Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

  Լեզուն մարդն է, իսկ պետական լեզուն` պետությունը:  Հետևաբար պետականություն կերտող երկրի համար  կանոնակարգված և միավորող լեզվի մշակումը հույժ կարևոր ռազմավարական խնդիր է:  Արդ, ինչքանո՞վ է հայրենական լրատվական միջոցներից հնչող հայերենը պետական լեզու:  Գիրքը մի ակնարկ է նույն միջոցներից հնչող կանոնակարգված լեզվական խեղումներին:   1. Ո՞րն է ժամանակակից գրական հայերենը     Լեզուն հասարակական երևույթ է, ուստի նրանում կատարվող բոլոր գործընթացները, որոնք հասարակականտարբեր շերտերի գործունեության արդյունք են, առաջացնում են լեզվական տարբերակները, և լեզուն հակիմաստաբար (պարադոքս) իր՝ միավորողի դերի հետ մեկտեղ ձեռք է բերում տարանջատողի դերակատարություն: Ահա այստեղ էլ կարիք է զգացվում հասարակական «այլախոս » շերտերին միավորողմշակված և համակարգված մի տարբերակի, որը ընդունված է կոչել գրական լեզու, որն էլ իր համընդհանրության և կանոնարկվածության շնորհիվ ստանում է պետական լեզվի կարգավիճակ:   Արդեն մեկ դարից ի վեր ՀՀ սահմանադրությունը պետական լեզու է հռչակում հայերենը, ի մասնավորի՝ արևելահայ գրական լեզուն:   Մեզանում վիպասանից և բանաստեղծից, թատերագրից ու սցենարիստից պահանջվում է գրել բացառաբարգրական հայերենով, այնինչ գեղարվեստական գրականության լեզուն և պետական գրական լեզուն ունեն տարբեր գործառույթներ և հաճախ հակադիր սկզբունքներով են առաջնորդվում: Գեղարվեստական գրականության լեզուն այն միակ տարբերակն է, որն ընդգրկում է լեզվի տեղ–ժամանակային ամբողջականտարածքը՝ առանց սահմանափակման, և, ըստ էության, այս լեզվին է վերապահված ապահովել տվյալ ազգային լեզվի շարժուն բազմաձևությունը, կենդանի բազմաձայնությունն ու ազատ զարգացումը: Իսկ պետական լեզուն նույն գրական լեզվի այն, նույնպես միակ, տարբերակն է, որն ունի պետական– պաշտոնական կարգավիճակ և ի պաշտոնե կոչված է ապահովելու լեզվական համազգային միաձևություն,հարաբերական կայունություն և վերահսկելի կանոնակարգված զարգացում և դրանով իսկ ծառայելու պետությանը՝ որպես նրա հիմնական գործառույթների իրականացման գործիք:   Բայց ժամանակը մեզ թելադրում է մի այլ տեսանկյունից ևս դիտարկել գրական լեզու հասկացությունը:   Մեր օրերում հասարակական հաղորդակցությունը տեղի է ունենում հիմնականում էլեկտրոնային ցանցի,ռադիոյի և հեռուստատեսության միջոցով, որոնք տիրականորեն գրոհում են գրավոր լեզվի տիրույթները՝ի շահ բանավորի, ինչը ստիպում է հարց տալ՝ արդյո՞ք մեր գրական լեզուն և մանավանդ նրա գործածությունըպետական և պաշտոնական հարաբերություններում այսօր շարունակում է դրսևորվել հիմնականում գրավորձևով, թե՞, ընդհակառակը, այն հիմնականում արդեն իսկ բանավոր է: Անձամբ ինձ, ինչպես և Հայաստանովև հայկականով հետաքրքրվող շատ սփյուռքահայերի համար ոչ շատ վաղ անցյալում գրական հայերենին հաղորդակցվելու միջոցը սփյուռք առաքվող գրքերն էին և ինչ–որ չափով նաև ռադիոն, իսկ այսօր միշտ և ամենուր գերիշխող են համացանցն ու հեռուստատեսությունը: Բայց դժվարանում եմ հեռուստատեսության տարբեր ալիքներից հնչող հայերենի որևէ տարբերակ անվանելժամանակակից գրական, առավել ևս պետական լեզու:   Խոսքս սերիալների լեզվի մասին չէ, ոչ էլ առհասարակ ժամանցային ժանրերում խոսակցական և բարբառային տարրերի, ասել է թե բանավորի թանձր, թե նոսր ներկայության, քանզի սկզբունքորեն դա համարում եմ անխուսափելի և նույնիսկ անհրաժեշտ: Խոսքս օտարաբանությունների և օտարալեզու ցուցանակների մասին էլ չէ, որովհետև դրանց մասին շատ է խոսվում, և դրանք կարելի է ամենաանմեղ շեղումները համարել գրական հայերենի այն համակարգային խեղումների համեմատությամբ, որոնց ուզում եմ անդրադառնալ ստորև:   Խոսքս հեռուստատեսությամբ հանդես եկող մտավորական խավի լեզվի մասին է՝ հաղորդավարներից մինչև նախագահն ու վարչապետը, քաղաքական մեկնաբանն ու մշակութային գործիչը ևն: Իսկ ուրիշ ումի՞ց պիտի ակնկալել մշակված և կանոնակարգված խոսքի մակարդակ, եթե ոչ հիշյալ խավից, բայց խնդրո առարկա լեզուն, բացառությունները հարգելով, ըստ իս՝ շատ հեռու է պահանջվող մակարդակից, որովհետև այս լեզունևս հիմնականում բանավոր է և, հակառակ եղած փորձերին, դուրս է պետական– ակադեմիական վերահսկողությունից:   Հարկ եմ համարում ավելացնել, որ նշված խառնաբանության մեջ կան և միշտ հարգելի են ադամանդի պես փայլող բացառությունները (թե ավագ և թե միջին ու երիտասարդ սերնդի խոսքի մեջ), որոնք կարող են չափանիշ հանդիսանալ կիրթ և մշակված գրական հայերենի զարգացման համար:   Ստորև բերված օրինակները, որոնք առնված են վերջին տարիների հայաստանյան հեռուստատեսության տարբեր ալիքների (Հ1, Շանթ…) և տարբեր մարդկանց տարաբնույթ հաղորդումներից, կարող են վկայել, որ մենք, ցավոք, գործ ունենք ո՛չ թե լեզվական պատահական վրիպումների, այլ ընդհանրացած, ուստի և համակարգային աղավաղման համաճարակի, մի տեսակ «բյուրոմեդիական» ժարգոնի հետ, որն սպառնումէ անդառնալիորեն խեղել հայոց լեզվի տրամաբանական կառուցվածքը և իրեն պարտադրել որպես այդ լեզվիօրինակարգ:   Մեր գրառումները փորձել ենք դասավորել ըստ նկատված ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական բնույթի խեղումների:............... շարունակությունը կարդալու համար   սեղմել PDF տարբերակը։ 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: