ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ
ԶՈՐԱԿՈՉ
Հայե՛ր,
Հասկանում եք, գիտե՛մ,
Որ պատմությունը գրվում է այսօր, հիմա,
Հենց մեր` ի՛մ, քո՛, նրա աչքերի առջև:
Տեսնում եք, գիտե՛մ,
Որ աշխարհում նորից կռիվ է,
Հզորները կրկին ելել են,
Որ աշխարհը իրենց մեջ կիսեն-կիսկսեն:
Մտահոգվում եք, գիտե՛մ,
-Ի՞նչ է լինելու մեր բաժինը,
Ո՞րն է լինելու մեր ապագան-:
Դողում եք
Անցյալ բոլոր պատերազմներից մեզ մնացած
Փոքրիկ հայրենիքի,
Նրա սահմանները պահող յուրաքանչյուր
Երիտասարդ կյանքի վրա:
Եվ, զգում եք, գիտե՛մ,
Որ մտահոգվելը բավական չէ,
Խրիմյանի շերեփն ու հարիսայի կաթսան վկա…
Հիշե՛ք,
Այնտեղ է մեր հարցերի պատասխանը,
Թիկունք կանգնեք
Հայկական պետությանն ու
Հայոց բանակին:
Սա համազգային զորակոչ է:
Կամավոր գրվենք.
Չպարծենանք, որ մեր տվածը շատ է,
Չխեղճանանք, որ մեր տվածը քիչ է,
Եվ մանավանդ, չմտածենք, որ մեր` քիչը
ոչինչ է։
Ազատ Մաթյան
(Սեպտեմբեր 29, 2020)
© 2023 azadmatian.com