Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

 

Կառուցաբանութիւն

 

Ստրուկտուրալիզմ

 

Կառուցաբանութիւնը 20-րդ դարի 60-70 ական թւականների ամենատիրական մտաւոր ուղղութիւնն է Ֆրանսիայում և այլուր: Գլխաւոր դէմքերն են Ֆերդինանդ Դը Սոսյուրը, Կլոդ Լևի Ստրոսը, Ռոման Եակոբսոնը, Ցւետան Թոդորովը, Ժերար Ժենետը, Ռոլան Բարտը, Նորտրոպ Ֆրայը և ուրիշներ:

Կառուցաբանութիւնը նախ և առաջ մի ճանաչողական տեսութիւն է, որը հաստատում է մարդկային մտածողութեան սկզբնական և անխախտ կառոյցների գոյութիւնը: Այդ կառոյցները ընդհանուր են և տիեզերական և, անկախ դրանց առանձին դրսևորումների թւացեալ բազմազանութիւնից, միակերպ ու կրկնւող: Հետևաբար  կառուցաբանի նպատակն է  ի յայտ բերել այդ ընդհանուր կառոյցները, մեկնելով դրանց առանձին կերպաւորումների վերլուծութիւնից:

Հետաքրքիր է, օրինակ. բանահիւսական մտածողութեան, նրա տարբեր տեսակների ժանրային և ոճական առանձնայատկութիւնների նմանութիւնն ու կրկնութիւնը, ո՛չ միայն առանձին, կամ հարևան, այլ նաև միմեանց հետ ոչ մի հեռաւոր, թէ անմիջական կապ չունեցող ժողովուրդների և մշակոյթների ստեղծագործութիւնների միջև: Եւ պատահական չէ, որ  կառուցաբաններից շատերը, որպէս ուսումնասիրութեան հումք, պիտի նախընտրէին մշակութային-հասարակական նախնական կառոյցները, յատկապէս լեզուն, առասպելը, հէքիաթը և այլն:

Այս իմաստով դասական նախահիմք է համարւում ռուս ազգագրագէտ Վլադիմիր Պրոպի «Հրաշապատում հեքիաթների տիպաբանութիւնը» գիրքը (1928): Ուսումնասիրելով 100 ռուսական հեքիաթ, Պրոպը փաստում է, որ դրանք կազմւած են 31 տեսակի գործողութիւններից, որոնք իրագործում են ութ տիպական անձինք՝, եօթ տիպական իրավիճակներում:

Հետագային նոյն սկզբունքով կատարւել են նաև այլ դասակարգումներ, որոնցից առաւել նշանակալիցը Ֆրանսացի Լևի Ստրոսի դիցաբանական պատումների համեմատական տիպաբանութիւնն է: Ստրոսը գտնում է, որ դիցաբանական դրւագները (կառուցւածքային միաւորները) նման են լեզւական նւազագոյն միաւորներին (հնչոյթ), որոնք իմաստաւորւում են միայն որոշակի քերականական փոխհարաբերութեան մէջ՝ կազմելով ձևոյթներ, բառեր, նախադասութիւններ, ուստի և հնարաւոր է և անհրաժեշտ գտնել այդ պատումային տարբերակների բաղադրման «քերականութիւնը» առանց, որի հնարաւոր չէ պարզել առանձին դրւագների բուն իմաստը:

Կառուցաբանները ընդհանուր առմամբ որևէ մարդկային գործունէութիւն համարում են լեզւական համակարգի մի իրակում և փորձում են մարդկային երևոյթները վերլուծել ըստ լեզւի մէջ գործող օրէնքների, որոնք առնւազն տւեալ ժամանակաշրջանի համար անխախտ են և կանխագոյ:

Այսպէս, օրինակ՝ ամբողջ Սասունցի Դաւթի և Մսրա Մելիքի կռիւը «Դաւիթը սպանեց Մելիքին» նախադասութեան ծաւալուն պատումն է, ինչպէս և Րաֆֆու «Սամւելը» ծնւել է մէկ նախադասութիւնից, որն էլ եզրափակում է վէպը. «Այն թուրը ( Սամւելը), որ սպանեց դաւաճան հօրը, կսպանի նաև ուրացող մօրը»: Դեռ աւելին, այդ երկուսի հիմքում էլ ընկած է արիւնակցի՝ եղբօր կամ հօր սպանութեան թեման (Յիշենք որ Մսրա-Մելիքը Դաւթի եղբայրն էր հօր կողմից):

Կառուցաբանութեան հիմնադիրները համարւում են ռուս ֆորմալիստները, (1914-1930) (տես. Մեր յօդւածը «Հանդէս» 2-ում) իսկ մեթոդաբանական տեսակէտից այն ուղղակիօրէն առնչւում է Ֆ. Սոսյուրի լեզւաբանական տեսութեանը, որի հիման վրայ էլ ձևաւորւեց կառուցւածքային լեզւաբանութիւնը:

Այստեղ միմեանց հակադրւում են լեզուն և խօսքը: Լեզուն ընդհանուր, վերացական նշանային համակարգ է, իսկ խօսքը լեզւական առանձին արտայայտութիւն: Հետևաբար գիտական կանոնակարգման ենթակայ կարող է լինել միայն լեզուն, որի կանոնները ընդհանուր են, ոչ միայն նոյն լեզւի, այլ նաև մարդկային բոլոր լեզուների համար: Այնինչ իւրաքանչիւր տեքստ իւրահատուկ է և եզակի և միայն իր առանձնահատկութիւնների վերացարկումով կարող է առընչւել այլ տեքստերի հետ և համարւել, նամակ, վէպ, յօդւած և այլն:

Կառուցաբաններին այնքան էլ չի հետաքրքրում լեզւի և մտածողութեան նախնական կառոյցների ձևաւորման պատմութիւնը: Այս հարցին նրանք հակւած են տալու կենսաբանական պատասխան: Չոմսկին՝ օրինակ, խօսում է մարդու մօտ ի բնէ գոյութիւն ունեցող շարահիւսական կաղապարների մասին: Ըստ Եակոբսոնի յայտնի տեսութեան, մարդը ի բնէ առաջնորդւում է ճանաչողական երկու սկզբունքով՝ փոխաբերական և փոխանւանական: Այլ խօսքով մարդը իրերը ճանաչում է կամ դրանք համեմատելով միմեանց կամ դրանք հարաբերելով միմեանց հետ: Իսկ Լևի Ստրոսը փորձում է դիցաբանական կառոյցների վերլուծութեամբ հասնել մարդկային մտածողութեան ընդհանուր և բնածին տարրերի և դրանց փոխհարաբերության նախնական մեխանիզմների յայտնաբերմանը:

Կիրառելով վերոյիշեալ սկզբունքները կառուցաբանական գրականագիտութիւնը էապէս հակադրւում է աւանդականին:

Նրան հետաքրքրում է, ոչ թէ գրական տեքստի պատմական, կենսագրական, հոգեբանական, խոհական, բարոյական... բովանդակութիւնը, այլ լեզւական կառուցւածքը:

կառուցաբանի համար գրական տեքստը մի ամբողջական համակարգ է, որի բաղադրիչ մասնիկները պայմանաւորւած են և իմաստաւորւում են միմեանցով և ամբողջով և ոչ թէ իրենցից դուրս գտնւող մի իրականութեամբ:

Նման վերլուծութիւնը, ինչպէս լեզւաբանութեան մէջ, այնպէս էլ գրական տեքստի պարագային,կարող է կատարվել տարբեր՝ հնչիւնաբանական, ձևաբանական, շարահիւսական մակարդակներում: Սակայն եթէ լեզւաբանը իր գործը աւարտում է շարահիւսութեան, այսինքն նախադասութեան վերլուծութեան մակարդակում,ապա կսռուցաբան   գրականագէտը իր վերլուծութիւնը ծաւալում է ամբողջ տէքստի տարածքով, ոչ միայն հորիզոնական, այլ նաև ուղղահայաց առանցքով: Արդիւնքում նա յայտնաբերում է այն սահմանափակ թւով հէնքերն ու սխեմաները, որոնց տարբեր բաղադրութեամբ էլ հիւսւել և ընդմիշտ հիւսւելու են գրական այնքան բազմաձև ստեղծագործութիւնները:

Կառուցաբանական տեսակէտից իւրաքանչիւր գրող լեզւի սահմանափակ միաւորներից ստեղծում է այնպիսի համադրութիւն, որը   լինելով եզակի, գրողին և ընթերցողին փոխանցում է անսահման հնարաւորութեան, այսինքն ազատութեան պատրանք:

Կառուցաբանների, ինչպէս և Ֆորմալիստների մօտ կարևորւում է ոչ թէ գրողի ասելիքը կամ գրւածքի բովանդակութիւնը, ինչպէս աւանդական գրականագիտութեան մէջ, այլ խօսքի կազմակերպման գործընթացը գրողական արարքի մէջ: Այդ արարքը մի խաղ է լեզւի մէջ, որով գրողը ձգտում է կերտել իր ազատութիւնը լեզւի սահմաններում:                                           Կառուցաբանութեան խնդիրն է ի յայտ բերել գրողական խաղի կանոնները, գտնել խաղի մէջ մտնող միաւորնեը, ճշտել իւրաքանչիւրի բնոյթը դերը և սրանց   փոխհարաբերութիւնը տեքստի կազմաւորման մէջ: Եւ եթէ կայ բովանդակութիւն, ապա այն ոչ այլ ինչ է եթէ ոչ ազատութեան այդ խաղի ընթացքը, վերախաղարկւած և վերիմաստաւորւած իւրաքանչիւր ընթերցողի կողմից:

* *

*

 Բացառելով որևէ ենթակայական գնահատանք, կառուցաբանութիւնը ձգտում կամ հաւակնում է տեքստի գիտական վերլուծութեանը, ինչը և ենթադրում է որոշակի սխեմատիզմ (լեզւա-ոճական միաւորների նկարագրում և դասակարգում):

Խօսքային գործունէութեան ամենաընդհանրացւած սխեմաներից մէկը պատկանում է Ռոման Եակոբսոնին, ըստ որում, այդ գործունէութեանը մասնակցում են վեց գործօն : Դրանք են՝ 1-խօսողը, Ձ-ընկալողը, Յ-պատգամը, 4-բնագաւառը (contexte), 5-հաղորդակցութիւնը (contact), 6-պայմանականութիւնը (խօսողի և ընկալողի համար հասկանալի նշանային համակարգ՝ լեզու, code)

Խօսողը մի ինչ որ բնագաւառի մասին մի պատգամ է յղում ընկալողին օգտագործելով մի պայմանականութիւն (ընդհանրապէս երկու կողմին ծանօթ լեզու), իսկ հաղորդակցութիւնը կարող է լինել գրաւոր, բանաւոր, դէմ առ դէմ, հեռախօսային, և այլն:

Այս վեց գործօններից իւրաքանչիւրին առընչւում է լեզւի համապատասխան կերպ, համապատասխան դերակատարութեամբ: Այսպէս՝

1- Յուզական-արտայայտչական  խօսքը միտւած է խօսողին և արտայայտում է նրա ենթակայական վերաբերմունքը խօսակցի կամ խօսքի առարկայի նկատմամբ: Այս կերպով են արտայայտւում քնարական խօսքը, ներքին մենախօսութիւնը և այլն:

2- Յորդորական կերպը միտւած է ընկալողին և ձգտում է ներգործել նրա վրայ, քաջալերել, արգիլել, շոյել, ծաղրել, մեծարել, ստորացնել և այլն:

3- Ճանաչողական խօսքը միտւած է խօսքի բնագաւառին որով խօսողը ընկալողին է փոխանցում որևէ տեղեկութիւն խօսքի առարկայի մասին (նիւթ կամ բովանդակութիւն):

4- Հաղորդական կերպը միտւած է հաղորդակցութեանը, որով խօսողը փորձում է սկսել, պահպանել կամ աւարտել հաղորդակցութիւնը (Ալօ, այսպէս, ուրեմն..., ձեզ մի բան ասեմ..., այսքանը...):

5- Ստուգողական կերպը միտւած է պայմանականութեանը, երբ խօսողը փորձում է ճշտել, թէ ընտրւած լեզուն (կոդը) ընկալելի է խօսակցի համար, թէ ոչ(Հասկանում է՞ք, լսում է՞ք, կարողացա՞յ հասկացնել...)

6- Գեղարւեստական կերպը միտւած է պատգամին, դա այն պարագան է, երբ խօսողի կամ գրողի ուշադրութեան կենտրոնում ինքը խօսքն է՝ պատգամը կամ, ինչպէս ընդունւած է ասել, արտայայտութեան ձևը, արւեստը, ոճը:

Վերը ընդգծւած հասկացութիւնները վերածելով սխեմայի Եակոբսոնը առաջարկում է հետևեալ աղիւսակները:

 

բնագաւառ

 

(առարկա, նիւթ)

ընկալող

 

(լսող, ընկալող)

պատգամ

 

(խօսք)

խօսող

հաղորդակցութիւն

պայմանականութիւն

 

որին համապատասխանում է կերպերի հետևեալ աղիւսակը

 

ճանաչողական

հորդորական

գեղարւեստական

յուզական

հաղորդական

ստուգողական

 

Նկատի ունենալով, որ գրականութեան պարագային, հաղորդակցութիւնը կատարւում է  գրաւոր և ուղղւած է լեզուն իմացողին ուստի սխեման կարելի է աւելի պարզեցնել ըստ հետևեալի

 

նիւթ

ընթերցող

գրող

գրւածք

 

Առաջարկելով այս պարզեցւած սխեման Ռաման Սելդընը դասակարգում է. Օրինակ, գրականագիտական ուղղութիւնները ըստ յիշեալ գործօններից որևէ մեկի նկատմամբ նրանց ցուցաբերած ուշադրութեանը: Այսպէս՝.

Գրողի անձնական կեանքի վրայ հիմնւում են առաւելաբար ռոմանտիկական դպրոցի գրականագէտները:

Նիւթին կարևորութիւն են տալիս ռեալիստները:

Ի դէպ յիշեալները համարւում են աւանդական հոսանքներ: Իսկ առաւել նոր հոսանքները իրենց ուշադրութիւնը սևեռում են գրւածքի ձևի (ֆորմալիզմ,ստրուկտուրալիզմ...) և ընթերցողի վրա: վերջիններս օրինակ պնդում են, որ ընթերցողը իւրովի վերծանում է գրւածքը և, որ նրա անհատական ընկալումը գրւածքից ոչ մի կապ չունի գրողի հաւանական նպատակների հետ:

Նոյն սկզբունքով կարելի է դասակարգել նաև գրողներին, գրական ժանրերն ու սեռերը և այլն: Կան գրողներ, որ գրում են իրենց մասին և իրենց համար: Հակառակը այն գրողներն են, որոնք գրում են ընթերցողների որոշակի դասի կամ խմբի համար և, ինչպէս ասում են, ունեն իրենց հասցէատէրը:

Նոյնպէս միմիանց հակադրւում են այն գրողները, որոնց համար կարևորը բովանդակութիւնն է և նրանք, որոնք կարևորում են ձևը կամ, այլ խօսքով, գրում են գրողական արարքի մասին: Սրանց համար գրւածքը խօսում է ինքն իր մասին,պեղում է իր էութիւնը:

Լսի՛ր, աստւա՜ծ իմ... քեզ հետ հայերէն եմ խօսում, հասկանու՞մ ես, հայրդ մահամերձ է, իսկ դու...:

Այս պարբերութեան նիւթը խօսակցի հօր մահամերձ լինելն է (առօրեայ, կենցաղային բնագաւառում), իսկ միւս նախադասութիւնները կատարում են այլ դերեր: «Լսի՛ր»-ը հորդոր է ուղղւած լսողին, «Աստւա՜ծ իմ»-ը խօսողի յուզական բացականչութիւնն է և տեղեկութիւն է փոխանցում նրա ներքին տագնապի մասին, «քեզ հետ հայերէն եմ խօսում»-ը ակնարկ է յաղորդակցութեան միջոցին, իսկ «հասկանու՞մ ես»-ը փորձում է ստուգել, արդեօ՞ք հաղորդակցութիւնը կայանում է, թէ ոչ, իսկ այս կերպերի համադրութիւնը արտայայտում է խօսողի տագնապը և լսողի անտարբերութիւնը բուն նիւթի նկատմամբ: Այս կառոյցով խօսողը ոչ միայն փոխանցում է տեղեկութիւն լսողի հօր մահւան մասին, այլև փորձում է խթանել նրա յուզական վերաբերմունքը տրւող տեղեկութեան նկատմամբ, այլ խօսքով բերւած պարբերութեան պատգամը շատ աւելին է քան նրա բուն նիւթը: Իսկ այդ պատգամը ձևակերպւում է խօսքի զանազան և սահմանափակ կերպերի համադրութիւնից:

Կառուցաբաններին հետաքրքրում է նաև գրական ժանրերի կառուցւածքային իւրայատկութիւնները՝ փոքր թէ ծաւալուն ժանրերում մասերի և ամբողջի փոխհարաբերութիւնը, տեքստի ծաւալման տրամաբանութիւնը:

Ըստ բնոյթի տեքստի կազմաւորմանը կարող են մասնակցել պատմողական-նկարագրական, խոհական-մեկնաբանական, պատկերաւոր (այլաբերական), նմանողական (պարոդիա, ոճաւորում), արժեւորող-գնահատական, յուզական-արտայայտչական խօսքային տարրեր: Խօսքը կարող է լինել ուղղակի, անուղղակի, երկխօսութիւն, մենախօսութիւն և այլն:

Առանձնապէս կարևորւում է նաև ընտրւած տեսանկիւնի խնդիրը: Ու՞մ տեսանկիւնից է ներկայացւում խօսքի առարկան, միակ ամենագէտ պատմողի կողմից, թէ տարբեր կերպարների տեսանկիւնից, պատմողը նկարագրւող իրողութեան ժամանակակի՞ցն է, թէ՞ խօսում է անցեալի կամ ապագայի մասին: Խօսողը ներկայացւող իրողութեան անմիջական մասնակի՞ցն է, թէ՞ դրանք նկարագրում է դրսից, ի՞նչ հարաբերութիւն կայ պատմողի և միւս կերպարների միջև . լեզւական ի՞նչ միջոցներով է այն արտայայտւում...

Տեքստը կարող է զարգանալ և ծաւալւել. տամաբանական, հոգեբանական կամ խոհական պատճառականութեան սկզբունքով: Առաջինը յատուկ է պատմողական-արկածային գրւածքներին, երկրորդը՝ ներքին հոգեբանական պատումին, իսկ երրորդը խոհական-փիլիսոփայական գրութիւններին:

Խօսքը, իհարկէ, ոչ այնքան տարրերից մէկի բացարձակ, այլ համեմատական գերիշխանութեան մասին է:

Տեքստի ժամանակային զարգացումը կարող է լինել ժամանակագրական, այսինքն ըստ իրողութիւնների բնական յաջորդականութեան, շարժւել ժամանակի մէջ դէպի ետ կամ առաջ: Այստեղ ևս պատմողական-արկածային գրւածքներին առաւելաբար յատուկ է դէպքերի բնական յաջորդականութիւնը, մանաւանդ աւանդական ռեալիստական վէպերում, մինչդեռ հոգեբանական վէպին յատուկ է կտրուկ անցումների և անակնկալ զուգորդումների տրամաբանութիւնը, ինչպէս երազի մէջ: Ինչ վերաբերում է խոհա-փիլիսոփայական գրութեանը, ապա սրան առաւելաբար յատուկ է տեղի և ժամանակի  սահմաններից դուրս նետւելու ձգտումը:

Մոդեռնիստական գրականութեանը յատուկ է օրինակ յիշեալ երեք պատճառականութիւններից ձերբազատւելու և «մտքի» ենթագիտակցական հոսքին տրւելու միտումը:

Այն ըստ էութեան զանցումն է տեղի և ժամանակի մէջ թաւալւող իրականութեան, տրամաբանութեան և բնազանցութեան (մետաֆիզիկա):

Մեզ թւում է, որ եթէ ենթադրեալ նախակառոյցները իրապէս գոյութիւն ունենան, ինչպէս օրինակ «Լեգօ» խաղի խորանարդները, ապա կարելի է ենթադրել նւազագոյնը երեք տեսակի խաղացող: Առաջինը կարող է խորանարդները իրար միացնել քիչ թէ շատ պատահականօրէն (ասում ենք քիչ թէ շատ, որովհետև բացարձակ կամայականութիւնը լինում է մանկան և խելագարի մօտ) և ստեղծել ինչ որ զանգւած, որը կարող է նմանւել կամ չնմանւել որևէ այլ առարկայի, կարող է թւալ գեղեցիկ կամ այլանդակ...: Երկրորդը կարող է ընդօրինակել համապատասխան գրքոյկում տրւած որևէ առարկայ բացառելով ամեն պատահականութիւն: Երրորդը կարող է նոյն խորանարդներից յօրինել նոր առարկայ, այսինքն բոլոր հնարաւոր պատահականութիւնները քիչ թէ շատ որոշակի նպատակով համակարգելով կատարել ստեղծագործական աշխատանք:

Եթէ այս սխեմայի մէջ դասակարգենք գրող-արւեստագէտներին, առաջին խմբի մէջ կարելի է տեղադրել դադաիստներին, գերիրապաշտներին և առհասարակ մոդեռնիստական հոսանքներին, որոնց կէտ նպատակը բանականութեան, որ միևնոյնն է լեզւի բոլոր կաշկանդումներից ձերբազատւելն է ընդհուպ մինչև լեզւի աւերումը, ըստ. էութեան անհնարին ցանկութիւն, քանզի նրանք վերջին հաշւով գործում են լեզւի միաւորների (լեգոյի խորանարդների) տիրոյթում:

Երկրորդ խմբի սահմանը կրկնութիւնն է ընդհուպ մինչև պարզ պատճենումը, արտագրութիւնը:

Իսկ երրորդ խմբի ստեղծագործողին յատուկ է առաջինների անիշխանութեան և երկրորդների օրինապահութեան անհաշտ, անխուսափելի և յաւիտենական պայքարի մէջ մի նոր կարգ ու սարք հաստատելու ձգտումը, պարագայաբար և համեմատաբար հակւելով դէպի մէկը կամ միւսը: Մեզ թւում է որ հենց այս խմբի մէջ էլ պիտի որոնել տեղը գլուխգործոցների, որոնք, որպէս այդպիսին, այնքան էլ չեն հետաքրքրում կառուցաբան գրականագէտներին:

Ուրեմն, կարող է հարցնել ընթերցողը, ամբողջ գրականութիւնն ու արւեստը աննպատակ խա՞ղ է:

Գոնէ ուղղութեան հիմնադիր ռուս ֆորմալիստները այդպէս չէին մտածում: Նրանք գրական-գեղարւեստական պայմանական խաղերի մէջ տեսնում էին լեզվի արտայայտչական լիցքը հնարաւորին չափ բարձրացնելու, կրկնութիւնից մաշւած ու սպառւած լեզուն վերակենդանացնելու ձգտում, այնինչ կառուցաբանութեան որոշ ուղղութիւններ քննադատւել են գրականութիւնը մարդկային բովանդակութիւնից անջատելու, ձևի և բովանդակութեան փոխհարաբերութիւնը, ինչպէս նաև գրականութեան և առհասարակ հասարակական երևոյթների պատմականութիւնը ժխտելու մէջ:

Կառուցաբանների «գրական-գիտութիւն» ստեղծելու հաւակնութիւնները քննադատութեան են ենթարկւել նաև հենց նրանց ծոցից ծնունդ առած «յետ-կառուցաբանութեան» դիրքերից, որին կանդրադառնանք յաջորդի:

Այնուամենայնիւ անհնար է թերագնահատել կառուցաբան դպրոցի դերը գրական լեզւի և ոճի հիմնահարցերը բազմակողմանիօրէն լուսաբանելու տեսակէտից:

 

 

 

 

 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: