Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

 

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐ

 

Մինչև անհորիզոն այս տափաստանը արմավենու ոչ մի

հովանոց, ամպի ոչ մի ստվեր:

Ավազե բլուրներն են միայն,իրենց ծփուն հավերժությանը վստահ,

ամուլ կոնքերը մոլեգին հովին տված գալարվում են ցոփ ու անկիրք:

 

Բլուրները գիտեն, ոչինչ չեն ծնելու,և ոչ մի սերմ, հեռու անտառներից

ծիլ չի դառնալու իրենց գիրգ ու գոլ արգանդում

 

Այստեղ հավերժական ծարավին ընտելացած

մացառներ հողմի մատների տակ բրածո վտառների

խայտանքն են սվսվացնում և ժայռերը, լերկ

կրծքերով, մոռացված անձրևների հիշատակն են լռում:

 

Չվող երամները վաղուց ի վեր չեն իջևանում այստեղ՝

ճահճուտը ճաքճքել է շոգից և եղեգները ածխացել են անշրշյուն:

Բոցաբաշ առյուծներ լափել են բոլոր լճակները

և հեռացել տոչոր:

 

Ո՜վ իմ մոլոր ուխտավորներ, ես այս գիշեր մի

զովասուն օվազիս կնկարեմ ձեր հոգնատանջ մղձավանջի

փոշոտ պաստառին,և օրորուն արմավենիների մի

սոսափ կսուլեմ ձեր ականջին, որ ննջեք:

Ես այս գիշեր մի հեքիաթ կհորինեմ հարուստ

կարավանի և հերոսական չավուշների մասին,որ սքանչանաք:

 

Տեղ-տեղ խարկված ու ավազածեծ կմախքներ են,

ուղտերի և մարդու:

Մեջքից դաշունահար այս կմախքի ուսերին

ծվատված մի ծիրանի է ծփում գունաթափ, և հողագույն

երկնքին հառած ակնախոռոչներում կարմիր մրջյուններ

են երթևեկում մշտնջենապես մունջ ու մշտնջենապես

վճռակամ:

Ավազների վհատ կախարդանքին հլու, արնաշաղախ

հիշատակներից հալածված, դեպի անհայտ հանգրվանն ենք

թիավարում, մեր ծվատված ծիրանին կախելով մրրիկների

կայմին, համբերանքի և համառության առագաստ որպես,

և միրաժներ ենք ըմպում իրար կենաց արնածոր ու անվավեր հաղթանակի

գինարբուքին, որ խումհարի լուսադեմին խամրող աստղի

խախտված կողմնացույցով կրկին ճանապարհ ընկնենք:

 

Ես այս գիշեր մի խաղաղ նավահանգիստ

կկառուցեմ միրաժների ափին և մի երգ կհյուսեմ

իջևանատներում տրվող սրսփուն  ջրահարսերի մասին:

Ես այս գիշեր սատափե ըմպանակով կգնամ այն

առյուծաձև արքայի երազին, որտեղ եղնիկներ են վարգում

խոնավ աչքերով և վարազներ վաղ լուսաբացին անուշ խռկոցով

ծաղիկ են արածում:

 

Այս  է, և այս է ամբողջը, ինչ ես կարող եմ ձեզ համար:

 

Ներբաններով  ընդարմացած և նվացող ողնաշարով

պառկել եմ երկնքի հողաշեն առաստաղի տակ և կոպերս

իջեցրել բովված բիբերիս վրա:

 

Ես այս գիշեր մի քաղաք կնկարեմ ձեր մղձավանջի

երերուն պաստառին և մի հեքիաթ կհյուսեմ հարուստ

կարավանի և հերոսական չավուշի մասին:

 

Ահ՜, ինչ գեղեցիկ է աշխարհը և ինչ ահարկու:

Մենք դա գիտեինք գեղեցիկ և ահարկու բառերը

հորինելուց առաջ:

Մենք հազար հորիզոն էինք անցել լուսաբացի ոսկեշող

դարպասներով և հազար խավարի ովկյան էինք ճեղքել մեր

նավերի ճիվաղակերպ ցռուկներով:

 

Խոստացված հանգրվանը դարանակալ գիշատիչների

որջ էր:

 

Լեռնագնաց մեր նավը մեկ անգամ ևս փշրվեց սեպացած

ժայռերի վրա:

Աղավնիները չվեցին խուճապահար:

Ագռավների մի պարս է թևածում մեր գլխին չարագուշակ

կռինչով, նեխող փորոտիքի ծվենը կտուցներին:

Հովիվները իրենց հոտի գերին էին, դեպի փարթամ ու

կուսական մարգագետիններ ուղևոր:

Ահա թե ինչու, նրանք ծնվում էին մսուրում, մարտիրոսացու

քուռկիկի գոլ շնչի տակ:

 

Եվ, ահա թե ինչու, ամեն ինչ վերստին փորձարկել է պետք:

Խաչ պիտի քաշել բոլոր փորձերի ու փորձանքների վրա:

Փորձառուներին պիտի խաչ հանել:

Նրանց քայքայվող լեշի մասունքներով սրբություն պիտի

առնել:

 

Լիալուսին է:

Պիտի պատրաստվել որսի:

Կիսամերկ նախնիները ըմպում են արևադարձային

նեկտարը և թաղկած ոտնաթաթերով դոփում են կրակի շուրջ:

Պայթելու չափ պրկված երակներում վրնջացող

երամակներ են վազում

Արյան առաջին գավաթը նահապետին:

Դեռ տաք մսի արյունոտ ու հում պատառը նահապետին:

 

Ամեն ինչ վերստին փորձարկել է պետք:

Եվ կարճել է պետք ճամբան թլպատումից մինչև

առագաստ:

Որդեսպանությունից մինչև հայրասպանություն:

Եվ եղբայրասպանությունից մինչև եղեռն:

 

Կասկածը և ահը պիտի թագցնել կասկածոտ ու

ահաբեկված մարդկանցից:

Պիտի խոսել սահուն, ինքնավստահ:

Պիտի հայհոյել հրապարակավ ամենահստակ հասցեով:

Պիտի լինել բացբերան, թափանցիկ, ցինիկ:

Պիտի ապավինել օսլայած օձիքներով փորձագետներին՝

մարդակերպ կապիկի բոլոր հրաշագործ ձիրքերով օժտված:

 

Պատրաստ:

Այստեղ է ամեն ինչ և մենք բոլորս այստեղ ենք,

հազարաբիբ հայացքների կիզակետում, մեր անվան առաջին

հնչյունների մոտ, մեր ցնծության ու ցավի ծաղկման սկզբում:

 

Էհե՜յ, հավատարիմներ և ուրացողներ և ուրանալով

հավատացողներ:

Տատանվողներ ու վճռակամներ և տատանվելով վճիռ

տվողներ:

Հուսավառվածներ և հուսախաբներ և անհուսորեն

հուսադրողներ

Ըմբոստացողներ և խոնարհվողներ և խոնարհվելով

ըմբոստացողներ,

Հեռացողներ ու վերադարձողներ. և վերադարձով

օտարացողներ,

Ծանրամարմիններ ու թեթևասահներ, կարծրացողներ

ու շոգիացողներ...

Եվ այստեղն ամեն ինչն է, ո՛ր եղել է (եթե եղել է):

Որ կա (եթե կա):

Եվ մենք բոլորս այստեղ ենք (եթե կանք):

Եվ մենք բոլորս պիտի այստեղ լինենք (եթե ուզում

ենք լինել):

 

Ծեծված արահետների վիրակապերը քանդած ծածանում

ենք փոշու և արևի մեջ սուրացող մորեխների դեմ:

Մոմ ու մամուռ բուրող այս վիրապի եզրին՝ ցամաքած

ջրհոր, որ յարության առասպելի մասունքներ է պատսպարում:

 

Ծունկի:

Երդման, թե՞ ուրացման պահն է հիմա:

Ճգնության քարայրը մնացել է անայցելու՝

Կիսավեր գավթում զանգերը հողմի դեմ գվվում են

անլեզվակ:

Կռտած աքաղաղի փետուրներով օրինակված

մագաղաթը  հորանջում է անատամ:

Թալանված դամբարանների բաց բերանից մեկ գիշերում

սնանկացած մարգարեների պատգամն է արձագանքվում:

 

«Անոթինե՛ր, բշտիկներով տաք լավաշ է փռել

հավերժությունը սեպ ժայռերին:»

«Ծարավինե՛ր, երանի ձեզ, շշալցման ոսկե շղթան ձեր

վզովն է փաթաթվելու:»

 

«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք: Լոյսի և խավարի

ամուսնության այս հանդեսին երազված անեությունն է

շատրվանելու:»

 

«Հավաքական մկրտությունը կատարվելու է

անվանափոխության տոնին, և ամենայն ինչ օծվելու է

գունազրկման կաթիլների ավազանում:»

 

«Ընտելացե՛ք անկշռության երանավետ արհավիրքին:»

 

Այդպե՜ս, այդպե՜ս:

Տեսնես այսօր մեր լուսաստղը ո՞ր կածանից պիտի ծագի:

Հանգիս՜տ, հանգիս՜տ:

Ին՜չ անուշ է նինջը ծեգին, անհորիզոն և անստվեր

տափաստանում:

 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: