Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

ՕՄԱՐ ԽԱՅՅԱՄ 2007, Սպահան, հրատ. «Թահղիղաթե նազարի», 201 էջ, տպաքանակ 2000:Հրատարակվել է Տեր և Տիկին Հրաչ և Էլվին Միրզախանյանների մեկենասությամբ:Թարգմանված են պարսկական վերածնության (10-11-րդ դար) խոշորագույն ներկայացուցիչ` փիլիսոփա, գիտնական և բանաստեղծ՝ Օմար Խայյամի 195 քառյակները:Ներառված են թարգմանված քառյակների բնագրերը:Առաջաբանը և ծանոթագրությունները գրել է Ա. Մաթյանը:   Անուշաբույր ու կաթնաթույր, տեր իմ, դու ես արարել ինձ,Գեղահասակ, նման բարդու ու նոճու ես արարել ինձ,Բայց այնպես էլ չհասկացա, աշխարհի ճոխ այս խնջույքում,Ո՜վ նկարիչ արարչագործ, թե ինչո՞ւ ես արարել ինձ։  Սիրտ իմ այս մութ առեղծվածի պատասխանին չես հասնի, չէ,Կորովամիտ իմաստունի միտք ու բանին չես հասնի, չէ,Քանի դեռ կաս կյանքը դրախտ դարձրու գինով անապական,Վերին դրախտ, ի՞նչ իմանաս, կհասնե՞ս թե՞ չես հասնի, չէ։  Գինին հալած հակինթ՝ սափորը հանք է,Թասը մարմին, գինին հոգի ու կյանք է,Գինով լեցուն բյուրեղ բաժակն այս ժպտունԱրյուն սրտից արտասուքի հոսանք է։  Թող անցավոր այս աշխարհի լավ ու վատը, սիրելիս,Չտխրեցնի թող քեզ կյանքում քիչ ու շատը, սիրելիս,Մի ձեռքումդ գինու թասը, յարի վարսը մյուսում,Ուրախ ապրիր, սա է միակ իմ խրատը, սիրելիս։  Գինի խմիր, հավերժական կյանք է դա,Ջահելության ու հաճույքի հանք է դա,Կրակի պես թե այրում է, բայց հոգուՎիշտը մարող աղբյուրի սահանք է դա։  Նախքան մահը գլխիդ իջնի գիշերով,Ասա՛ կարմիր գինի բերեն շիշերով,Դու ոսկի չես, լավ իմացիր, սիրելիս,Որ թաղեն ու կրկին հանեն, հիշելով։  Մենք ենք ակունքն ուրախության, վշտերի,մենք հիմունքը արդարության ու չարի,Մենք վար ու վեր, մենք կատարյալ ու թերի,Ջամի ջամն ու ծուռ հայելին եթերի։  Ելի՛ր, սաղի, բացվել են վարդ ու շուշան,Ծաղիկ քաղի՛ր, բեր գինու թասն ու շուշան,Այս բոլորը մեկ շաբաթում կդառնանԾաղիկը՝ հող, տերևները չոր խաշամ։  Բույր ու գույնի գերին լինել, մինչև ե՞րբ,Գեղ-անգեղի նախշը հինել, մինչև ե՞րբ,Անմահական Զամզամ աղբյուր էլ լինես,Հող կմտնես, պատրանք շինել մինչև ե՞րբ։  Աներևույթ պտույտի մեջ այս անսահման տիեզերքի,Ուրախ սրտով գինի խմիր, ժամանակներն են անհոգի,Ու երբ հերթը քեզ գա մի օր, մի հառաչիր վհատորեն,Սա մի գավաթ է, սիրելիս, որ ամեն մարդ պիտ ճաշակի։  Աշխարհն առանց գինի ու յար ոչինչ արժե,Առանց երգ ու առանց քնար ոչինչ արժե,Ինչ նայում եմ խառն ու խռով ժամանակին,Հաճույքներից հեռու մնալ ոչինչ արժե։  Մի ռենդ տեսա, ժամանակի նժույգն հեծած մի այրուձի,Ո՛չ հեթանոս, ո՛չ մուսուլման, ո՛չ մզկիթ, ոչ եկեղեցի,Ո՛չ իրավունք, ճշմարտություն, ո՛չ շարիաթ, ոչ էլ օրենք,Երկինք, երկիր, ո՞ւմ է տրված այսպիսի սիրտ մի առյուծի։  Ե՛կ անցողիկ այս աշխարհի հոգս ու ցավը մոռացիր,Նստի՛ր մի պահ երգ ու գինով ուրախացիր ու անցիր,Ուխտադրուժ կյանքը եթե հավատարիմ էլ լիներՀերթը երբեք ուրիշներից քեզ չէր հասնի, իմացի՛ր։  Ելնեմ ճամբես թեքեմ դեպի գինետուն,Մաքուր գինով դեմքս անեմ վարդի գույն,Այս հարցասեր խելքս գինով ողողեմ,Մինչև թողնի իմ օձիքն ու մտնի քուն։  Սի՛րտ իմ, դրախտն ու դժոխքը ո՞վ է տեսել,Այն աշխարհի շողն ու շողքը ո՞վ է տեսել,Հույս ենք կապում ու տագնապում մենք մի բանից,Որի գովքը ու նզովքն ենք միայն լսել։  Երբ ես մեռնեմ իմ աճյունը հող արեք,Իմ վիճակը ձեր ականջին օղ արեք,Մարմնիս հողը մաքուր գինով շաղեցեք,Իմ շաղախից կժի կանթ ու փող արեք  Երբ ես մեռնեմ ինձ գինով ողողեցեք,Գերեզմանիս մաքուր գինի հեղեցեք,Եթե վերջին դատաստանին ինձ փնտրեք,Հենց գինետան դռան հողը պեղեցեք։  Մենք խաղալիք, տիեզերքը խաղամոլ,Մի պահ այստեղ վազվզեցինք խաղալով,Ապա, լսի՛ր, ճշմարիտը թե կուզես,Ունայնության սնդուկ մտանք կաղալով։  Ա՜խ երանի մի տեղ հասնել լիներ գեթ,Հանգրվանը հեռու տեսնել լիներ գեթ,Հարյուր հազար տարի հետո այս հողիցԽոտի նման նորից բուսնել լիներ գեթ։  Երկնասլաց պալատների պարսպի տակ ամրակուռԱրքաներն են քնած հիմա, թողած գահերը թափուր,Ատամնավոր աշտարակին տեսա թառած մի ուրուր,Ձայն էր տալիս տարակուսած. «Ու՞ր են, ու՞ր են, ախ ու՞ր, ու՞ր»  Տառապանքը աչքիս լույսը առավ, սաղի,Ժամանակը մազիս գույնը տարավ սաղի,Ճերմակ մազով քո թունդ գինուց երբ հարբեցի,Աչքս բացվեց, սիրտս գարուն դառավ, սաղի։  Առանց գինու կյանքս մաշել չեմ կարող,Մարմնիս ծանըր բեռը քաշել չեմ կարող,Ծառա եմ ես այն վայրկյանին, երբ սաղինԱսի՝ մեկ էլ խմիր, ասեմ՝ չեմ կարող։  Մեհյանի ծուխ, մզկիթի լույս մինչև ե՞րբ,Դժոխքի ահ, դրախտի հույս մինչև ե՞րբ,Թե ամեն բան սահմանված է ի վերուստ, Այսքան վարանք ու տարակույս մինչև ե՞րբ։  Նրանք, ովքեր սավառնեցին իմացության ոլորտներում,Որ մոմի պես լույս սփռեցին իմացության ոլորտներում,Ելք չգտան մութ գիշերից ու քուն մտան պատրանքներովՄի առասպել լոկ հյուսեցին իմացության ոլորտներում։  հիմա, երբ հին խնդությունից քեզ երանին մնաց միայն,Որպես հասուն մի սրտակից, տհաս գինին մնաց միայն,Ոչ մի բանի ձեռք մի զարկի ուրախության սափորից զատ,Մյուս ձեռքում երբ գավաթի սպեղանին մնաց միայն։  Թեկուզ հարբած, իր գավաթը, չէ ՛ ,  չի՛ փշրում ո՛չ մի գինով,Որ անծանոթ մի կավագործ շաղախել է այնքան սիրով,Իսկ աննման այսքան գլուխ, ու հասակներ գեղաքանակՈ՞վ է սիրով իրար կցում, ո՞վ է ջարդում այսքան քինով։  Չէի խնդրել, տվիր ինձ կյանք, բայց ինչու՞,Մի կյանք կարոտ ու անրջանք, բայց ինչու՞,Հեռանում եմ հիմա կյանքից ակամա,Եկանք, եղանք ու հեռացանք, բայց ինչու՞։  Այս կուժն ինձ պես սիրուց խփված խև է եղել,Խև մազերից գերված, օրը սև է եղել,Կեռած կանթը, որ տեսնում ես նրա վզին,Մի սիրունի վզովն ընկած թև է եղել։  Ծաղկաթերթին գարնանային հովն է լավ,Կանաչներում յարի տաքուկ քովն է լավ,Երեկն անցավ, երեկները մոռացիր,Քանի դեռ կանք այսօրն ու այս նորն է լավ։ 

 © 2020  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: