖեյե Սաջադիեն» կոչվել է նաեւ մահմեդականների սաղմոսագիրք, ինչը եւ մեզ տանում է դեպի նրա եւ Նարեկի միասնական ակունքներից մեկը՝ Դավթի սաղմոսները։

Եւ բովանդակային եւ ձեւական նմանություններ բացահայտ են այդ երկու գրքերի միջեւ։ Դրանք նման են միմյանց նաեւ իրենց կրկնություններով, որոնք կարող են ձանձրանալի թվալ ժամանակակից ընթերցողին եւ համարվել կոմպոզիցիոն թերություն, մինչդեռ կրկնությունը աղոթքի գլխավոր ժանրային առանձնահատկությունն է։ Կրկնությունը էքստազի հասնելու գլխավոր, եթե կարելի է ասել, տեխնիկան է, էքստազ, որին ձգտում է միստիկը, ազատագրվելու համար գիտակցության բոլոր կապանքներից։

Իսլամական կրոնի մեջ կարեւոր նշանակություն ունի «Զիքր» հասկացությունը, որը նշնակում է հավատացյալի կողմից նույն մտքի եւ նույնիսկ նույն բառի անդադար կրկնությունը, ինչպես օրինակ «լա  էլահ իլլ ալլահ» կամ «աստաղՖորօլլահ»։

Իհարկե կրկնություն ասելով մենք նկատի չունենք միայն բառի կամ նախադասության կրկնություն, այլ այն հասկանում ենք ավելի լայն իմաստով՝ սկսած հնչյունային կրկնություններից (հանգ, բաղաձայնույթ, առձայնույթ եւ այլն) մինչեւ շարահյուսական ամբողջական կառույցների (նախադասություն, պարբերություն) կրկնությունը, անկախ նրանց բառացի նույնության։

Միայն ներշնչման ու ներգործության գործառույթի իմաստով կարելի է հասկանալ, օրինակ՝ Հին Կտակարանի կրկնությունները, ինչպես նաեւ Նարեկի կուտակումները։ Այդ կուտակումները նույն կառույցի եւ նույն բովանդակության վարյացիաներն են, որոնք իրենց նույնությամբ եւ տարբերությամբ կազմում են նույնայլություն եւ ստեղծում են ներգործական մեծ էներգիա։

Ասացինք, որ հայ բանասերներից Ժան Մսրյանը անդրադարձել է արաբական «սաաջ» կոչվող հնարանքին եւ Նարեկի ոճի մեջ դրա արտահայտությանը։

Սաաջը արձակին հատուկ ներքին հանգ է, որը հանդես է գալիս քերականական միավորների վերջում։ Դա բոլորովին տարբեր է ոտանավորի տողավերջում կիրառվող հանգավորումից։

«Սաաջի պարագային հանգավորվում են բառակապակցությունները, միմյանց հաջորդող համանիշ կամ հականիշ նախադասությունները եւ այլն։

Հատկանշական է, որ հենց «սաաջ հանգավոր արձակով են գրված թե Ղուրանը, թե ՍահիՖեյե Սաջադիեն եւ թէ Նահջ-օլ-բալաղեն։

Պարսկերենում «սաաջը առաջինը եւ մեծ վարպետությամբ օգտագործել է պարսիկ մեծագույն միստիկներից՝ Խաջե Աբդոլլահ Անսարին (975-1060)։ Անսարին ապրել է Հարաթում (ԱՖղանստան) եւ գրել է, թե  արաբերեն եւ թե պարսկերեն։ Նա գրեթե ժամանակակից է Նարեկացուն ու Գր. Մագիտրոսին եւ նրա աշխատութիւնները վկայում են իսլամական զարգացած միստիցիզմի  մասին՝ նշված ժամանակաշրջանում։

 

Բերված օրինակները վերցված են Անսարիի «Մոնաջաթ» աշխատությունից, որ նշանակում է մենության մեջ կատարվող գիշերային աղոթք։ Այդ աղոթքները կատարվում էին արտասվալից աղերսանքներով, ինչը եւ վերագրվում է Նարեկացուն։

«Տե՜ր, դու ներող ես եւ ավելի մեծ կլինես, եթե վերջին դատաստանին ստամբակին նույն [քաղցր] աչքով նայես, ինչպես  հեզերին եւ հնազանդներին ես նայում»։

Նարեկացին այս միտքը ավելի է խորացնում, ասելով.

Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,

Որ շատ ավելի ըղձալի են քեզ աղաչանքները մեղավորների,

Քան արդարների ամեն մի խնդրանք։ (Բան ԾԹ. Ա.)

 

 

Կամ.

Այնտեղ պետք է միշտ օգնության հասնել

Ուր չկա ելքի որեւէ հնար

Այնժամ կերեւա մեծությունը քո,

Երբ բուժես վերքերն հուսահատների։

Նրանով ես հենց դու անոխակալ

Որ ապերախտիս երախտագետի հետ խնամարկես։ (Բան ՀԴ. Ա.)

Ինչպես տեսնում ենք նմանությունները նույնիսկ բառացի են։

Իսկ Մեւլանան նույն միտքը չափաբերում է այսպես.

Ասաց.- ՏԵ՜ր իմ, դրանց գործին մի՛ նայիր,

Բարի արքա՛, արքայաբար սատարի՛ր,

Ո՜վ ցամաքի ու ծովերի տիրակալ,

Նրանց խաղաղ ու ապահով ա՛փ հանիր։

 

Անսարին իր արձակ աշխատութիւնները համեմում է չափածո քառյակներով։ Գրական այդ տեսակը հետագային առավել վարպետությամբ օգտագործել է Սաադին իր «Գոլեստան» աշխատության մեջ.

 اي كريمي كه بخشنده عطايي و اي حكيمي كه پوشنده خطايي و اي صمدي كه از ادراك ما جدايي و اي واحدي كه در ذات و صفات خود بي همتايي و اي قادري كه خدايي را سزايي و اي خالقي كه گمراهان را راهنمايي.

«Ո՜վ ողորմած, որ բարիքների բաշխող ես, եւ ո՜վ իմաստուն, որ վրիպումների ծածկող ես։ Ո՜Վ հավերժական, որ ըմբռնումից վեր ես եւ ո՜վ միակ, որ էությամբ ու շնորհով անընկեր ես։ Ո՜վ կարող, որ աստվածության արժանի ես, եւ ո՜վ ստեղծող, որ մոլորյալներին ուղեկցող ես»։

Այս հատվածում ակնհայտ է ոճական եւ իմաստային սերտ ընդհանրությունը Նարեկի հետ, որը կասկած չի թողնում, որ այդ երկուսը ունեն ներշնչման մի աղբյուր, որը կարող էր լինել արաբական։

Այստեղ մեզ հաջողվեց բացի օժանդակ բայերից հանգավորել բաշխող-ծածկող, վեր-անընկեր, կարող-ստեղծող վերադիրները որպես սաաջի նմուշ։ Նարեկում դա կատարվում է գրեթե բացառաբար օժանդակ բայերով կամ բայական վերջավորութիւններով, իսկ Անսարին եւ Սաադին ստեղծում են ավելի բարդ հանգեր։

 

Փա՛ռք տառապանքին

Անցյալ դարասկզբի միստիկ բանստեղծ Վահան Տերյանը հաստատում էր.

Ես տառապանքս բախտ եմ համարում

Եւ ծիծաղում եմ ձեր բախտի վրա։

Տառապանքի փառաբանությունը կարելի է ասել բոլոր միստիկներին իրար միացնող օղակն է։ Նրանք բոլորն էլ Աստծո տված տառապանքը համարում են գերագույն երջանկություն, ինչպես Հոբը Հին Կտակարանում։ Ահա Գր. Նարեկացին.

«Արդար ես դու միշտ քո դատաստանում,

Թե մատնես մահի, իրավ կլինես,

Թէ դատապարտես՝ այժմ իսկ այստեղից հենց սկսելով

Կշտամբանքները քո առողջական,

Ճշմարիտ կլինի հատուցումը քո։ (Բան ԺԹ. Բ.)

իսկ Մեւլանան այսպես է դիմում Աստծուն.

«Տե՜ր, քո տված տառապանքը քաղցր է բոլոր հաճույքներից,

Քո վրեժը սիրելի է կյանքից, հոգուց ու աշխարհից

Հառաչում եմ ու վախենում, որ հառաչիս կհավատաս,

Ու գթալով ինձ կզրկես իմ այս քաղցր տանջանքներից»։

Միստիկի ամենանվիրական զգացումներից մեկը, որը տարբերում է նրան սովորական մահկանացուներից կամ հավատացյալներից այն է, որ նա Աստծուն դիմում է ո՛չ թե որպես այս կամ այն բարիքի բաշխող, այլ որպես ամեն չար ու բարուց եւ դրախտ ու դժոխքից վեր կանգնած անշահախնդիր սիրեցյալ։

Նարեկացի՝

Ոչ թե անձկությամբ իր պարգեւների

Համար եմ նրան այսպես պաղատում

Այլ հենց ի՛ր իբրեւ բուն կենդանության,

Ոչ թե շնորհի, այլ շնորհատվի

Կարոտով եմ ես այրվում շարունակ։ (Բան ԺԲ.)

Անսարի՝

Քեզնով հարբած, գինուց, գավից ազատ եմ.

Ես քո հավքն եմ, կուտ-թակարդից ազատ եմ,

Քաաբեում, թե կռանում նպատակս դու ես դու,

Թե չէ ես այս երկուսից էլ ազատ եմ։

Համեմատությունների եւ ընդհանրությունների այս շղթան կարելի է անվերջ երկարել, իսկ դրանք վկայում են միստիցիզմի մասին, որպես աշխարհիկ չար ու բարուց վեր կանգնած տիեզերական սիրո ու բարության գաղափարախոսության մասին։

Անուրանալի է, որ դավանաբանական, ռազմական եւ քաղաքական հակամարտությունները դարերի ընթացքում ստվերել են այս տիեզերական սիրո ճառագայթը եւ մղել ու դեռ կարող են մղել ուրացումների, մինչդեռ ճշմարտության անարատ ակունքը մեկ է եւ այն ճաշակած հոգիները Մեծն ՀաՖեզի հետ մեզ պատգամում են.

Յոթանասուներկու ազգ ու ցեղերի,

Կռվշտոցն ու պատերազմը դու ներիր,

Ճշմարտության լույսը՝ քանզի, չտեսան,

Խելք ու միտքը տվեցին պատրանքներին։

Ավելացնենք, որ մեր նշած ընդհանրությունները ոչնչով չեն նսեմացնում Նարեկա հսկայի հզոր հանճարը։ Այլ դրանք ապացուցում են, որ Գր. Նարեկացու ստեղծագործությունը եւ հատկապես «Ողբերգութեան Մատյանը» ընդգրկումների տիեզերական ծավալով, հոգեբանական թափանցումների խորությամբ, լեզվի եւ ոճի անօրինակ հարստությամբ իր բացառիկ տեղն է գրավում համաշխարհային գրականության մեջ, որպես  միստիկական մտածողության  բարձրագույն արտահայտություններից մեկը։

Այն մեծ համարձակությամբ անցնում է մեր նշած նմանատիպ աղոթագրքերի շատ, թե քիչ սխեմատիկ սահմանները, թե ճանաչողական եւ թե գեղարվեստական առումով եւ արժանի է ավելի մեծ ճանաչման եւ արժեւորման, որից պետք է խոստովանել զրկվել է միայն հայերեն գրված լինելու պատճառով։

 

 در گفتار نهم، بند الف فغان نامه و آيه  27 سوره لقمان از قرآن کريم مشاهده مي شود که مشکل بتوان آن را امري تصادفي به شمار آورد.

 

 

 © 2021  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: